Քույրիկներիս ու փոքր եղբորս լիքը կոնֆետներ, շորեր, մեկ էլ մամաս չնեղվի. 7-ամյա Արամայիսի ցանկությունը

Քույրիկներիս ու փոքր եղբորս լիքը կոնֆետներ, շորեր, մեկ էլ մամաս չնեղվի. 7-ամյա Արամայիսի ցանկությունը

Պետրոսյանների բազմազավակ ընտանիքը աշխատանք չունենալու պատճառով Մասիս քաղաքից տեղափոխվել է Արարատի մարզի Դարակերտ գյուղ, որտեղ ընտանիքի հայրը՝ Արարատ Պետրոսյանը, գյուղի անասնագոմերից մեկում աշխատում է: Անասնագոմին կից մի փոքր շինության մեջ էլ բնակվում է կնոջ՝ 32 -ամյա Անուշի եւ 4 անչափահաս երեխաների հետ: Արարատը անասուններին է պահում, փոխարենը նրանց թույլ են տալիս բնակվել հարակից շինությունում և մոտ 80 հազար դրամ վճարում, որով կարողանում են հոգալ օրվա հացը: Նրանց կացարանն ընդամենը մեկ սենյակից է բաղկացած, անմխիթար վիճակում է, բացակայում են անհրաժեշտ պայմանները ապրելու համար:



Այսօր 10-ամյա Նունեն եւ 9-ամյա Թամարան հագուստ ու կոշիկ չունենալու պատճառով դպրոց չեն գնացել, գրենական պիտույքների մասին խոսելն ավելորդ է, քանի որ դրանց գնելուն հերթը չի հասնում. «Գյուղի խանութներում պարտքերը այնքան են շատացել, որ այժմ պարտքով սնունդ վերցնելն այլևս անհնար է: Եթե բարի մարդիկ այս պահին կարողանան օգնել մեզ սնունդով կամ հագուստով, մեր հոգսը կթեթեւանա: Ամռանը մի քանի բանկա փակոց եմ արել, որ ուտելու բան չի լինում, մի բան բացում եմ, տաքացնում, երեխաները ուտում են»: 10 տարեկան Նունեն դպրոցում լավ է սովորում, սիրում է հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաները, երազում է դառնալ ուսուցչուհի, երազանքն իրականացնելու համար նա ջանք չի խնայում, ուզում է գերազանց ավարտել դպրոցը:



Քույրը՝ Թամարան 9 տարեկան է, սակայն սովորում է առաջին դասարանում. «Երկու տարի նույն դասարան եմ մնացել, քանի որ լավ չեմ սովորել, դրա համար էլ չփոխադրեցին: Սիրում եմ նկարել, ճիշտ է լավ չեմ սովորում, բայց եթե համակարգիչ ունենամ, կարող եմ համակարգչով նկարել»: Թամարայից հետաքրքրվեցինք թե ինչ են կերել առավոտյան եւ ինչ է պատրաստել մայրիկը երեկոյան ուտելու համար պատասխանեց. «Առավոտյան հաց ու ջեմ ենք կերել, ցերեկը զակատ արած պոմիդոր ու հաց, իսկ հիմա էլ մաման մակարոնի փլավա սարքում»: 7 տարեկան Արամայիսը իր համար ոչինչ չուզեց, միայն շշնջաց, որ «Քույրիկներիս ու փոքր եղբորս լիքը կոնֆետներ, շորեր, մեկ էլ որ մամաս չնեղվի»: Թե ինչը նկատի ունի ասելով, որ մաման չնեղվի, այդպես էլ չխոսեց:



Անուշի չորրորդ երեխան 9 ամսական է: Մեզ հետ զրույցում Անուշը նշեց, որ երբ երեխաները մի բան են ուզում են, կարողանում են հասկացնել, որ չկա կամ երբ պապան փող ստանա, այն ժամանակ կառնենք: Ի դեպ, այս ընտանիքում շուտով կծնվի հինգերորդ երեխան: Անուշը չի մտահոգվում երեխայի սեռով՝ ասելով, որ կարեւոր չէ՝ տղա թե աղջիկ լինի, կարեւորը առողջ երեխա ծնվի: Իսկ վերջում բազմազավակ մայրն ասաց. «Եթե ընտանիքում սեր ու հարգանք կա, ամեն դժվարություններն էլ հաղթահարելի է»:



Նելլի Կարապետյան