Իշխանական կուսակցությունների եւ նրանց աջակցող ուժերի հետ մենք անելիք չունենք. Ռազմիկ Պետրոսյան

Իշխանական կուսակցությունների եւ նրանց աջակցող ուժերի հետ մենք անելիք չունենք. Ռազմիկ Պետրոսյան

ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ, դրանց նախորդող եւ հաջորդող ժամանակներում, երբ պետք է եղել, քաղաքական գործիչները հիշել եւ հենվել են ազատամարտիկների վրա։ Նրանք մի տեսակ բուֆերի դեր են կատարել իշխանություն-ընդդիմություն բազմաթիվ կոմբինացիաներով խաղերում, փորձել են մեկ սեղանի շուրջ համախմբել կուսակցական՝ տարբեր նախասիրություններ ու հավակնություններ ունեցող գործիչներին։ Այլ հարց է, թե դա նրանց որքանով է հաջողվել։



2013թ. էլ ազատամարտիկները Երեւանի Ազատության հրապարակում հրավիրվող հանրահավաքներով փորձում էին լցնել այն պարապը, որն առաջացել էր ՀՀ Նախագահի ընտրություններից հետո։ Այժմ էլ «Ազատամարտիկների դաշինքը» պարբերաբար տարածում է հայտարարություններ՝ փորձելով սատարել իր՝ անազատության մեջ հայտնված ընկերներին։



«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանին ուղղեցինք հետեւյալ հարցերը։



-Պարոն Պետրոսյան, ազատամարտիկները միշտ մի տեսակ կամրջող դեր են կատարել քաղաքական տարբեր ուժերի միջեւ։ Մի ժամանակ պարբերաբար հանդիպումներ էիք ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ։ Հիմա՞ էլ եք հանդիպում քաղաքական գործիչների հետ, քննարկում օրախնդիր հարցեր։



-Սյուները որ ամրացնում ենք, կամուրջը պատրաստ է (ծիծաղում է-Թ.Հ.)։ Մենք այսօր ազատամարտիկներով հավաքվում ենք եւ աշխատում մեր կառույցի հզորացման համար։ Մենք մտահոգված ենք մեր ազատազրկված ընկերներով, որոնց մասին էլ հայտարարություն ենք տարածել։ Երբ մենք կրկին քաղաքական դաշտում տեսնենք մեր տեղն ու դերը, ունենանք անելիք՝ երկիրն այս վիճակից հանելու ուղղությամբ, դրա մասին անպայման կհայտարարենք։ Իսկ քաղաքական ուժերից կհամագործակցենք նրանց հետ, որոնք ազնիվ են, չեն շեղվի իրենց քաղաքական ծրագրից, կծառայեն ժողովրդին։ Մենք նրանց կաջակցենք։



-Իսկ այսօրվա քաղաքական դաշտում տեսնու՞մ եք այդ ուժերին։



-Դե այսօրվա քաղաքական դաշտում Դուք տեսնում եք, թե հիմնական ուժերը որոնք են։ Եթե իշխանական կուսակցություններն են կամ նրանց աջակցող ուժերը, ապա նրանց հետ մենք անելիք չունենք։



-Իսկ ի՞նչ կարող եք ասել Արթուր Վարդանյանի հանցախմբին աջակցելու մեղադրանքով կալանավորված ազատամարտիկների, նաեւ՝ Վահան Շիրխանյանի ու Գառնիկ Մարգարյանի մասին։



-Մենք նրանց ճանաչում ենք, ճանապարհ ենք անցել նրանց հետ։ Այնտեղ, որտեղ կա իրավական խնդիր, չենք միջամտում։ Կարծում եմ, նրանց անցյալի, պատերազմում ունեցած ներդրման վրա չպետք է ցեխ շպրտել։ Մենք կոչ ենք արել ազատ արձակել նրանց։ Նրանք այն մարդիկ են, որոնց չպետք է նայել մատների արանքով եւ թողնել, որ զոհ դառնան կամայականությունների։



-Իսկ կա՞ն քաղաքական ուժեր, որոնք ձեզ հետ համագործակցելու ցանկություն ունեն։



-Եթե քաղաքական ուժերը ցանկություն կունենան մեզ հետ հանդիպելու, մենք պատրաստ ենք նրանց հետ հանդիպել եւ կաշխատենք իրենց աջակցել։



Թագուհի Հակոբյան