ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դեռ պետք է ձևավորվեն որպես ՀՀԿ-ին արժանի ընդդիմություն

ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դեռ պետք է ձևավորվեն որպես ՀՀԿ-ին արժանի ընդդիմություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ հանրաքվեից հետո բազմաթիվ կեղծիքների և ընտրախախտումների մասին բարձրաձայնող ընդդիմությունն այլ ելք չուներ։



«Դուք ի՞նչ եք կարծում՝ ընդդիմությունն այլ ելք ունե՞ր։ Քանի որ չունի որևէ պատճառաբանություն, բնականաբար, ինչ-որ ձև պետք է գտնեին, որպեսզի արդարացնեին իրենց այս ամիսների բարձրացրած խնդիրները և, բնականաբար, բոյկոտի ձևն են ընտրել։ Եվ եթե դուք ուշադիր նայեք բողոքների քանակը, որևէ մեկ անգամ չի եղել նմանատիպ ընտրություն, որ նման քիչ քանակությամբ, այն էլ իրենցից մեծ բարդություն չներկայացնող խախտումների մասին են իրենք արձանագրել։ Ընդ որում՝ պետք է ասեմ, որ դեռ պետք է ուսւմնասիրվի՝ այդ խախտումներն իրականում ովքեր են կատարել, գուցե դրանք պորովոկացիաներ են եղել»,-ասաց նա՝ նշելով, որ շատ խիստ հանձնարարական կա, որ իրավապահները պետք է մանրակրկիտ ուսումնասիրեն դրանք։



Hraparak.am-ի հարցին՝ դրանք կազդե՞ն հանրաքվեի արդյունքների վրա, պարոն Բաղդասարյանն ասաց․ «Դրանք բացարձակապես չեն կարող ազդեցություն ունենալ, որովհետև, եթե Դուք՝ ինքներդ, ուսումնասիրեք և ինքներդ համոզվեք դրա մեջ, թե ինչ խախտումներ են արձանագրված․․․ և դեռ պարզ չէ այդ խախտումների ծագումնաբանությունը»։



Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե խախտումների մասին քիչ ահազանգեր են եղել, քանի որ հասարակությունը զզվել է արդեն այս իշխանություններից ու նրանց կեղծած ընտրություններից, Վահրամ Բաղդասարյանն այսպես արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ ընդհակառակը՝ հասարակությունը, հանրությունն իր վստահությունն է կորցրել ընդդիմության հանդեպ, և հասարակությունը չէ, որ պետք է այդ խախտումներն արձանագրեր՝ այսպես ասած, դրա համար կան քաղաքական ուժեր, վստահված անձեր, հանձնաժողովի անդամներ, կան դիտորդներ, և եթե այդ ամենը հանրագումարի եք բերում․․․ դրանք տարածված խոսքեր են՝ հասարակությունը զզվել է, հիասթափվել է»։



Hraparak.am-ի այն հարցին էլ, թե հասարակությունը ո՞ր ընդդիմության հանդեպ է կորցրել իր վստահությունը՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի՞, թե՞ մյուսների, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց․ «Բնականաբար այս պարագայում «Ոչ»-երի հետ կապված խնդրի մասին է խոսքը։ Ես կարող եմ ասել, որ մենք լուրջ խնդիր ունենք ընդդիմադիր դաշտի հետ կապված, և բազմիցս այդ մասին բարձրաձայնել ենք, և յուրաքանչյուր իշխանություն, եթե իր թիկունքում չզգա հզոր ընդդիմություն, իրեն արժանի ընդդիմություն, այդ իշխանությունը լուրջ խնդիրներ է ունենալու պետականության կայացման հարցում։



-Հիմա ձեզ համար արժանի ընդդիմությունը ո՞րն է։



-Դա պետք է դեռ ձևավորվի։



-Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն ձեզ արժանի՞ են։



-Նրանք էլ պետք է դեռ ձևավորվեն։



-Այսինքն՝ դեռ չե՞ն ձևավորվել՝ որպես ձեզ արժանի ընդդիմություն։



-Ոչ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ