Պաշտո՞նն են բարձրացնում, թե՞ բանակ են տանում

Պաշտո՞նն են բարձրացնում, թե՞ բանակ են տանում

Սյունիքի մարզպետի որդին կարծես հայրիկին չի քաշել նույն աշխատավայրում երկար մնալու ձգտումով: Թե ինչո՞ւ է հանկարծ տխրահռչակ մարզպետի որդին աշխատանքից ազատման դիմում գրել, անհասկանալի է, երկու ամիս առաջ Տիգրան Խաչատրյանի գովքն իրականացնող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀՅԴ-ական Մարտուն Մաթևոսյանը երեկվանից հեռախոսազանգերին չի պատասխանում, երևի «սուգ» է հայտարարված, չէ՞ որ հայտարարում էր, որ իր օգնականը բարեխիղճ, երիտասարդ, խոստումնալից կադր է: Hraparak.am-ի աղբյուրները հայտնում են, որ նաև Մարտուն Մաթևոսյանի համար էլ է անակնկալ եղել, երիտասարդը հանկարծակիի է բերել տնօրենին: Մի գեղեցիկ աշխատանքային օր եկել է աշխատատեղ և անսպասելի դիմում գրել աշխատանքից ազատվելու համար:



Սյունիքի մարզպետից փորձեցինք հետաքրքրվել, կարո՞ղ է որդին 2 ամսվա ընթացքում այնպիսի առաջընթաց է գրանցել, որ պաշտոնի բարձրացում է սպասվում, ինչպես այս օրերին խոսվում է, սակայն մարզպետը մեր զանգերին չպատասխանեց: Վերջինիս խորհրդականն էլ՝ Զարզանդ Նիկողոսյանը, բանից անտեղյակ էր:



Ի դեպ, մենք հիշեցինք, որ անցյալ տարի Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե որդուն գարնանը ճանապարհելու է բանակ: Մինչ այդ Տիգրան Խաչատրյանը, ով հասցրել է հայրիկից ոչ պակաս անուն հանել, սովորում էր Գորիսի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, ուշադրություն՝ անվճար հիմունքներով, տարկետման մեջ էր, իսկ հետո էլ ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայությանը:



Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանն անցյալ տարի ներգրավված էր «Սդղի գյոլի»-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործում, մարզպետի որդուն նույնիսկ ձերբակալել էին, մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար: Տիգրան Խաչատրյանը կասկածվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքի համար, սակայն որոշ ժամանակ անց տուժողները մտքափոխվեցին, նախաքննությունն էլ հաճույքով գլխիվայր «շրջվեց», իսկ ազնվաբարո երիտասարդին անարդարացի կասկածելու մեղքը քավեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ում տնօրենի օգնական նշանակելով: