Բարձր պատիվ է պաշտոն զբաղեցնելը

Բարձր պատիվ է պաշտոն զբաղեցնելը

Դաշնակցության՝ կոալիցիա մտնելու մասին խոսակցությունները գնալով ավելի առարկայական են դառնում։ Դաշնակցականներն արդեն չեն ծաղրում կոալիցիա մտնելու մասին հարցնող լրագրողներին, չեն հեգնում, չեն զայրանում հարցից, ավելին՝ անգամ հաստատում են այդ լուրերը։ Ինչպես երեկ արել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատության» հետ զրույցում՝ այն բացատրելով նոր Սահմանադրությունն իրագործելու պատասխանատվությամբ։



Թերեւս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր զրույցի պահին Հրանտ Մարգարյանի հարցազրույցին դեռեւս ծանոթ չէր, ուստի կոալիցիա մտնելու մասին մեր հարցին պատասխանեց՝ «նո քոմենթ»։ «Ճիշտն ասած՝ հոգնել ենք այդ հարցին պատասխանելուց։ Երբ որ լինի որեւէ հատուկ բան, համաձայնեցում կամ կոալիցիոն կառավարության ձեւավորում, դրա մասին նախապես կհայտարարենք»,-նշեց դաշնակցական պատգամավորը։



«Առհասարակ, մեր համագործակցությունն իշխանության հետ պայմանավորված չէ նրանով, թե ընտրությունները երբ են լինելու, այլ պայմանավորված են հետեւյալով՝ մենք մեր մասնակցությամբ կարո՞ղ ենք ապահովել որակական փոփոխություն։ Եթե այդ քննարկումները թույլ տան, որ մենք կարող ենք վստահ լինել մեզ վրա, մենք որեւէ ձեւով կաշկանդված չենք լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հարցում ժամկետը խնդիր չէ։ Այսինքն՝ կարող են ե՛ւ մինչեւ 2017 թիվը մտնել կոալիցիայի մեջ, ե՛ւ դրանից հետո։ Մինչդեռ Հրանտ Մարգարյանն ասել էր․ «Ես դեռ չեմ կարող ասել, որովհետեւ իրականության մեջ իրական կոալիցիա կարող է լինել խորհրդարանական ընտրությունից հետո: Որովհետեւ կուսակցությունները խորհրդարանի մեջ մեծամասնություն ունենալու համար իրար պետք է պետք ունենան: Դա է իրական կոալիցիան»: Նաեւ շեշտել․ «Ես շատ լավ գիտակցում եմ, որ այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ մեզ ձեռնտու չի կոալիցիայի անդամ լինել, որովհետեւ նոր խոսակցությունների, նոր քննադատության... Թեպետ միշտ եղել է դա: Հիմա էլ կլինի: Գիտեմ, որ քաջություն պետք է այս պայմանների մեջ այդ պատասխանատվության տակ մտնելը: Բայց ես ուրիշ ելք չեմ տեսնում այս երկրի վիճակը փոխելու: Այո, ներսից էլ պետք է փոխենք, դրսից էլ պետք է փոխենք»:



Նշենք, սակայն, որ արդեն խոսվում է կառավարությունում կոնկրետ անձանց հրաժարականների մասին, որոնց կարող են փոխարինել դաշնակցականները։ Մասնավորապես, տեւական ժամանակ «պլանի տակ» ընկած էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին հնարավոր է փոխարինի հենց ինքը՝ Արծվիկ Մինասյանը։ Մենք զգուշորեն հետաքրքրվեցինք, թե երբեւէ մտածե՞լ է օրենսդիրից գործադիրի անդամ դառնալու, կառավարությունում պաշտոն զբաղեցնելու մասին։ «Դժվար հարց ես տալիս, որովհետեւ ցանկացած քաղաքացի, առավել եւս՝ պետական ծառայող, իրեն բարձր պատիվ պետք է համարի՝ զբաղեցնելու պաշտոն, որը պետք է ծառայեցնի երկրում դրական փոփոխություն բերելուն։ Եվ ես կարծում եմ, որ կարեւոր չէ՝ դու պառլամենտում ես, թե գործադիրում, կարեւորը՝ դու քո գործը կատարես ի սրտե, հանուն պետականության»,-ասաց նա։



Երբ ավելի կոնկրետացրինք՝ գործադիրում Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք, Մինասյանը նորից մտավ «պատյանի» մեջ․ «Նո քոմենթ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ