Թող ավելի լավ կադրեր գան խորհրդարան, քան մենք ենք

Թող ավելի լավ կադրեր գան խորհրդարան, քան մենք ենք

Նախընտրական աժիոտաժը` սահմանադրական փոփոխություններով պայմանավորված, սպասվածից շուտ է սկսվել, գրեթե բոլորը քաղաքական նոր հեռանկարների եւ 2017-ի խորհրդարանում տեղի փնտրտուքների մեջ են: Հատկապես մեծամասնական ընտրակարգից հրաժարումը եւ ընտրատարածքների խոշորացումը բարդացնելու են օրենսդրական գործունեությամբ չփայլող, մանդատը սեփական շահերին ծառայեցնողների հարցը: Հիմիկվանից բոլորը նորից «դաբրո» ստանալու «տասովկեքի» մեջ են: Ապարանի թիվ 14 ընտրատարածքից մանդատ վերցրած ՀՀԿ-ական Վրեժ Մարկոսյանը գրեթե համակերպվել է հաջորդ խորհրդարանում չլինելու մտքին եւ պատրաստ է աջակցել մեկ այլ ոչ անհայտ ապարանցու թեկնածությանը: Lուրեր կան, որ Սամվել Ալեքսանյանն այս անգամ Ապարանից է առաջադրվելու, իսկ Մալաթիայում աշխատելու է իր փեսա Կորյուն Նահապետյանի համար:



- Պարոն Մարկոսյան, Ձեր պաշտպանած նոր Սահմանադրությունը, փաստորեն, անցանկալի է համարում մեծամասնական ընտրակարգը, որը հիմնականում ծառայել է ՀՀԿ-ականներին: Ի՞նչ եք անելու հաջորդ ընտրություններին:



- Նորմալ է, եթե այդպես են որոշել, ժամանակը կգա՝ կորոշենք:



- Համաձա՞յն եք, որ անարդյունավետ ընտրակարգ է, եւ, որպես կանոն, մեծամասնականով ընտրվածները չեն փայլում օրենսդրական գործունեությամբ:



- Ճիշտ ա:



- Դուք Ձեր փորձի՞ց եք ասում:



- Այո:



- Փաստորեն, չեք աշխատել այս տարիներին:



- Հնարավորինս աշխատել եմ, ինչքան հնարավորություն է եղել, բայց թող ավելի լավ կադրեր գան, քան մենք:



- Մեծամասնականով ընտրված պատգամավորների ներկայությունը, այսինքն, անիմա՞ստ է:



- Անիմաստ չէ, բայց շատ դրական չէ:



- Իսկ Ձեզ ինչո՞ւ էր պետք մանդատը:



- Չեմ պատասխանի:



- Հավատո՞ւմ եք, որ իշխանությունն ամբողջովին կազատվի կոճակ սեղմողներից, մականունավորներից:



- Լավ կլինի, հաջորդ խորհրդարանն ավելի լավ կլինի:



- Բայց «արտոնյալներն» էլի կլինեն, օրինակ՝ Ապարանից ասում են, Սամվել Ալեքսանյանին են բերելու:



- Ավելի լավ:



- Փաստորեն, ինքն ավելի լա՞վ պատգամավոր է, քան Դուք:
(Ծիծաղում է եւ չի պատասխանում):



- Չե՞ք խանդում, որ նրան են նախապատվություն տալու:



- Չեմ խանդում, իմ համերկրացին է, իրա համար կաշխատենք:



- ՀՀԿ-ն կոալիցիայի առաջարկ է արել Դաշնակցությանը, կո՞ղմ եք համագործակցությանը:



- Նորմալ եմ վերաբերվում, ինչքան շատ լինի կոալիցիան տարբեր կուսակցությունների հետ, այնքան լավ կլինի երկրի համար, ժողովրդին ավելի մոտ կլինի:



- Երեկ ՀՅԴ-ից իշխանության հեղինակազրկված լինելու մասին հայտարարություն հնչեց, կիսո՞ւմ եք այդ տեսակետը:



- Ես համամիտ չեմ այդ գնահատականի հետ:



- Ասել են, որ կոալիցիա են կազմելու, որ իշխանության որակը բարձրացնեն-փոխեն:



- Դե թող գան՝ կտեսնենք:



- Դուք պատրա՞ստ եք ՀՅԴ-ի օգնությամբ դաստիարակվելու, փոխվելու, նրանց կհաջողվի՞ ձեր հեղինակությունը բարձրացնել:



- Չեմ կարող ասել, մինչեւ չլինի:



- Փաստորեն ընդունում եք, որ իշխանությունը հեղինակազրկված է:



- Ոչ, հաստատ ոչ:



- Այդ դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում ձեզ «պախարակող» ուժի հետ կոալիցիա կազմել:



- Դե, որովհետեւ կբերեն նոր գաղափարներ, նոր ուժ՝ ժողովրդին ի նպաստ, կարող է մարդիկ մի գաղտնիք ունեն, որ չեն բացահայտել մինչեւ հիմա: