Շարմազանովին մեղադրում են ստելու եւ խոստումները չկատարելու մեջ

Շարմազանովին մեղադրում են ստելու եւ խոստումները չկատարելու մեջ

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազին նեղսրտած է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից։ Նա երեկ տեսահոլովակի տեսքով հայտարարությամբ է հանդես եկել՝ Շարմազանովին մեղադրելով ստելու եւ խոստումները չկատարելու մեջ։ Մասնավորապես, Մուրազին ասել է, որ Շարմազանովն Ազգային ժողովում հանդիպումներ է ունեցել իրենց հետ, մի շարք խոստումներ տվել, սակայն չի կատարել։ 



«Տարվա սկզբին եզդիների ցեղասպանության ընդունման հետ կապված բավականին մեծ վեճ տեղի ունեցավ Ազգային ժողովում, որտեղ ՀՀԿ խմբակցությունը նշում էր, որ եզդիների ցեղասպանության ճանաչման պատմական փաստեր չկան։ Այս վեճից հետո մի քանի անգամ հանդիպումներ տեղի ունեցան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ։ Հանդիպումներից մեկի ժամանակ Շարմազանովը խոստացավ, որ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի Օսմանյան կայսրությունում եզդիների ցեղասպանության խնդրի ուսումնասիրմամբ, եւ երբ որ անհրաժեշտ փաստերը հավաքագրվեն, նոր նախագծով կմտնի Ազգային ժողով։ Առաջին հանդիպման ժամանակ մենք ինքներս անձամբ տարել ենք 200 էջանոց փաստեր։ Երկրորդ հանդիպման ընթացքում նա խոստացավ, որ խորհրդարանում կկազմակերպվի Իրաքում 2014 թվականին իրականացված եզդիների ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես։ Այս բոլոր հանդիպումներն արձանագրված են, Շարմազանովի խոստումները կան ԱԺ պաշտոնական կայքում»։



Սակայն այս խոստումները չեն իրականացել։ «Տարին մոտենում է ավարտին, եւ, ինչպես Շարմազանովն է հայտարարել, 2015 թվականը ցեղասպանությունների դատապարտման նոր տարի է լինելու, նոր փուլ է սկսվելու այս տարում, բայց պետք է արձանագրել, որ Շարմազանովի այս բոլոր խոստումները չիրականացան, եւ Շարմազանովը տվեց սուտ խոստումներ, ասաց բաներ, որոնք հարիր չեն Ազգային ժողովի փոխխոսնակին։ Սա գեղեցիկ քայլ չէ նաեւ այն իմաստով, որ Շարմազանովն այդ բոլոր հանդիպումների ընթացքում խոսել է Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ նախագահը տեղյակ է եւ իրեն լիազորել է զբաղվել ազգային փոքրամասնությունների խնդրով։ Կարծում եմ, որ նման պահվածքն ու նման էժանագին խոստումները հարիր չեն հայ տղամարդուն»,-նկատում է իր խոսքում Բորիս Մուրազին։



Նրա այս ելույթին արձագանքելով՝ Շարմազանովը հաղորդագրություն տարածեց, որտեղ նշել է, որ ափսոսանքով է ծանոթացել խոստումնալից, սրտացավ, բայց միեւնույն ժամանակ անփորձ երիտասարդ գործիչ Բորիս Մուրազիի հայտարարությանը: «Այո, այս տարվա ընթացքում իմ ուշադրության կենտրոնում են եղել եզդի համայնքի ներկայացուցիչներին հուզող խնդիրները: Ես Ազգային ժողովում ընդունել եմ տարբեր երկրների եզդիական համայնքների պատվիրակություններին, այդ թվում՝ վերոնշյալ երիտասարդի ուղեկցությամբ խորհրդարան ժամանած խմբին: Քաջատեղյակ լինելով նրանց կողմից առաջ քաշված բոլոր խնդիրներին՝ փորձել ենք համատեղ ջանքերով գտնել դրանց լուծումները: Առաջարկել եմ 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում եզդի ժողովրդի ջարդերի եւ կոտորածների բոլոր նյութերը տրամադրել Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային, որի նիստը տեղի է ունեցել այս տարվա ամռանը, Երեւանում, ապա քննարկել այդ նյութերն ԱԺ-ում: Ինձ հայտնի չէ նրանց կողմից նյութերն ասոցիացիային փոխանցելու փաստը: Դատապարտելով Մերձավոր Արեւելքում եզդի մեր քույրերի եւ եղբայրների ֆիզիկական ոչնչացման փաստերը՝ առաջարկել եմ ԱԺ-ում կազմակերպել եզդի ժողովրդի ջարդերի ցուցադրություն: Առաջարկս մնում է ուժի մեջ:



Ուստի իմ «ստերի» մասին լուրերը չափազանցված են: Ինչպես նախկինում, այդպես էլ այժմ եւ հետագայում իմ գործունեության ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ եզդի իմ քույրերի եւ եղբայրների հիմնահարցերը: Շնորհակալ եմ, որ նրանք գնահատում են իմ ազնիվ եւ նվիրված աշխատանքը՝ պարգեւատրելով ինձ «Ուսուբ Բեկ» հուշամեդալով՝ հայ-եզդիական բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի եւ ներդրման համար»,-կրկին խոստացել է Շարմազանովը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ