Թունավորվածը 4 օր բուժում ստանալուց հետո է միայն տեղափոխվել «Գյումրի» Բ/Կ

Թունավորվածը 4 օր բուժում ստանալուց հետո է միայն տեղափոխվել «Գյումրի» Բ/Կ

«Գյումրի բժշկական կենտրոն»-ից տեղեկացանք, որ հունվարի 31-ին բոտուլիզմի ախտանիշով քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց: Տուժածը Գյումրու բնակիչ 1978 թ ծնված Ա․Ս․-ն է։ Վերջինս, պարզվում է, հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու Ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոցում 4 օր բուժում ստանալուց հետո միայն: Ներկայումս, ինչպես հայտնեցին «Գյումրի» ԲԿ-ից, հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում, վերջինս գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում։



Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի խավիարի կամ մարինացված կանաչ պղպեղի օգտագործումը սննդում: Օգտագործումից մեկ օր անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, շնչահեղձություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժում և հակաբոտուլինային շիճուկ:



Նշենք, որ մեր տեղեկություններով երկրորդ տուժածի վիճակը կայուն է , բուժումը շարունակում է տանը:



Արևիկ Հակոբյան, Գյումրի