Երկու հեղինակազրկվածներ կոալիցիա կկազմեն

Երկու հեղինակազրկվածներ կոալիցիա կկազմեն

Մինչ ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն բանակցությունները շարունակվում են, Դաշնակցությունը երեկ որոշեց «ճնշումներ» գործադրել իշխանության վրա եւ բարձրացնել իր գինն ու մեծացնել ստանալիք չափաբաժինը:



ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը խորհրդարանում հայտարարեց, որ իշխանությունը հեղինակազրկված է, բայց իրենք գնում են նրա հետ համագործակցության միջոցով ինչ-որ բան փոխելու, քանի որ այլ դաշտ չկա, որտեղ հնարավոր է աշխատել: Դիտարկմանը, թե ավելի լավ չէ՞ր միանալ ընդդիմությանը, գնալ իշխանափոխության, նա պատասխանեց. «Ընդդիմությանը միացանք, քառյակին միացանք, քառյակը մեր ասածները չարեց, տրոհվեց: Քառյակը թող մնար մեր գծի վրա, հիմա շատ ավելի հուժկու ձայներով մենք մեր բոլոր խնդիրները կլուծեինք»։ Ռուստամյանը հավելեց, որ եթե իշխանությունները հեղինակազրկված են, դա բոլորիս պրոբլեմն է: Նրան արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հայտարարելով, որ կհորդորեր Ռուստամյանին զգացմունքային ելույթներ չունենալ: Նաեւ հակադարձեց, որ ՀՀԿ-ն ունի վարկանիշ:



Ռուստամյանի հայտարարությունից հետո ՀՀԿ-ականները խորհրդարանի պատերի տակ սկսեցին «մանթո-մանթո» հայտարարություններ անել՝ զգուշանալով հրապարակային արտահայտություններից: Խորհրդարանի ամենատարեց պատգամավոր, ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանը չցանկացավ հավատալ, թե Ռուստամյանը նման կարծիք ունի։ «Ես համամիտ չեմ, թե ՀՀԿ-ն հեղինակազրկված է, մեր հեղինակությունը գալիս է կատարված գործերից եւ ոչ թե խոսքերից, բացի դրանից, չպետք է մոռանալ, որ ՀՅԴ-ն եղել է իշխանության մեջ, իշխանության մեջ մաս է կազմել, իսկ մենք էլ երբեք չենք ասել, թե նրանց ղեկավարած նախարարությունների համար պատասխանատվություն չենք կրում»,- համերաշխության կոչեր արեց ՀՀԿ-ական Մինասյանը: Նա իրավիճակը չսրելու համար նույնիսկ ասաց, թե ՀՅԴ-ի հետ կոալիցիան օգնելու է երկրում առկա խնդիրների «արագ եւ արդյունավետ» լուծմանը, թեպետ վստահեցրեց, որ իշխանությունն առանց ՀՅԴ-ի էլ կարող է իր գործն անել: Ի դեպ, անդրադառնալով Դաշնակցության հայտնի 7 առաջարկներին, որոնց կատարումը տարիներ առաջ Դաշնակցությունը նոր կոալիցիայի նախապայման էր հայտարարում, բայց որոնք, ըստ Հրանտ Մարգարյանի վերջերս արված հայտարարության, կատարվել են 3-4 կետով, Մկրտիչ Մինասյանը նշեց. «Ես ինչքան տեղյակ եմ, մեզ հետ որեւէ բան չի պայմանավորվել, որ մենք պետք է զիջումների գնանք»: ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն էլ կարծում է, որ ընդդիմադիր գործընկերները պետք է կոռեկտ արտահայտվեն, հատկապես Արմեն Ռուստամյանից ՀՀԿ-ականը նման հայտարարություն չէր սպասում. «Որովհետեւ բոլորս գիտենք, թե այսօր ով ինչ տեղ է զբաղեցնում, ով ինչքան ձայներ ունի: Բոլորս տեղյակ ենք, թե որ կուսակցությունն ինչ հեղինակություն ունի: Պարոն Ռուստամյանից նման ձեւակերպում չէի սպասում, երեւի նա կամ հուզված է եղել, կամ բարկացած»:



Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ մեզ հետ զրույցում չխնայեց «հին ընկերներին». «Եթե պարոն Ռուստամյանը նման բան է ասել, երեւի նկատի է ունեցել այն ժամանակահատվածը, երբ որ իրենք մեզ հետ կոալիցիա են կազմել»: Այսինքն, ՀՀԿ-ն պատրաստվում է կրկի՞ն հեղինակազրկվել եւ կոալիցիոն առաջարկ է արել ՀՅԴ-ին։ «Ոչ, մենք մի քիչ այլ մոտեցում ունենք, եւ մեր գործընկերային փոխհարաբերությունները ՀՅԴ-ի հետ մեկ այլ հարթության մեջ են»: Ճշտում՝ հիմա ՀՀԿ-ն հեղինակազրկված չէ՞։ «Չեմ կարծում: Մանավանդ, որ հեղինակազրկման եւ, առհասարակ, վարկանիշի համար լակմուսի թուղթ են ընտրությունները»:



Ի՞նչ է տալու ՀՅԴ-ի հետ կոալիցիան ՀՀԿ-ին։ «Մենք ունենք նոր Սահմանադրություն, որը սոսկ փաստաթուղթ չէ, դա իրենից ենթադրում է նաեւ փոխհարաբերություններ ոչ միայն օրենսդրական դաշտում, այլ մտածողության, մոտեցումների: Իսկ մենք քանի որ այդ ճանապարհն անցել ենք դաշնակցական ընկերների հետ, կարծում եմ՝ հետագայում էլ այդ զարգացումները կարող ենք տրամաբանական ավարտին հասցնել»: