ՖԱՖ-ի երթը մեկնարկել է, միջադեպ մարզադաշտում. ուղիղ միացում

ՖԱՖ-ի երթը մեկնարկել է, միջադեպ մարզադաշտում. ուղիղ միացում

Քիչ առաջ Երեւանում` Արամ Խաչատրյան արձանի մոտից, մեկնարկել է Հայկական առաջին ճակատ ՖԱՖ երկրպագուական շարժման երթը: Նրանք Մաշտոցի պողոտայով, Հանրապետության հրապարակով շարժվում են դեպի հանրապետական մարզադաշտ, որտեղ ժամեր անց սկսվելու է Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը: 



Երթի ժամանակ մասնակիցները վանկարկում էին «Նեմեց, հեռացիր», «Հայեր առաջ», երգում էին ազգագրական երգեր:



Նշենք, որ դեռ մի քանի օր առաջ ՖԱՖ-ը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոչընդոտներ է ստեղծում ՖԱՖ-ի համար, մասնավորապես, խոչընդոտում է ձեռք բերել Հայաստան - Բելառուս ընկերական խաղի տոմսեր:



Սովորաբար, ՖԱՖ-ը մարզադաշտում զբաղեցրել է հարավային տրիբունան, սակայն այս անգամ հարավային տրիբունան, որը կազմում է 3710 նստատեղ, տոմսերի վաճառքի համար արգելափակված է. տոմսերը այդ տրիբունայում հատկացվելու են միայն հայտերով:



Ըստ ՖԱՖ-ականների՝ սա կապված է դեռ նոյեմբերին իրենց հնչեցրած պահանջների հետ, սակայն սրանով, ՖԱՖ անդամների խոսքով, իրենց վրա ճնշում չեն զգալու. շարունակելու են պայքարել:



Մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Բելառուս խաղը կլինի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ ՖԱՖ-ն այս խաղը դիտելու է հյուսիսային տրիբունայից:



Այժմ ՖԱՖ անդամները հասան Հանրապետական մարզադաշտ, որտեղ ակտիվիստներին ոստիկանները ստուգում էին, անգամ վերնաշապիկներն էին հանել տալիս, որ տեսնեն արդյոք որեւէ վտանգավոր իր ունեն պահած: Երբ դարպասներից անցան ներս, ՖԱՖ անդամներից մեկի եւ մեկ այլ անձի միջեւ բախում եղավ: Այդ անձը ՖԱՖ անդամի դրոշը վերցրեց եւ ոտնատակ արեց: Միջադեպին խառնվեցին ոստիկանները: Ակտիվիստները պնդում են, որ իրենց թմբուկը վերցրել են, սակայն քիչ անց այն հայտնաբերվեց: 



Երթին առաջարկում ենք հետեւել ուղիղ հեռարձակմամբ