Աստված չանի՝ որեւէ մեկը թաշկինակը հանի գրպանից

Աստված չանի՝ որեւէ մեկը թաշկինակը հանի գրպանից

Մեր հասարակությանն այս հիվանդությունը վախեցնում է ոչ այնքան իր բարդությամբ, որքան անվանումով. խոզի գրիպ, նույն ինքը՝ H1N1-ը: Տարին դեռ նոր է սկսվել, սակայն այս 12 օրվա ընթացքում արդեն 3 մարդ է մահացել խոզի գրիպից, մինչ անցնող ամբողջ տարվա ընթացքում նույն վարակից 3 մարդ էր մահացել: Հասարակական տրանսպորտում մարդիկ սկսել են թարս նայել փռշտացող մարդկանց, աստված չանի՝ որեւէ մեկը թաշկինակը հանի գրպանից եւ փորձի մոտեցնել քթին։ Իսկ առողջապահության նախարարությունը հորդորում է «պանիկա» չտարածել: «Կա հիվանդության բարձրացում, համաճարակ չկա, համաճարակը մենք զսպել ենք: Վտանգավոր եւ ոչինչ չկա, ընդամենը մենք զգոնությունն ենք բարձրացնում մարդկանց»,- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն էր երեկ հավաստիացնում, որ խուճապ բարձրացնելու կարիք չկա: Նրա տեղեկացմամբ, 2015 թվականին մեր երկրում գրանցվել է H1N1-ից մահացության 3 դեպք, նոր սկսվող տարում՝ նույնպես 3 դեպք. «Հայաստանի Հանրապետությունում այսօր ընդհանուր բոլոր վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 77 հիվանդ, որից 11-ն արհեստական շնչառական սարքին են միացված, 11-ից 4-ը հաստատվել է որպես H1N1, մնացածը՝ ոչ: Մի քանիսն էլ հետազոտման փուլի մեջ են:



11-ից մեկը ծննդկան է, բայց նա H1N1 չէ: Ընդհանուր 885 թիվը հնչեցվեց սուր շնչառական հիվանդություններից: Նրանցից թոքաբորբ են 331-ը՝ տարբեր տեսակի: 101-ը հղի են, որոնցից թույլ կամ միջին ծանրության թոքաբորբ 37-ն են»: Ի դեպ, այս օրերին չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ խոզի գրիպի վարակ ամենեւին էլ չկա հանրապետությունում, զուտ բժշկական վատ աշխատանքի քողարկում է կամ հերթական մոդային տուրք տալը: Որեւէ վարակաբանի այս թեմայով խոսեցնելը բավականին դժվար էր՝ «չենք կարող պատասխանել, ճիշտ հասկացեք» արտահայտությունը լսեցինք: «Անհիմն է այդ ամենն անհիմն համարել: Նման կարգի լուրերը չեն կարող անհիմն տարածվել, իհարկե, վարակ կա, հիվանդներ կան, վարակվածության դեպքերն էլ են շատ եւ նաեւ մահվան ելքով դեպքերը»,-նշեց վարակաբան Վիոլետա Սարգսյանը:



«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքերով, օրգանիզմը կարող է H1N1 վիրուսը նաեւ թեթեւ տանել։ Նույնիսկ մարդիկ են եղել՝ չեն իմացել, որ խոզի գրիպ ունեն. «Չի նշանակում, որ եթե մենք հիվանդացել ենք, մեզ մոտ պետք է ծանր վիճակ լինի։ Բացարձակ: Մենք նշել ենք 855 սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդներ, սակայն մենք դիտարկում ենք բոլոր թոքաբորբերը, բոլոր վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին, այսինքն՝ բոլոր արհեստական շնչառական ապարատին միացրած հիվանդներին, ինչո՞ւ, որպեսզի մենք բաց չթողնենք: Հաստատված դեպքեր ունենք՝ 170 դեպք, ինքը շրջանառում է նույն եվրոպական տարածաշրջանում, ռուսաստաններում, Իրանում, Թուրքիայում, բայց դա չի նշանակում, որ մենք Հայաստանում ունենք 170 դեպք, ունենք ավելի շատ... Ծանր դեպքերն են ուշացած հիվանդները, խրոնիկ հիվանդները: Քանի որ ավելի արագ է զարգանում այս վիրուսը, դրա համար իրազեկում ենք մեր բնակչությանը, որպեսզի հետագայում չվերածվի թոքաբորբի, չհայտնվեն վերակենդանացման բաժանմունքում»:



Ինչ վեաբերում է այս օրերին խոզագրիպի դեմ օգտագործվող տամիֆլյու դեղամիջոցին, ապա Վահան Պողոսյանն զգուշացնում է, որ այն օգտագործում են միայն վիրուսի առկայության դեպքում. «Ինքը կանխարգելիչ միջոցառում իրականացնելու համար դեղամիջոց չէ, պետք է հիվանդ լինի մարդը, նոր նշանակենք․․․ Հիվանդանոցներն անվճար դա կտրամադրեն, եթե կա այդ հիվանդությունը: Թող չմտածեն, որ դեղը կխմեն՝ չեն վարակվի»: