Մենք ձեւավորեցինք արհեստական կոալիցիաների մշակույթ

Մենք ձեւավորեցինք արհեստական կոալիցիաների մշակույթ

ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի լուրը ոմանք սրտի խորը կսկիծով են ընդունել, իսկ ընդդիմադիր «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անկեղծ ուրախացել է, որ ընդդիմադիր դաշտը հստակեցվում է։ Նա կոչ է անում բոլոր «ընդդիմադիրներին» հետեւել Դաշնակցության քայլին. «Քաղաքական դաշտն անիմաստ չլղոզեն, որը դժվարացնում է երկրում խնդիրների լուծումը: Դրական եմ համարում, որ ՀՅԴ-ն այլոց պես ջուր պղտորելով չի զբաղվում»։ Մարտիրոսյանը չմատնանշեց, թե որ ուժերին նկատի ունի: Նա համոզված է, սակայն, որ այդ կոալիցիան չի նպաստելու երկրում քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ու խնդիրների լուծմանը:



«Եթե ձեւավորվի այդ կոալիցիան, իշխանությունն ընդամենը վերջնականապես կամրապնդվի, եւ բացառապես կյանքի կկոչվեն միայն ՀՀԿ-ի որոշումները»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը՝ ցավով նկատելով, որ ՀՅԴ-ն կազմակերպչական ռեսուրսներ ունեցող կուսակցություն է եւ կարող է ընտրություններից առաջ ինքնակազմակերպվել ու ընդդիմադիր դառնալ։ «Համագործակցելով նաեւ այն ուժերի հետ, որոնք երկրում իսկապես բարեփոխումներ են ցանկանում, Դաշնակցությունն իր կազմակերպչական ռեսուրսներով եւ սփյուռքյան կառույցներով ընտրություններին հաստատ կուժեղացնի ՀՀԿ-ին»,- կարծում է նա:



Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար, «Նոր Հայաստան» ճակատի հիմնադիր խորհրդի անդամ Հմայակ Հովհաննիսյանի համար հասկանալի է, թե ինչու է Սերժ Սարգսյանին ցանկալի Դաշնակցության հետ կոալիցիան․ ««Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վայելում է Սփյուռքի մի զգալի հատվածի աջակցությունը՝ այն լայն զանգվածի, որը մեծահարուստները չեն, այլ հայ մարդիկ են, որոնք անբռնազբոս ձեւով պատրաստակամ են օգտակար լինել այս շարժմանը, ստեղծել են «Հայկական վերածնունդ» անվանմամբ հայրենասեր սփյուռքահայերի նախաձեռնություն: Նրանք բավական նախանձախնդիր են, շունչները պահած՝ հետեւում են «Նոր Հայաստանի» գործողություններին: Ինչպես Հայաստանում, դրսում էլ կան սեփական շահերը հետապնդող ուծացած ջոջեր, բայց մեր համակիրները հասարակ մարդիկ են՝ Սփյուռքի ժողովուրդն է»,- ասում է նա։ «Սերժ Սարգսյանն այդ փաստից անհանգստացած է: Հենց դրա համար էլ շահագրգռված է Դաշնակցության մասնակցությամբ կոալիցիա ստեղծելու հարցում, որպեսզի Սփյուռքում ՀՅԴ-ի հնարավորությունների վրա հենվելով՝ փորձի բարելավել իր զրոյական հեղինակությունը եւ հակակշռել «Նոր Հայաստան» ճակատին աջակցող սփյուռքահայության շարժումը»: «Եվ Ժիրայր Սեֆիլյանը, եւ Ալեք Ենիգոմշյանը, ինչպես նաեւ Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայրի եղբայրը, վայելում են Սփյուռքում հեղինակություն, տարիներ շարունակ փորձել են կամրջել հայրենաբնակ հայությանն ու սփյուռքահայությանը: Այստեղ Արթուր Բաղդասարյանն իշխանությունների խրախուսմամբ անգամ փորձ արեց յուրացնել նրանց նախաձեռնած շարժման՝ «Հայկական վերածնունդ» անվանումը: Դրանով Սերժ Սարգսյանի վարչախումբը փորձ էր անում յուրայինի միջոցով կամուրջ գցել դեպի Սփյուռք, բայց դա չհաջողվեց:



Հիմա ՀՅԴ-ի մասնակցությամբ կոալիցիա ձեւավորելու միջոցով են ուզում ազդեցություն ունենալ Սփյուռքի կառույցների վրա»,- ասում է քաղաքագետը: Ասել, թե Դաշնակցության հետ կոալիցիան կարող է դրական ներազդեցություն ունենալ տարբեր խնդիրների լուծման վրա, նա հիմքեր չի տեսնում: «Դաշնակցությունն ունի կառույցներ, ակումբներ, երկար տարիների ընթացքում՝ խորհրդային տարիներին՝ «սառը պատերազմի» ժամանակաընթացքում նրանց հաջողվել է ազգային կառույցները վերցնել իրենց ազդեցության տակ, սակայն Դաշնակցությունը չկարողացավ նոր իրավիճակում արդիականանալ եւ մնաց 20-րդ դարի տրամաբանության կաղապարում»: Իսկ ԲՀԿ-ի հետ կոալիցիան, ըստ Հովհաննիսյանի, այժմեական չի համարում, որովհետեւ Հայաստանի ԵՏՄ-ացումից հետո Սերժ Սարգսյանը Մոսկվայի հետ, մեծ հաշվով, լուրջ խնդիրներ չունի, իսկ ԲՀԿ-ին, Հովհաննիսյանի խոսքով, «Մոսկվան ընկալում է որպես Ռոբերտ Քոչարյանին դավաճանած եւ սեփական բարգավաճման մոլուցքով տառապող «հացակերների» մի խումբ, որը դատապարտված է մինչեւ վերջ սպասարկել Հովիկ Աբրահամյանի կոռումպացված կառավարությանը»: Այն ժամանակ, երբ այս ռեսուրսը կսպառվի, Հովիկ Աբրահամյանն ստիպված կլինի թողնել պաշտոնը, քանի որ առաջիկայում կանխատեսելի է, որ հնարավոր չի լինի պլստալ, եւ այդ ժամանակաշրջանը պիտի համընկնի ԲՀԿ-ի ռեսուրսի վերջնական սպառման հետ: «ՀՀԿ-ն արդեն զբաղեցրել է այն աշխարհաքաղաքական տարածքը, որը մինչեւ Հայաստանի անդամագրումը ԵՏՄ-ին զբաղեցնում էր ԲՀԿ-ն, այսինքն՝ ռուսաստանամետ կամ Ռուսաստանում իշխող ուժի՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության գործընկերոջ տարածքը: Այդ առումով ԲՀԿ-ն ֆունկցիոնալ չէ եւ Սերժ Սարգսյանի շահերի սպասարկման հարցում ավելացնելու որեւէ բան չունի»:



ԱԺ անկուսակցական պատգամավոր Թեւան Պողոսյանը չի ցանկանում, որ Հայաստանում արհեստական դաշինքների մշակույթ ձեւավորվի․
«Ամենասկզբից, երբ սկսեցին մեր երկրում կոալիցիաներ ձեւավորել, այդ կոալիցիաների կարիքը չկար: Մեզ մոտ շատ արհեստական ձեւով սկսեցին դա անել: Կոալիցիա ձեւավորում են, երբ մարդիկ ունեն, ասենք, 30 տոկոս ձայն, պետք է 50 տոկոս ձայն, այն 20-ի համար գնում՝ կոալիցիա ես ձեւավորում: Եթե դու դրա կարիքը չունես եւ ունես 60 տոկոս, բայց գնում ես կոալիցիայի, ինձ համար նման կոալիցիա ձեւավորելն արհեստական է ու անտեղի: Մենք ձեւավորեցինք անհասկանալի, բացասական այդ մշակույթը»։ Մինչդեռ, ըստ նրա, պատասխանատվությունը կիսում են, երբ չունեն այդ ռեսուրսը, կարիք ունեն մարդկանց: «Բայց եթե դու այսպես թե այնպես ունես մեծամասնություն եւ ուրիշ ուժ ես ներգրավում, նշանակում է դու պատասխանատվությունը լղոզում ես: Փոքր կուսակցությունների համար կոալիցիան դրական կողմ ունի՝ իրենց տեսլականներն են իրականացնում»:



Անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգին՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ ապագայում կոալիցիաների ձեւավորման հարցը հիմնված լինի երկրի շահերի վրա: