«Նոր Հայաստանը» մարտի 1-ին հնարավոր է՝ անհնազանդության գործողություններ անի

«Նոր Հայաստանը» մարտի 1-ին հնարավոր է՝ անհնազանդության գործողություններ անի

Այսօր` փետրվարի 5-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը հայտարարեց, որ մարտի 1-ին, բացի պահանջներ ներկայացնելուց, կատարելու են անհնազանդության գործողություններ` շրջափակելով վարչական շենքեր կամ փողոցներ, եթե բավականին հանրության աջակցություն լինի։ Նրանք նաև ներկայացրեցին այն պահանջները, որոնք մարտի մեկին պատրաստվում են հանձնել միջազգային հանրության դատին․ միջազգային պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյանների նկատմամբ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների,համատարած կոռուպցիայի և չբացահայտված հանցագործությունների համար, ճանաչել Հայաստանում քաղբանտարկյալների արդարությունը և նրանց անհապաղ ազատ արձակել, կրճատել ոստիկանական ուժերի թիվը, ստեղծել նորմալ քաղաքական պայմաններ ազատ հավաքների համար։ Պահանջները մեզ ներկայացրեց Ա․ Ղուկասյանը:



Հմայակ Հովհաննիսյանը նույնպես կոչ արեց հանրությանը ու ընդդիմադիր ուժերին միանալ մարտի մեկի հանրահավաքին: Մեզ հետ զրույցում Անդրեաս Ղուկասյանը նշեց, որ իրենց գլխավոր խնդիրն է զրկել քրեական ռեժիմին արտաքին իր կարողություններից. «Կարծում եմ, որ համապատասխան միջազգային գնահատականը, որպես քաղաքական գործառույթ տեղի կունենա: էապես կփոխվի հանրության վերաբերմունքը քաղաքականության նկատմամբ, երբ մարդիկ կտեսնեն, որ ՀՀԿ-ի և քրեական օլիգարխիայի տարրերը մտել են պատժամիջոցների ցուցակներում: Սպասում ենք հանրության աջակցությանը»: