Հեղափոխությունը հետաձգվեց 1 տարով

Հեղափոխությունը հետաձգվեց 1 տարով

Երեկ «Նոր Հայաստանը» 1 ամսով հետաձգեց հեղափոխության գործը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում խրոխտ դեմքով հայտարարեց․ «Մենք ցույց կտանք, որ սա տեւական պայքար է, եւ եթե ձեզ պետք է՝ 200-ը կդառնա 20 հազար, բայց այդ մաթեմատիկայով չէ լուծումը, լուծումն այդ պարզ հայաստանյան ճշմարտության մեջ է, որ մենք մերժում ենք սուտը եւ կեղծիքը, մենք ունենք ճշմարտության Հայաստան, մենք ուզում ենք այն հայրենիքը, որն ապահովում է յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը: Մեկ ամիս անց՝ հունվարի 22-ին, ժամը 5-ին, մեր այսօրվա որոշումից հետո մենք պետք է շարունակենք քաղաքացիական ժողովը, ամսի 22-ից պետք է բացվի նոր շրջան՝ թե գաղափարական, թե կազմակերպական: Եվ ով հիմա գլխաքանակ է հավաքում, այլ ոչ թե Հայաստանի հպարտ քաղաքացիներ, կտեսնեն, որ եթե իշխանությունն ինքնակամ չհեռացավ, չեկավ, ներողություն չխնդրեց, այդ կանանց ուղարկեցին, խաժամուժ ուղարկեցին, հանցագործ ուղարկեցին սեփական ժողովրդի նկատմամբ, ակնհայտ է, որ նրանք պետք է ձերբակալվեն, ակնհայտ է՝ հանուն Հայաստանի նրանք պետք է պատասխանատվություն կրեն»:



Մինչդեռ երեկ «ճակատագրական» օր էր՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պետք է որոշեր հետագա անելիքները։ Որոշվեց, որ կհավաքվեն 1 ամիս անց։ Սակայն նախաձեռնության անդամները չեն լքելու հրապարակը․ «Մենք հրապարակից չենք հեռանալու, մինչեւ չունենանք նոր հանրապետություն: Ոչ մի 2017, նոր տարուն՝ նոր Հայաստան: Մեր հերթապահ երիտասարդները պիտի լինեն հրապարակում, եկեք զորակցեք, ցանկացած ժամ, գիշեր-ցերեկ, մանավանդ ժամը 5-ին սովորություն թող լինի, եկեք»: Ինքը՝ առաջնորդը, դեկտեմբերի 31-ին պիտի լինի մոր՝ Վարդիթերի հետ, նրա ծննդյան տարեդարձին, հունվարի 11-ին, սակայն, կվերադառնա հայրենիք։