Հայաստանի համար գազի գինը սահմանի վրա բլեֆ է. Բագրատյան

Հայաստանի համար գազի գինը սահմանի վրա բլեֆ է. Բագրատյան

Դեռ տարեսկզբին գործարարները Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել էին գազի գնի նվազեցման խնդիրը և նրանից խոստումներ էին ստացել, որ գործադիրը կաշխատի այս ուղղությամբ։ Կառավարությունը գազի գնի վերաբերյալ բանակցություններ էր վարում։ Սպասվում էր, որ այն կնվազվի, սակայն դա չեղավ, բանակցությունները արդյունք չտվեցին, էժանացում չեղավ։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մի որոշում, որով ՌԴ-ից առաքվող գազի գինը մինչև մարտի 31-ը պահպանվելու է նախորդ տարվա չափով՝ 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի դիմաց։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը մինչեւ մարտի վերջը երկարաձգել էր Հայաստանի համար գազի ցածր գինը (հազար խմ-ի դիմաց 189 դոլարի փոխարեն՝ 165 դոլար) «Գազպրոմ Արմենիայի» վնասները փոխհատուցելու եւ Հայաստանում գազի սակագինը նախկին մակարդակում պահպանելու համար: Առանձին որոշմամբ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման նպատակով: «Հարկ է նշել, - գրված է որոշման հիմնավորումների մեջ, - որ հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչը իր հերթին կանդրադառնար նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա»:



Փաստորեն, պետք է հրճվենք, որ նախ, գազի գինը չի բարձրացել, ինչը զարմանալի չէր լինի, քանի որ Հայաստանը գազի մեկ մատակարար ունի և նրա քմահաճույքից է կախված։ Երկրորդը՝ պետք է ուրախ լինենք, որ «Գազպրոմ Արմենիայի» վնասները փակվում են, հակառակ դեպքում հոսանքը կթանկանար։ Նիստից հետո ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ «Խոսքը կարճատև որոշման մասին է, որպեսզի գինը պահպանվի, հետագայում բանակցություններ կընթանան ավելի արտոնյալ պայմանների մասին»։ Փաստորեն, կառավարությունը էժան գազ ունենալու հույսը չի կորցնում և իր կարծիքով թայմ-աուտ է վերցրել։ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին խնդրեցինք մեկնաբանել այս որոշումը։ «Հայաստանի համար գազի գինը սահմանի վրա ուղղակի բլեֆ է։ Ի՞նչ կապ ունի, թե ինչքան արժե գազը սահմանի վրա, երբ մինչև սահման և սահմանից այն կողմ նույն կազմակերպությունն է առաքում։ Երկրորդը՝ գազն ամբողջ աշխարհում ջրի գին ունի, իսկ մեզ մոտ ուրախանում ենք, որ չի թանկանում»։



Սյուզան Սիմոնյան