Մուկուչյանն արձանագրում է այն, ինչ իրեն ասում են

Մուկուչյանն արձանագրում է այն, ինչ իրեն ասում են

Դեկտեմբերի 12-ին հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը մերժեց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի միջնորդությունը առ այն, որ թիվ 3 եւ թիվ 4 ընտրատարածքների ցանկացած 5 տեղամասերում, որտեղ 60 տոկոսից ավելի մասնակցություն է գրանցվել և հաղթել է «այո»-ն, վերահաշվարկ կատարել։ ՀԱԿ ներկայացուցիչները պնդում էին, որ այնտեղ աղաղակող կեղծիքներ են արձանագրվել։ Հանձնաժողովի նախագահի պատճառաբանությունն այն էր, որ հանրաքվեի հանձնաժողովը լիազորված չէ վերահաշվարկ կատարել, այն կարող են իրականացնել ընտրատարածքային հանձնաժողովները: «Հանձնաժողովը ապացուցեց, որ որոշող մարմին չի, որ արձանագրում է այն, ինչ իրեն ասում են։ Ընդամենը ապացույցներ ձեռք բերելու միջնորդություն էինք ներկայացրել՝ պատահական ընտրանքի միջոցով բացել արկղերը այն տեղամասերում, որտեղ հաղթել է «Այո»-ն և մասնակցությունը բարձր է եղել։ Բայց այս սովորական գործառույթն էլ հանրաքվեի հանձնաժողովը չարեց, որովհետև նա կդառնար առաջին ապացուցողը, որ քվեարկութունը խախտումներով է եղել», - մեկնաբանեց ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։



ՀԱԿ-ը ծավալուն բողոք էր ներկայացրել Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, որը ևս մերժվել է։ Հանձնաժողովի որոշման մեջ գրված է, որ ՀԱԿ վստահված անձինք և 1750 հանձնաժողովների անդամները «կարող էին լիարժեք ծավալով օգտագործել իրենց վերահաշվարկի պահանջ ներկայացնելու իրավասությունը», սակայն ներկայացրել են ընդամենը 25 տեղամասերում վերահաշվարկ կատարելու վերաբերյալ դիմումներ։ «Նշված դիմումները վերաբերում են ընդհանուր թվով 8 ընտրատարածքներում գտնվող տեղամասերի», - գրված է ԿԸՀ որոշման մեջ։ Իսկ հանձնաժողովի թիվ 99 Ա որոշմամբ արձանագրվել է, որ «տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա»։



Մերժումը, ըստ ՀԱԿ իրավաբան Արմեն Խաչատրյանի, հիմնավոր չէ։ «Մենք ահռելի ապացուցողական բազա ենք բերել, փաստերի հսկայական ծավալ։ Հանրաքվեի հանձնաժողովը, ըստ էության, չի կարողացել հերքել մեր նշած փաստերի գոյությունը, ընդունել է, որ խախտումներ եղել են՝ հավաքների ազատության, խոսքի ազատության խախտումներ, լցոնումներ»։ Ըստ ՀԱԿ ներկայացուցչի՝ իրենց նախանշած խախտումների դեպքերն այնպիսին են, որ եզրակացնել, թե դրանք չեն ազդել ընտրության արդյունքի վրա, չի կարելի։ Ավելի քան 50 տեսանյութ է ներկայացվել՝ լցոնումների, ընտրակաշառքների կադրերով։ Օրինակ, տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է տեղամասի լույսը մարում ու անհայտ անձը հաստ տրցակով քվեաթերթիկներ լցնում տուփի մեջ։ «Դա 7-րդ ընտրատարածքում էր, երևում է, որ մարդը հաշվարկի ժամանակ հանում է ծոցից քվեաթերթիկները ու լցնում, կամ, օրինակ, մեկը ուղղակի ցուցում է տալիս 400 «ոչ» -ի թերթիկները դարձնել «այո»։ Ընտրական օրենսգիրքը հետևյալ սահմանումն ունի՝ «անհնար է պարզել քվեարկության իրական արդյունքները»։ Մեր կարծիքով, խախտումներն այնպիսի բնույթ են կրել, որ դրանց իրական արդյունքները հնարավոր չի պարզել»։



Այն բոլոր նյութերը, որոնք հանցագործության հատկանիշ են պարունակում, ՀԱԿ-ը ներկայացնելու է դատախազություն։ Ըստ ՀԱԿ տվյալների, քվեարկությունն ամենաարդարը եղել է Վանաձորում։ Հետաքրքիր է, որ մասնակցությունը ևս փոքր է եղել՝ ընդամենը 40 տոկոս, և քվեարկողմերի 70 տոկոսը «ոչ» է ասել։



Սյուզան Սիմոնյան