Հազարավոր շնորհակալություններ ենք ստանում 911 հեռախոսահամարով

Հազարավոր շնորհակալություններ ենք ստանում 911 հեռախոսահամարով

Կլոր տարին, հատկապես տոն օրերին, երբ արտակարգ իրավիճակում հայտնված Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունը թերեւս փրկարարի մասնագիտությունն է, նրանք, քուն ու դադար կորցրած, հաճախ իրենց կյանքը վտանգելով՝ հասնում են մարդկանց օգնության։ Այնպես որ, պետք է գնահատել փրկարարների անձնուրաց աշխատանքը, որոնց աշխատավարձը թեեւ այդքան էլ բարձր չէ, բայց արդյունավետությունն ու օգտակարությունը բարձր է։ ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանից հետաքրքրվեցինք, թե ինչ խնդիրներ ունի ԱԻՆ-ը, ինչ դժվարությունների են հանդիպում արտակարգ իրավիճակների ժամանակ, եւ որքանով է գնահատված այսօր փրկարարը։



«Մեր տեխնիկական պարկը, ինչպես ցույց տվեցին այս քանի օրվա դեպքերը, ամբողջությամբ պատրաստ է խնդիր լուծելու։ Մենք արձագանքել ենք բոլոր դեպքերին, ինքներս շատ քիչ ենք արգելափակվել։ Ինչ վերաբերում է տեխնիկական համալրմանը, իհարկե, խնդիր միշտ կա, դրանք մաշվում են, շարքից դուրս են գալիս, անընդհատ պետք է փոխվեն, թարմացվեն, այնպես չէ, որ մենք այս հարցը մոռացության ենք տվել»,-ասաց նա։



- Երեւանում հրշեջ կամ փրկարարական մեքենաները հիմնականում նոր են, արտասահմանյան արտադրության, օրինակ՝ հրշեջ մեքենաները ճապոնական Isuzu մակնիշի են, նաեւ Mercedes մակնիշի փրկարար մեքենաներ կան, իսկ մարզերում խորհրդային տարիների «ԶԻԼ»-եր ու «ԿամԱԶ»-ներ են։ Սա խնդիր առաջացնո՞ւմ է արդյունավետության առումով, եւ կա՞ ծրագիր, որ դրանք եւս թարմացվեն։



- Ծրագիր կա, հայ-ճապոնական լավ ծրագիր ունենք, որով, հուսով եմ՝ կհագեցնենք ամբողջ հանրապետությունը ժամանակակից տեխնիկայով, սակայն այդ «ԿամԱԶ»-ներն ու «ԶԻԼ»-երը չեն պահվել նրա համար, որ չենք կարող դրանք եւս փոխել։ Էդ մեքենաները գուցե տարեթվով եւ թափքով հին են, բայց շատերը քիչ քշված մեքենաներ են։ Այստեղ խնդիրը բարձր անցողունակության մեջ է։ Կան տեղանքներ, որ «Isuzu»-ն չես կարողանա այդտեղով անցկացնել. ջարդուփշուր կլինի մեքենան եւ շատ շուտ շարքից դուրս կգա։ Իսկ, այ, «ԿամԱԶ»-ներ ու «ԶԻԼ»-եր ունենք, որոնք կարող են բավականին դժվարանցանելի հատվածներում լուրջ խնդիրներ լուծել, այդ թվում՝ հրդեհաշիջման։



- Որքանո՞վ է իրեն գնահատված զգում ԱԻՆ-ի աշխատողը, հատկապես փրկարարը, գնահատված թե՛ ժողովրդի, թե՛ պետության ու նախարարության կողմից, այդ թվում՝ նյութական առումով։



- Պետության կողմից բավականին գնահատված են զգում, քանի որ անցյալ տարվա հունվարից մենք բարձրացված աշխատավարձեր ենք ստանում, եւ սա չի կարելի ուրանալ։ 1.5-2 անգամ աճել են աշխատավարձերը։ Իսկ ժողովրդի կողմից պետք է ասեմ, որ ստանում ենք հազարավոր շնորհակալություններ 911 հեռախոսահամարով, նաեւ գրավոր են մեր քաղաքացիները նախարարին հայտնում իրենց շնորհակալությունը։ Ճիշտ է՝ ակնկալիքներ չունենք, որ ինչ-որ մեկը կզանգի եւ շնորհակալություն կհայտնի, բայց դա ինքնաբերաբար ստացվում է։ Իհարկե, օբյեկտիվորեն պետք է նշեմ, որ ունենք նաեւ դժգոհ քաղաքացիների բանակ, որ փրկարարի՝ դեպքի վայր հասնելու մեջ ուշացում են տեսնում եւ այլն։ Բայց եթե մեր քաղաքացին ճիշտ է լինում իր գանգատի բնույթով, ապա ՏԿԱԻ նախարարը բավականին խիստ է նման հարցերում։ Դուք ինձանից լավ գիտեք՝ արմատախիլ են արված շատ-շատ երեւույթներ, որ նախկինում կային։



- Նկատի ունեք կոռուպցիո՞ն երեւույթներ։



- Ես չեմ նշում անվանական, այլ՝ ընդհանրապես։ Ես նկատի ունեմ որակական փոփոխություններ։



- Կոռուպցիայից խոսք եղավ․ որքան էլ ՏԿԱԻՆ-ում պատրաստված, պրոֆեսիոնալ թիմ է գործում, այդուհանդերձ, խոսակցություններ կան, որ երբեմն նաեւ հայավարի՝ ծանոթ-բարեկամական կամ այլ միջնորդություններով են աշխատանքի ընդունվում մարդիկ։ Օրինակ՝ փրկարար մեքենայի վարորդ կամ այլ մասնագետ։



- Բացառվում է։ Ես կզեկուցեմ նախարարին, նրանից թույլտվություն կստանամ եւ Ձեզ կհրավիրեմ մեզ մոտ, եւ Դուք Ձեր աչքով կտեսնեք, թե ինչպես է 50 հոգանոց քաղաքացիների բանակն անձամբ մտնում նախարարի մոտ հարցազրույցի, եւ 50-ից որեւէ մեկը չի անցնում նույնիսկ հասարակ վարորդի աշխատանքի։ Խնդիրն այն չէ, որ երիտասարդ է, գործ չունի, ընդունում են։ ՏԿԱԻ նախարարը հատկապես խիստ մոտեցում ունի կադրերի ընտրման հարցում։ Դրա համար մարդիկ, ովքեր ընդունվում են, նրանց 99.99 տոկոսն առանձին, նրա աշխատասենյակում ունենում են զրույց։ Շատ խիստ է ընտրում նրանց մեր նախարարը, եւ դա որեւէ կապ չունի մոտիկության հետ, աշխատանքից հեռացվում են թե՛ մոտիկները, թե՛ հեռուները։



- Ինչի՞ կարիք ունի այսօր ԱԻՆ-ը։



- Ես կոնկրետ շատ կուզենայի, որ մենք առանձին տիեզերական մոնիտորինգ իրականացնող մի մեծ բանակ ու կայան ունենայինք, ինչպիսին ունի Չինաստանը, Ռուսաստանը։ Նաեւ փրկարարական ավիացիա։ Երկուսի ուղղությամբ էլ մեր նախարարությունը լուրջ ջանքեր է գործադրում, կառավարության հետ մեկտեղ արդեն սկսել ենք աշխատանքներ։ Վերանորոգման փուլում է Ստեփանավանի օդանավակայանը, որ ավիացիա ընդունի, բանակցություններ են վարվում փրկարարական ավիացիայի ձեռքբերման ուղղությամբ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ