Մեքենաները կէժանանան, դիլերները կսնանկանան կամ էլ պետք է մեքենա բերեն ՌԴ-ից

Մեքենաները կէժանանան, դիլերները կսնանկանան կամ էլ պետք է մեքենա բերեն ՌԴ-ից

Հարցազրույց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ



- Պարոն Բագրատյան, փետրվարի 2-ին, եթե չեմ սխալվում, Դուք ԱԺ ամբիոնից բարձրացրիք ԵՏՄ երկրներից ներմուծվող ապրանքներն ԱԱՀ-ից ազատելու հարցը։ Հետո ԵՏՄ նախարար Վալովայան ասաց նույնը, կառավարությունն առարկեց, թե հարկը կգանձեն մինչեւ հաջորդ տարվա հունվար։ Հիմա ինչպե՞ս եղավ, որ ԱԱՀ-ն հանկարծ հանվեց։ Ձեր գնահատականն այս որոշման մասին։ 



- Որոշումն ինքը բխում է ԵՏՄ պայմանագրից։ Գտնվել ԵՏՄ-ում եւ վճարել ԱԱՀ՝ հնարավոր չէր։ Չեմ ուզում ասել, որ սա եղավ մեր ճնշման արդյունքում։ Ինքը՝ կառավարությունը, մտահոգ էր, եւ երբ բյուջեն էինք քննարկում, այս մասին խոսակցություն գնաց ֆինանսների նախարարի հետ։ Եվ կառավարությունը, եւ ֆինանսների նախարարն առարկում էին, թե հարկային մուտքերի հետ ինչ ենք անելու։ Պարզ է, որ հարկերի մասին պետք էր մտածել մինչեւ ԵՏՄ պայմանագիրն ստորագրելը։



- Ֆինանսների նախարարությունը պատճառաբանեց, որ բյուջեն մեծ գումարներ է ստանում ԱԱՀ-ից, հիմա բյուջեն այս մասով չի՞ կատարվի։



- Ես, ճիշտն ասած, հարգում եմ այդ պատճառաբանությունը։ Տասնյակ միլիարդների հարց է։ Գիտենք, որ 2015-ի բյուջեով կտրուկ իջել է ԱԱՀ-ի տեսակարար կշիռը, բայց կարեւոր է, որ սա հանվեր, որ մենք վերջապես հասկանանք՝ մենք ԵՏՄ-ո՞ւմ ենք, թե՞ չէ։ ԵՏՄ մտնելով՝ մեր բոլոր տեսակի ցուցանիշները վատացել են, եւ եթե մենք մի փոքր աճ ենք արձանագրել անցյալ կամ այս տարի, դա հանքարդյունաբերությունն է կամ էլ վերամշակող արդյունաբերության այն հատվածում է, որը ԵՏՄ-ի հետ ընդհանրապես կապ չունի։ Այսքանից հետո հարց է ծագում՝ ԵՏՄ-ի օգուտը ո՞րն էր։ Եթե փորձեք ասել՝ էժան գազը կամ էժան բենզինը, դա այդպես չէ, ճիշտ հակառակն է։ Նույնիսկ Մոլդովան, որ գնաց Եվրոպա, ի վերջո, գազն իր երկրում ավելի էժան է վաճառում, քան Հայաստանում, էլ չեմ խոսում Ուկրաինայի կամ Վրաստանի մասին։ Սա պետք է արվեր։ Ինչ վերաբերում է, որ բյուջեի միջոցները կպակասեն։ Ըմբռնումով կմոտենամ, եթե ասեն՝ բերեք բյուջեն պակասեցնենք։ Կամ էլ ինչ-որ աղբյուր պետք է գտնեն ֆինանսավորելու համար։ Ամեն դեպքում, եթե այս տարվա հաստատված բյուջեն թերակատարվի, ապա այս մասով բացառություն պետք է անել եւ ընդունել, որ պատճառն «օբյեկտիվ» է։



- Շուկայում ի՞նչ փոփոխությունների կբերի այս որոշումը։



- Շուկայում կստեղծվի հետաքրքիր վիճակ։ ԱԱՀ-ից ազատված բոլոր տեսակի ապրանքների ու նախեւառաջ ավտոմեքենաների գների անկում տեղի կունենա։ Ընդհանուր առմամբ, կարող են դիտարկվել ռեցեսիոն միտումներ՝ գնանկման։ ԵՏՄ ազդեցության, ռուբլու արժեզրկման պատճառով, քանի որ ներմուծումների աշխարհագրությունը փոխվում է ծագող երկրներից դեպի Ռուսաստան, մենք արդեն ունեինք հունվարին որոշակի գնանկում, որը, ի դեպ, վատ է տնտեսության համար։



- Բայց մարդկանց համար է լավ։



- Միշտ այդպես է, մարդկանց համար ընթացիկ, կարճ ժամկետում լավ է, բայց գնանկումը բերում է տնտեսության աճի դանդաղեցման։ Այսինքն՝ դա հեռանկարային լուծում չէ։ Մի կես տարի օգուտ կքաղենք, հետո կզգանք բացասական հետեւանքները։ Հայաստանում, ասենք, բոլոր այն դիլերները, որոնք զբաղված էին ավտոմեքենաներ կամ այլ ապրանքներ այլ երկրներից ներմուծելով, նրանք, իհարկե, կամ պիտի սնանկանան, կամ էլ աչքները տնկեն ռուսական շուկայի վրա։



- Մի խոսքով, կառավարությունն այս անգամ մարդկանց համար լավ որոշո՞ւմ ընդունեց։



- Ո՞նց է աշխատում կառավարությունը՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ։ Կոնկրետ սա այն որոշումն է, որ, իհարկե, ողջունելի է, բայց 4-5 որոշումներից մեկն է այսպիսին։ Բացի այդ, սա պարտավոր էին անել։ Միայն անցյալ քառօրյայում մենք ընդունեցինք պետական տուրքի մասին անհասկանալի օրենք, լիցենզավորելով առեւտուրը երրորդ երկրների հետ։ Ինչի՞ է պետք սա կառավարությանը, ես չեմ հասկանում։



- «Պետտուրքի մասին» օրինագծի անհրաժեշտությունը ո՞րն էր, ի վերջո, ստացա՞ք բացատրություն։



- Ոչ մի կերպ։ Ասում են՝ այդ պահանջը կա ԵՄ պայմանագրում։ Բայց ես, որպես պատգամավոր, չկարողացա դա ստանալ, մի քանի անգամ եւ էկոնոմիկայի փոխնախարարը, եւ հանձնաժողովի նախագահն ասացին՝ հիմա կկարդանք այդ կետը, ու չկարդացին։ Նման կետ ես չգտա։



- Ինչո՞ւ պետք է գործարարներն ավելորդ գումար վճարեն ինչ-որ անհասկանալի լիցենզիաների համար, թեկուզ ընդամենը 1000 դրամ։



- Մենք այդ քվոտաների, լիցենզիաների համակարգին հրաժեշտ ենք տվել 1990 թվականին։ Նույնիսկ շատերը 1989-ին, երբ դեռ Խորհրդային Միությունը կար։ Հիմա ո՞ր դար ենք գնում։ Տեսեք, մենք խոսում ենք Իրանի հետ հարաբերությունները լավացնելու մասին, հայտարարում ենք, որ Իրանի հետ շատ ինտենսիվ է պետք աշխատել, կառավարությունն աշխատում է Իրանի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ պայմանագրի վրա, եւ եթե դա ստացվի, շատ ճիշտ կլինի, բայց դրա հետ միասին լիցենզավորում է արտաքին առեւտուրն այդ երկրի հետ։ Ինչո՞ւ։ Կրկնում եմ՝ մի քայլ առաջ, երկու քայլ հետ աշխատանքի սկզբունքին պետք է վերջ տալ։



- Դուք հանդես եք եկել գրավ վերցված անշարժ գույքի վաճառքի սահմանափակումների մասին օրինագծով, որը քննարկման փուլում է։ Ինչի՞ մասին է խոսքը։



- Մարդիկ գրավ են դնում բնակարանը, վարկը չեն կարողանում տալ, եւ բնակարանի իրացման իրավունքն անցնում է բանկին։ Ի դեպ, բանկերում բյուրավոր բնակարաններ են կուտակվել։ Բանկի ակտիվներում չեն կարող լինել այդպիսի օբյեկտներ, եւ բանկին սահմանափակ ժամկետ է տրված, կարծեմ՝ վեց ամիս, իրացման համար։ Պատկերացրեք, որ այդ բնակարանում, որը գրավ է դրված, կա անչափահաս երեխա։ Եթե չափահաս է, նա գրավոր համաձայնություն է տալիս, ստորագրում է, բայց եթե երեխան անչափահաս է, իրավունք ունի՞ այդ երեխան ասել, որ բնակարան ունենալու իր իրավունքը, որը Սահմանադրությամբ է ամրագրված, խախտվում է։ Այդ է պատճառը, որ արեւմտյան երկրների մեծ մասում, ՌԴ-ում, Ուկրաինայում բանկերին արգելվում է գրավն իրացնել, գրավը սառեցվում է։ Դուք մնում եք պարտք բանկին, բայց բանկն իրավունք չունի բնակարանն իրացնել։ Մենք այս Սահմանադրությամբ, ի դեպ, վերջերս նաեւ կոալիցիոն հուշագրում, գրել ենք սոցիալական շուկայական պետություն։ Ես, օրինակ, դեմ եմ։ Ասում եմ՝ չեք ձգի սա։ Հիմա եթե ընդունել եք, հարգեք սա։ Երեք տարեկան երեխան էլ բնակարանի անձեռնմխելիության իրավունք ունի (32-րդ հոդված), եւ նրա հայրը, հետեւապես, իրավունք չունի այդ բնակարանը գրավ դնել, որ հետո վաճառվի, բանկն էլ իրավունք չունի վարկի դիմաց գրավն իրացնել։



- Չե՞ք մտածում, որ Ձեզ սոցիալիզմի մեջ կմեղադրեն։



- Ի՞նչ կապ ունի՝ սոցիալիստ ես, լիբերալ ես։ Կա Սահմանադրություն, ընդունվել է այնպես, ինչպես ընդունվել է, եւ ինչո՞ւ պետք է բանկերն անպատիժ, առանց ռիսկի աշխատեն։ Գրավի գործարքի ողջ ռիսկը 100 տոկոսով դնում են գրավառուի վրա, իսկ բանկը ոչ մի պատասխանատվություն չի կրում։



- Մի կարճ քաղաքական հարց։ Ընդդիմության հասցեին այսօր շատ մեղադրանքներ են հնչում, երբեմն ավելի շատ, քան իշխանության։ Դուք մեր ընդդիմությանն ինչպե՞ս կգնահատեք։



- Ընդդիմությունը հակառակ հայելին է իշխանության, եւ ես շատ վատ եմ գնահատում, քանի որ իշխանությունն ամբողջովին թաղված է բիզնեսի մեջ։ Ամենահիմնական պատճառն այն է, որ ընդդիմությունը փող չունի, աղքատ է։ Իշխանության եւ տնտեսության միաձուլում է տեղի ունեցել, դրանք սերտաճած են։ Այս պայմաններում մեղադրել մեր ընդդիմությանը, ես չէի վերցնի ինձ վրա։ Օրինակ, երբ որ մենք հանդիպեցինք նախագահին, մեր կարծիքը հայտնեցինք Սահմանադրության մասին, ես նրան ասացի՝ ավելի լավ է թագավոր լինեք, պրծնենք, իմանանք՝ մի հատ թագավոր ունենք, մնացած բոլորն օրենքի առաջ հավասար լինեն, քան դուք այս ամենն անվանեք պառլամենտական հանրապետություն, եւ իրականում թագավորությունից ավելի կոշտ դիկտատուրա լինի։ Հիշո՞ւմ եք, ասել եմ՝ բոլոր դիկտատուրաները եղել են պառլամենտական հանրապետություններում։ Օրինակ՝ Հիտլերը, օրինակ՝ Ստալինը, դուք չեք տեսել դիկտատուրա թագավորությունների ժամանակ։



- Ընդդիմության պրոբլեմն աղքատ լինե՞լն է։



- Ոչ միայն։ Ընդդիմությունը չի կարող իրեն ներկայացնել բնակավայրերում, գյուղերում, չունի հեռուստատեսություններ, բոլորն իշխանության ներկայացուցիչներինն են։ Այս պայմաններում էվոլյուցիոն ճանապարհով բան փոխելը համարյա բացառված է կամ չի ստացվի։ Իշխանությունն էլ հանգիստ կարողանում է ընդդիմադիրների հետ խաղալ, բանաձեւ անել, եւ վստահ եմ, որ 2017թ. ընտրությունները կանցնեն էլի ռեւոլյուցիոն կոչերով եւ պահվածքով եւ կարող են ավարտվել ծանր, վատ։ Հետո՝ իշխանությունը չի բավարարվում։ Կարող է անարգել փոխել Սահմանադրությունը, այլ քայլեր անել։ Երբ որ իշխանությունը հանձինս ընդդիմության չունի հակակշիռ, ինքն էլ չգիտի իր չափն ինչքան է։



Այստեղ ընդդիմությունը մեղք ունի։ Անգամ եթե նա չի կարողանում իշխանության գալ, նա պետք է իշխանության սահմանը հսկի, պահակը պետք է լինի իշխանության հետագա սանձարձակության կասեցմանը։ Սա չի կարողանում ընդդիմությունն անել։ Ասել, թե լրիվ անկարող է, չի կարելի։ Մեզ հաջողվել է մի շարք դեպքերում, հատկապես վերջին կառավարության օրոք, որոշ գործեր առաջ տանել։ Օրինակ, նույնիսկ նախորդ վարչապետի օրոք ընդդիմությունն աշխատեց տեղեկատվական տեխնոլոգիաների օրենքի վրա, հետո այս կառավարության հետ աշխատեց, ու դա անցավ, մենք գոհ ենք։ Կամ՝ շրջանառության հարկի մասին որոշումը։ Բայց ամենակարեւոր որոշումներում ընդդիմությունը ոչ մի բան չի կարողանում անել՝ կուտակայինը, բյուջեն, էլեկտրաէներգիայի գների անիմաստ բարձրացումը կամ 2013 թվի դեկտեմբերի 2-ի պայմանագիրը։ Իմ հաշվարկով, որոշումների 20 տոկոսի դեպքում է հաջողվում ըմբռնման հասնել։



- Կոալիցիայի հետ կապված ինչ-որ սպասելիքներ ունե՞ք։



- Ես սպասելիք չունեմ։