Բերդավան գյուղի մանկապարտեզում՝ արեւային ջեռուցման համակարգ

Բերդավան գյուղի մանկապարտեզում՝ արեւային ջեռուցման համակարգ

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են Տավուշի մարզի Բերդավան գյուղում իրականացվող նախագծի արդյունքները: Համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ադրբեջանական սահմանից 1 կմ հեռու գտնվող համայնքի մանկապարտեզի ջեռուցման համակարգը համալրվել է արեւային ջրատաքացուցիչներով:



Համակարգի գործարկմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Բերդավան համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը, համայնքի բնակիչներ:



«Արեւային էներգիայի օգտագործումն այնքան առավելություններ ունի, որ ուղղակի խելամիտ չի լինի չօգտվել անսպառ եւ մաքուր այդ աղբյուրից: Մանկապարտեզում արեւային տաքացուցիչի տեղադրումը ոչ միայն կնպաստի հոսանքի ծախսերի կրճատմանը, այլ նաեւ ուսուցողական նշանակություն կունենա. երեխաները փոքր տարիքից կհասկանան, որ պետք է պատասխանատու եւ գիտակից վերաբերմունք ունենալ բնության հանդեպ, առաջացած խնդիրների լուծման համար օպտիմալ տարբերակներ փնտրել, իմանալ առավել առաջադեմ եւ նորարար տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետության մասին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Մոտ 3,600 բնակիչ ունեցող Բերդավան համայնքի մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 100-ից ավելի է: Սկսած իննսունական թվականներից՝ մանկապարտեզը ջեռուցվել է փայտե վառարաններով, որոնք, բացի ծախսատար եւ ոչ արդյունավետ լինելուց, նաեւ վտանգավոր էին երեխաների համար: Ընթացիկ տարում մանկապարտեզում տեղադրվել է ջեռուցման համակարգ, որը, թեեւ ապահովում է կայուն ջերմություն, սակայն ծախսատար է եւ համայնքի դրամական միջոցների հետ անհամատեղելի:



Նախագծի շրջանակում գյուղի մանկապարտեզում առկա ջեռուցման համակարգը համալրած արեւային ջրատաքացուցիչները ջեռուցման էներգաարդյունավետ եւ բնապահպանական տեսանկյունից արդարացված միջոց են: Համակարգի գործարկումը 50-60%-ով կնվազեցնի ջեռուցման ծախսը եւ կապահովի տաք ջրամատակարարում ողջ տարվա ընթացքում՝ բացառապես արեւային ջրատաքացուցիչների միջոցով: Ջեռուցման համակարգի գազի կաթսաները կօգտագործվեն միայն ձմռանը՝ գիշերային ժամերին՝ համակարգը սառեցումից պաշտպանելու համար: