Քաղաքական 2015. Գագիկ Ծառուկյանից մինչեվ Քիմ Քարդաշյան ու Սահմանադրություն

Քաղաքական 2015. Գագիկ Ծառուկյանից մինչեվ Քիմ Քարդաշյան ու Սահմանադրություն

Տարին ավարտվում է, տարվա քաղաքական իրադարձություններն էլ՝ հետը։ Մենք որոշեցինք ամփոփել 2015 թվականին տեղի ունեցած ուշագրավ ու հետաքրքրաշարժ քաղաքական իրադարձությունները՝ անկախ նրանից, թե դրանցից որն ինչ տեսակի ազդեցություն ունեցավ կամ որքանով մնաց պատմության մեջ։ Իսկ հիշվող ու պատմական համարվող իրադարձությունները քիչ չէին։ Սկսենք տարեսկզբից։



ԲՀԿ-ի «իշխանափոխությունը»



2015 թվականի փետրվարի 12-ը նշանակալի օր դարձավ հայաստանյան ներքաղաքական կյանքում։ Այն ԲՀԿ-ի ներքին օրացույցում թերեւս պետք է սեւով նշվի կամ գոնե մոխրագույնով, որ հաջողության չհասան, բայց նաեւ ազատվեցին անհույս հաջողության ձգտելու քաղաքական մղձավանջից։ Այդ օրը ՀՀԿ ԳՄ նիստում Գագիկ Ծառուկյանի համար քաղաքականության մեջ ճանապարհ հարթած երկու գլխավոր անձանցից մեկը՝ Սերժ Սարգսյանը, մի ելույթով վերջ դրեց Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի ներքաղաքական կարիերային։ Այդ ելույթից ընդամենը օրեր անց նա դուրս եկավ իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից՝ դուրս գալով նաեւ քաղաքականությունից։ Պատճառը պարզ էր. նա ընկել էր քաղաքականության մեջ «հին գել» համարվող Լեւոն Տեր-Պետրոսյանի «ջրերն» ու որոշել իշխանափոխություն իրականացնել։ Ծառուկյանի հեռանալուց օրեր անց թունդ ընդդիմադիր ԲՀԿ-ն կտրուկ «զադնի դրեց» ու դարձավ հլու-հնազանդ իշխանական ընդդիմություն։ Կարճ ասած՝ իշխանափոխություն իրականացնելու փոխարեն ԲՀԿ-ն ինքը իշխանափոխվեց։



«Էլեկտրիկ Բաղրամյանն» ու «թատերական ոստիկանը»



Ամառն անսովոր թեժ էր։ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» իր վատ աշխատանքի արդյունքում առաջացած կորուստները ծածկելու նպատակով որոշեց եւս 7 դրամով թանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Կուտակայինի ու այլ սոցիալական բնույթի բողոքի ցույցերի միջով անցած ու թրծված հայ երիտասարդությունը դուրս եկավ փողոց ու երկու շաբաթ շարունակ նախագահականից մի կանգառ ներքեւ փակեց Բաղրամյան պողոտան՝ իշխանություններից պահանջելով վերանայել այդ որոշումը։ Հոծ բազմություն, երգ, պար, խինդ ու ծիծաղ, բախումներ ու ձերբակալություններ, ջրցան մեքենաներ եւ ոստիկանական հսկայական ուժեր, պատգամավորական-աստղային պատ, «Աշոտյան, սիկտիր, Ֆարմանյան, դո՛ւ էլ»։ Մի խոսքով, ռոմանտիկ ու դրամատիկ իրավիճակ երկու շաբաթ շարունակ՝ 24 ժամ ռեժիմով։ Երկու շաբաթ անց Բաղրամյանն «ազատագրվեց», հոսանքի գնի ավելացված մասն էլ իրենց վրա վերցրին կառավարությունն ու ավելի ուշ՝ ՀԷՑ-ը գնած Սամվել Կարապետյանը։ Այս ողջ ընթացքում հայ եւ միջազգային հանրությունն ականատես եղավ ակտիվ ու կազմակերպված պայքարի, վեճերի ու պառակտումների, ինչպես նաեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դրամատիկ հույզերին ու դերասանական-հոգեբանական խաղին՝ «Սթափվե՛ք», «Չքվի՛ր աչքիցս», «Գժուկներ» եւ այլն։



Արա Աբրահամյանի հայտնությունն ու ՕԵԿ-ի «վերածնունդը»



Սոցիալ-քաղաքական թեժ գարուն-ամառ իրադարձություններին հաջորդեցին ներքաղաքական վերադասավորումների, հայտնությունների ու կուսակցական «ռեսթայլինգի» ամիսները։ Հոկտեմբերին Հայաստան եկավ եւ ասուլիս տվեց Ռուսաստանի հայերի միության կամ, այլ կերպ ասած, «ալամ աշխարհի հայերի միության նախագահ» Արա Աբրահամյանը։ Նա ոչ էն է՝ հայերեն, ոչ էն է՝ ռուսերեն ազդարարեց իր շռնդալից հեղափոխական մուտքը հայաստանյան ներքաղաքական դաշտ։ Ասաց, որ Սերժ Սարգսյանի «դաբրոն» ունի՝ ստեղծել Հայաստանում նոր կուսակցություն, որը լինելու է ընդդիմություն։ Նախագահի «դաբրոյով» ընդդիմադիր կուսակցություն ստեղծող մարդը դրանից հետո նորից անհետացավ՝ իր քաղաքական հայտնությունն այդքանով համարելով ավարտված։ Այդ ընթացքում մի «թունդ ընդդիմադիր» քաղաքական միավորում հասցրեց ստեղծել ԱԺ-ի ամենաշատախոս խմբակցության կուսակցությունը՝ ՕԵԿ-ը։ «Հայկական վերածնունդ» քաղաքական միավորի մեջ հայտնվեցին Հայաստանի «ամենաբեջուռա» ու զավեշտալի անվանումով նորահայտ մեկանձնյա ՀԿ-ներ ու մարդ-կուսակցություններ։ Միանգամից խոսակցություններ տարածվեցին, թե ՕԵԿ-ը «Հայկական վերածնունդի» միջոցով նպատակ ունի նորովի վերածնվել՝ ձերբազատվելով կուսակցության ե՛ւ անունից, ե՛ւ վարկաբեկված հեղինակությունից։ Բայց «Հայկական վերածնունդն» իր հեղինակությամբ առանձնապես չտարբերվեց բազմիցս գույնը փոխած ՕԵԿ-ից ու ծաղրի թեմա դարձավ քաղաքական դաշտում եւ հասարակության մեջ։



Խորհրդարանական ուժերի պառակտումն ու նոր կուսակցությունների ստեղծումը



Փետրվարյան իրադարձություններից հետո քաղաքական դաշտում սկսվեց պառակտման եւ վերադասավորումների ակտիվ փուլ։ ԲՀԿ-ից նախ դուրս եկան իշխանության թեւի տակ գտնվող գործարար պատգամավորները, ապա նաեւ՝ ոչ օլիգարխ առանձին պատգամավորներ, ովքեր արագ չկողմնորոշվեցին, թե ուր է գնում ԲՀԿ-ն։ Երկրորդ խմբում էր Տիգրան Ուրիխանյանը, որը հարազատ կուսակցությունից անկախանալուց հետո երկրորդ անգամ փորձ արեց ստեղծել սեփական կուսակցությունը՝ «Ալյանսը»։ Դրանով նա մտադիր է 2017-ին մասնակցել ԱԺ ընտրություններին ու ինքնուրույն մտնել խորհրդարան։ Այդ ընթացքում կուսակցություն ստեղծեց նաեւ ՀԱԿ ցուցակով պատգամավոր դարձած, բայց անկախ գործող Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» անունը կրող նրա կուսակցությունը եւս մտադիր է մասնակցել 2017-ի ընտրություններին եւ նույնիսկ հավաքել ամենաշատ ձայները։ Մի կուսակցություն էլ ստեղծեց ԱԺ անկախ պատգամավոր՝ վանաձորցի Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան», որում ընդգրկված են հիմնականում երիտասարդ ակտիվիստներ։ Նա էլ հավակնություններ ունի հաջորդ ընտրություններում մտնել խորհրդարան ու կառուցել իր պատկերացրած լուսավոր Հայաստանը։



Տարին՝ առանց «ռեժիմի» կամ «ռեժիմը»՝ առանց «ուժերի»



Տարեսկզբից մինչ օրս Հիմնադիր խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու ընկերները ժամկետներ են սահմանում, որ պետք է իշխանափոխություն իրականացնեն եւ տարվա գլխավոր իրադարձությունները դիմավորեն առանց «ռեժիմի», բայց դեռեւս գործը գլուխ չի գալիս։ Նախ Ցեղասպանության 100-ամյակն էին առանց «ռեժիմի» խոստանում անցկացնել, հետո՝ Սահմանադրության հանրաքվեն, հիմա էլ՝ Նոր տարին։ Բայց ձախողվեցին, կարծում ենք՝ Ամանորն էլ կդիմավորեն փողոցում՝ «ռեժիմի» հեռացման կենացը խմելով։ Այս կոնտեքստում մի կարեւոր իրադարձություն, սակայն, կարող էր իսկապես փչացնել «ռեժիմի» տոնը։ Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծվեց զինված «բանդան», որը նպատակ ուներ իրականացնել հենց Սեֆիլյանի եւ մյուս ընդդիմադիրների երազանքը՝ «զենքով» վերացնելով «ռեժիմին»։ ԱԱԾ-ն էլ սրանց ծրագիրը ձախողեց։



ՀՀԿ-ի ֆավորիտ իրադարձություններն ու Քիմ Քարդաշյանը



Տարվա ընթացքում երկու կարեւոր իրադարձություն էլ տեղի ունեցավ։ Մեկը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներն էին, մյուսը՝ նոր Սահմանադրության ընդունումը դեկտեմբերի 6-ին։ Առաջինը նշանավորվեց ոչ այնքան Պուտինի եւ այլ համաշխարհային քաղաքական դեմքերի այցելությամբ Հայաստան, որքան հայտնի հեռուստաաստղ, ծագումով հայ Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի այցով «մադրլենդ»։ Քարդաշյանն իր հանրաճանաչ աստղային հետույքով շատ ավելին արեց Հայաստանի PR-ի ու Ցեղասպանության մասին աշխարհին իրազեկման հարցում, քան ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ։ Նրա, քրոջ՝ Քլոե Քարդաշյանի, եւ ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի այցը Հայաստան ակտիվորեն լուսաբանվեց համաշխարհային մամուլով, նույնիսկ ՀՀԿ տատին հայտնվեց Daily mail-ում, եւ ով չգիտեր Հայաստանի մասին, իմացավ։ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի այս միջոցառումների անցկացումն ու դրա հետ կապված ցանկացած բան ՀՀԿ-ական իշխանությունները համարում են իրենց համար տարվա գլխավոր իրադարձություն։



Երկրորդ ամենակարեւոր իրադարձությունը նրանց համար նոր Սահմանադրության ընդունումն էր՝ հանրաքվեի միջոցով։ Այն, ինչպես նախորդ մյուս ընտրությունները, կրկին անցավ բազմաթիվ կեղծիքներով, բայց դա չխանգարեց ՀՀԿ-ին տոնել իր «արդար» հաղթանակը։ Նրանց լեզուն այս անգամ երկար էր հատկապես նրանով, որ այս հարցում իրենց կողքն էին հավաքել այլ ուժեր, ինչպիսին ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն են։ Այնպես որ, Նոր տարուն այս երեք ուժերը միասին կխմեն ոչ միայն իրենց առաջին կոալիցիոն հաջողության, այլեւ նոր Սահմանադրության ընդունման կենացը։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ