Կանչերն ավելացել են, մահվան դեպքերը՝ պակասել

Կանչերն ավելացել են, մահվան դեպքերը՝ պակասել

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ 2015 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ 28 216 կանչ են սպասարկել, որը նախորդ տարվանից 5,2 տոկոսով ավելի է: Միայն դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 10-ը «Շտապօգնություն»-ում եղել է 9611 կանչ, որը 830 կանչով ավելի է նախորդ տարվանից։ Այդ կանչերի հետեւանքով 1537 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջին տվյալներով՝ մեկ օրում 1659 կանչ եղել է մեծահասակների սուր շնչառական վարակների դեպքում, 10-ը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 699 կանչ՝ երեխաների դեպքում, որից 104-ը տեղափոխվել է հիվանդանոց։



«Օրական 900-ից ավելի կանչ է եղել, ժամում՝ 50-60 կանչ, եղել են դեպքեր, երբ հեռախոսն անընդհատ զբաղված է եղել։ «Շտապօգնությունն» առաջնահերթ սպասարկում է նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում եւ երեխաներին՝ բարձր ջերմության դեպքում։ Գերակշռողը սրտանոթային հիվանդությունների կանչերն են եղել, հետո՝ շնչառական հիվանդությունները, ապա՝ տրավմաները»,-ասաց Թագուհի Ստեփանյանը: Նա հավելեց, որ շատ հաճախ մարդիկ «Շտապօգնություն» կանչում են, որպեսզի ախտորոշի, թե ինչ վիճակում է հիվանդը։



Կոտրվածքների վերաբերյալ էլ Թագուհի Ստեփանյանն ասաց, որ յուրաքանչյուր օր 3-10 կանչ է եղել, ընդհանուր առմամբ՝ կոտրվածքների համար եղել է 70 կանչ: Մոտ 16,7 տոկոսով էլ այս տարի նախորդ տարվա համեմատ պակասել են սննդային թունավորումները։ 4,6 տոկոսով էլ, ըստ Թագուհի Ստեփանյանի, նախորդ տարվա համեմատ, պակասել են մահվան դեպքերը։