Երբեմն աղքատներին հազար դրամ կարող եմ տալ,- ասում է Մահարու ծայրահեղ աղքատ կինը

Երբեմն աղքատներին  հազար դրամ կարող եմ տալ,- ասում է Մահարու ծայրահեղ աղքատ կինը

Այսօր կարդում էի լրագրող Սոնա Ավագյանի հարցազրույցը Մահարու կնոջ հետ, որը դեռ գրել էր 2012 թվականին:



Համատարած ծախվածության, քծնանքի ու բազում աղտերի կողքին լիտվուհի կնոջ խոսքերն ասես անգին գոհարներ լինեին.



«Մարդիկ աշխատում են և նույնքան են վարձատրվում: Այնպես որ ես նստում եմ ու լռում եմ: Իմ շուրջը բոլորն այնքան աղքատ են, որ ամոթ կլիներ, եթե ես ինչ-որ տեղ դիմեի: Երբեմն նրանց նույնիսկ հազար դրամ կարող եմ տալ: Այնքան շատ դժբախտ մարդիկ կան, որոնք ավելի վատ վիճակում են: Պետք է խիղճ ունենալ»,- ասում է Անտոնինա Մահարին:



Ասում է մի կին, որ ամսական ստանում է 15 հազար դրամ թոշակ, նույնքան էլ աղքատության նպաստ: Ով ցուրտ ձմռանը տաքանալու համար շոշափում է փայտե սեղանը:



Հունվարի 10-ին «Հը՞, մշակույթի նախարար» վերտառությամբ հոդված էի գրել, որտեղ ասում էի, որ Գուրգեն Մահարու կինն ապրում է ծայրահեղ թշվառ ու անօգնական վիճակում: Ակնկալում էի Մշակույթի նախարարի, ինչու՞ չէ, նաև պետական այլ կառույցների աջակցությունը:



Ծայրահեղ աղքատ կինն իր այդ վիճակում երբեմն հազար դրամ կարող էր տալ աղքատներին:



Մի՞թե մեր պետությունն այդ կնոջից աղքատ է, որ չի կարող մի փշուրով արձագանքել…




Հասմիկ Բաբաջանյան