Այլևս այսպես չենք ապրելու, ու խանգարողի էլ…

Այլևս այսպես չենք ապրելու, ու խանգարողի էլ…

«Ազատամարտիկների դաշինքի» նախկին անդամ Սուրեն Սարգսյանն ամփոփում է 2015-ը: Ազատամարտիկն իր ֆեյսբուքյան էջում գրել է.



«Էլի մեկ տարի...



Մեծ Թումանյանի խոսքերով ասած՝ ծուխ ըլնող օրերը մարդու օգտին չեն՝ թեկուզ հենց միայն այն պատճառով, որ կյանքիդ մեկ օրն էլ անցավ: Իսկ երբ օրերը դառնում են տարի, ետադարձ հայացք ես գցում՝ տարին ամփոփելու համար:



Եվ այսպես, անցնող տարին ոչ միայն մեզնից յուրաքանչյուրի օգտին չէր, խոսքը վերաբերում է դիմադիրին ու ընդդիմադիրին հավասարապես, այլև մեր երկրի օգտին չէր: Մեր պետականությունը ևս մեկ անգամ դոփեց տեղում: Փաստը՝ վերջերս տեղի ունեցած Այո-ի ու Ոչ-ի հանրաքվեն էր: Ու էլի Թումանյանին հիշեմ՝ հազար տարում հազիվ դարձանք մարդասպան: Այս տարի ևս ընդդիմությունը փաստեց, որ ոչնչից այն կողմ չի անցել, ինքը ոչինչ է, ու որքան էլ բարձրաձայնում են ժողովրդի անունը, ժողովրդի հետ ոչ մի կապ չունեն: Սեփական դիրքերի ամրապնդման ու բարելավման կռիվ են տալիս հայրենի քաղաքականները, քանզի համայնքի հոգսերից խոսելով՝ սեփական լճակն ու լիճը հոսող առուները ոչինչ չեն կարող տալ մեր հասարակության ու պետականության կայացմանը: Այն, ինչ կարող ենք ստանալ, կարող ենք ստանալ այս պահին գործող չակերտավոր կամ անչակերտ իշխանություններից. ով ինչպես կկոչի՝ իր գործն է: Եթե իշխանությունը կամ եթե կուզեք՝ նախագահի աթոռը զբաղեցնող մարդն արդեն իրեն սպառած շոուների վերջը չտա ու դեմքով շրջվի դեպի հասարակությունը, անորոշության ու անարդարության այս գարշելի մթնոլորտում ապրող քաղաքացին, սեփական հարցերն ընդհուպ մինչև ծայրահեղ ձևով լուծելու իրավունք, ինքն իրեն իրավունք ունի վերապահելու:



Այսօրվա ընդդիմությանը, մեղմ ասած, ոչնչի կարգավիճակի հասցրեց իշխանությունը: Ես դա համարում եմ պյուռոսյան հաղթանակ, սակայն նույնիսկ այդ դեպքում, իշխանությունը կամ իշխանավորը իր արածից գոհ հռհռալու իրավունք, էլ չեմ ասում ժամանակ՝ չունի, քանզի պատային վիճակում հայտնված հազարավոր ազնիվ մարդիկ, եթե ոչ սեփական անձի, ապա հանուն իրենց երեխաների ապագայի, գուցե անընդունելի, բայց միակ ելքեր կփնտրեն ու կգտնեն: Եթե մարդու հոգին ավերված է, վաղվա լույս չի տեսնում, երեկվանն էլ վաղուց անջատել են, ուրեմն նրա համար ավերված երկիրն արժեք չունի, ուրեմն ամեն գնով այլ ճանապարհների փնտրտուքն, այսպես ասած, բարի հանգրվանի չի հասցնելու: Եթե իշխանությունը վերջերս բացահայտված «զինված հանցախմբի» լինելիությունից դասեր չքաղեց, ուրեմն իսպառ անմեղսունակ է, իսկ դասեր քաղել, ամենևին չի նշանակում հոխորտալ, թե՝ տեսեք ձերբակալեցի, դասեր քաղել, նշանակում է խորը մտածել ու հետևություն անել, թե ինչպես է հնարավոր, որ հայրենիքի համար անձը զոհաբերելու պատրաստ ու տարիներ շարունակ մարտադաշտից մահվան դեմ կռիվ տված, պետականություն հիմնադրած ազատամարտիկը որոշում կամ մտածում է զենք վերցնել ու գնդակահարել իր պետության առաջին դեմքերին: Այսինքն, իշխանությունները պիտի համարժեք վերաբերմունք դրսևորեն երկրի քաղաքացու հանդեպ: Ես բազմիցս քննադատել եմ իշխանություններին և թող ներվի ինձ ասել՝ ոչ թե փչած հարցերից եմ խոսել, այլ առկա խնդիրներից: Այդ խնդիրների լուծումը փնտրելու փոխարեն, իշխանությունները 4 դիմակավոր ուղարկեցին ինձ վրա, ասել է, թե՝ անհամարժեք մոտեցումը արդյունքի չի բերելու, և եթե այսպես շարունակվի ոչ ոք ոչ ոքի չի կարողանալու փրկել, քանզի մեզնից որևէ մեկը, սկսած ինձնից, չի պատրաստվում հանդուրժել իր հանդեպ կատարված բռնությունը: Հետ խփելը արժանապատվության հարց է դառնում, հետ խփելու ձևերն էլ լավ գիտենք, սակայն արյան գետերը մեր պետականությանը օգուտ չեն տա: Հետևաբար, կա՛մ իշխանությունն այս լուրջ վտանգը զգալով կդառնա դեպի ժողովուրդը, կա՛մ ինչպես ասում են՝ մեղքը ձեր վիզը: Վերջ ի վերջո, դեռ երբեք չեն շահել նրանք, ովքեր փորձել են մարդուն իր արժանապատիվ կյանքի հնարավորությունից զրկել, և այդ տեսակի անկումը եղել է չափազանց ցավոտ ու արյունալի:



Անկեղծ ասած՝ ուզում էի մի քիչ անդրադարձ կատարել նաև բարոյահոգեբանական, մշակույթի, արվեստի ոլորտում տիրող իրավիճակին, սակայն այդ ամենն ուղիղ համեմատական է իշխանության կեցվածքին և բխում է վերջինիս դիրքորոշումից:
Մեկ խոսքով՝ այսպես չի կարելի շարունակել, և ուզում եմ մաղթել, որ 2016 թվականի մուտքը բոլորս մեծով- փոքրով այս մտքերով դիմավորենք: Այլևս այսպես չենք ապրելու, ու խանգարողի էլ…



Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: