«Քիմպրոմի» աշխատակիցները կրկին ոտքի ելան

«Քիմպրոմի» աշխատակիցները կրկին ոտքի ելան

Վանաձոր «Քիմպրոմի» աշխատակիցներն այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել Լոռու մարզպետարանի բակում: Ցուցարարները հայտնել են, որ չնայած նախորդ տարի վճարվեց իրենց աշխատավարձի պարտքը, այնուամենայնիվ դեռ 2011թ-ին Վանաձոր Քիմպրոմի «Ռեջիոն Էներջի» գործարանը աշխատակիցներին դեռևս 5 ամսվա աշխատավարձ է պետք: Դեռ այն ժամանակ 150 աշխատակիցներից 100-ը դիմել են դատարան ու շահել դատը: Դատարանը գործարանին պարտավորեցրել էր վճարել աշխատակիցներին, սակայն մինչ օրս աշխատակիցներից և ոչ մեկը այդ գումարները չի ստացել: Այյնուհետ արդեն գործարանը սնանկ է ճանաչվել ու իրավահաջորդ է դարձել Վանաձոր-Քիմպրոմը:



Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ աշխատակիցները իրենց խնդրի մասին են հայտնել մարզպետին՝ նշելով, թե ցանկանում են նամակ գրել Արդարադատության նախարարին ու հանդիպում խնդրել: ««Քիմպրոմի» հարցը լուծվեց, բայց այ այս մի հարցը էդպես էլ չլուծվեց, 2011թ-ի պարտքը մնաց»,-ասել է աշխատակիցներից մեկը՝ նշելով, որ իրենց հարցը օդում կախված է մնում 2011թ-ից մինչ օրս. «Մենք չգիտենք այդ փողը կա, թե չկա, կտան, թե չեն տա, 5 տարի ասում ենք էս մասին, միթե տեղ չի հասնում, միթե նախագահը չգիտի…մի Սնեգիրյով ունենք, էդ էլ չգիտենք որտեղ ա…ինձ Սնեգիրյովն ա աշխատացրել, թող ինքն էլ գա ու պարտքը տա»:



Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խնդրի լուծումը տեսնում է գույքի օտարման մեջ, որով էլ կմարվի աշխատավարձերի պարտքը՝ 100 մլն դրամ, մինչդեռ այստեղ էլ մեկ հարց կա՝ «Ռեջիոն Էներջին» գույք չունի, գույք ունի «Վանաձոր Քիմպրոմ»-ը, որն էլ համարվելով իրավահաջորդ, պարտավոր է փակել աշխատավարձերի պարտքերը: