Համոզված չեմ, որ իմ կինը կասի «այո», բայց ես երեւի թե ասեմ «այո»

Համոզված չեմ, որ իմ կինը կասի «այո», բայց ես երեւի թե ասեմ «այո»

Դեկտեմբերի 6-ին՝ Սահմանադրության հանրաքվեին արդեն հաշված օրեր են մնացել, «այո»-ի եւ «ոչ»-ի քարոզարշավը մոտենում է ավարտին, եւ մնում է սպասել արդեն արդյունքներին։ Բանաստեղծ Հենրիկ Էդոյանն առանձնապես չի էլ հետաքրքրվել Սահմանադրության նոր հայեցակարգով, միայն մի բան գիտի, որ ոչ մի սահմանադրություն մեր վիճակը չի փոխի, քանի դեռ չեն փոխվել ժողովրդի, մարդու գիտակցությունն ու հոգեբանությունը, դրանից հետո միայն կփոխվի սահմանադրությունը. «Այս ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ աշխարհի լավագույն սահմանադրությունն էլ բերես, էլի չի աշխատի, որովհետեւ ամեն ինչի հիմքում մարդն է։ Իսկ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում»։ Իսկ թե ինչ է պետք անել մարդկանց բարոյահոգեբանական վիճակը փոխելու համար, ապա. «Պետք է ընդհանուր կրթություն եւ մի քիչ արդարության զգացում մտնի մարդկանց մեջ, կրթությունը կարեւոր բան է։ Այստեղ լավ-վատ ապրելու հարց չէ, եղել են ժամանակներ, որ մարդիկ ավելի վատ են ապրել, բայց այսպիսի դժգոհություն չի եղել»։ 



Կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը նույնպես շատ չի խորացել նոր Սահմանադրության մեջ, բայց ընդհանրապես ցանկացած հարցում ինտուիցիայով է առաջնորդվում, եւ քանի որ ստաբիլությունն իր համար ավելի կարեւոր է, հնարավոր է, որ Սահմանադրությանն «այո» ասի. «Համոզված չեմ, որ իմ կինը կասի «այո», բայց ես, երեւի թե, ասեմ «այո»։ Դեռ մի քանի օր կա, տեսնենք ինչ-որ բան կփոխվի՞, թե՞ չէ, բայց, բոլոր դեպքում, ինձ թվում է, որ ստաբիլությունն այս պարագայում մեզ համար ավելի կարեւոր է»։ Նկատեցինք, որ Երզնկյանի մատնանշած ստաբիլությունը հենց այս նոր Սահմանադրության մեջ չկա, փոխարենը փոփոխություններն են շատ, հենց, օրինակ, կիսանախագահականից խորհրդարանականին անցումը։ «Այդ ամեն ինչը հասկանալի է, բայց դե, պառլամենտական իշխանությունը վատ բան չէ, ես չեմ համարում, որ դա վատ բան է, եւ ամենակարեւորը դա չէ՝ պառլամենտական է, թե պրեզիդենտական, ամենակարեւորը՝ որ աշխատի, եւ ղեկավարները նորմալ մարդիկ լինեն։ Դա է կարեւոր, հիմա Սահմանադրությունը չեմ կարծում, թե այդքան մեծ տարբերություն կա դրա մեջ, չնայած պառլամենտականի մեջ չեմ գտնում, որ վատ բաներ կան, բայց քանի որ շատերը ավելի շատ են, որ Սերժ Սարգսյանը շարունակի ղեկավարել, մենակ դա է ինձ համար ստաբիլության երաշխիքը։ Ուրիշ ոչ մի բան, ես մնացած շատ բաների մեջ չեմ ուզում խորանալ»,- իր խոսքը եզրափակեց Երզնկյանը։



Կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանն ընթերցել է եւ ծանոթ է նոր Սահմանադրությանը ու կարծում է, որ ճիշտ է Սահմանադրությունը հանրաքվեի դնելը. «Վերջին հաշվով, ամենախելոքը պետք է ժողովուրդը գտնվի, ոչ թե առանձին անձեր, եւ ամսի 6-ին ժողովուրդը ճիշտ ձեւով կգնահատի, թե ոչ, կավարտվի դա «այո»-ով, թե «ոչ»-ով, ես չեմ կարող ասել, բայց ժողովրդի ընտրությունն ինձ համար կլինի որոշիչ»։ Չաուշյանը, անդրադառնալով «ոչ»-ի հանրահավաքներին, նշեց, որ ամեն ինչ հանրահավաքներով չի որոշվում, եւ այն, որ ժողովրդի վիճակը լավ չէ, գաղտնիք չէ, եւ ոչ ոք չի կարող ժխտել. «Այս վիճակում ժողովուրդն էլ հենց պետք է որոշի, թե ինչպես է վարվելու, որն է ավելի ճիշտ։ Ժողովրդի մեջ կան եւ խելոք մարդիկ, եւ ոչ այնքան խելոք, բայց հավաքական ուժը, կարծում եմ, կանի ճիշտ որոշում։ Ամեն սահմանադրություն կարեւոր է իր կատարմամբ, ես չեմ կարծում, որ նախորդ սահմանադրությունը լիովին կատարվում էր։ Եթե սահմանադրությունը կատարվի, կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի, բայց չեմ կարող համոզմունք հայտնել, որ սահմանադրության թե հինը, թե նորը տառ առ տառ կկատարվի այնպես, ինչպես գրված է»։ Ինչ վերաբերում է իր անձնական տեսակետին, ապա դեկտեմբերի 7-ին նոր կարող է ասել՝ «այո՞» է ասել նոր սահմանադրությանը, թե՞ ոչ։