Կարողացել են Եվրանեսթում կանխել վտանգավոր ձևակերպումները

Կարողացել են Եվրանեսթում կանխել վտանգավոր ձևակերպումները

Եվրանեսթ ԽՎ-ի հայաստանյան պատվիրակության անդամները վերադարձել են Հայաստան, և այսօր հանդես եկան մամուլի ասուլիսով։ Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը հայտնեց, որ մի քանի զեկույցներում մեզ համար անցանկալի և վտանգավոր ձևակերպումներ են եղել, որոնք առնչվել են Լեռնային Ղարաբաղին, և իրենց հաջողվել է դրանք կանխել։ Զաքարյանի խոսքով՝ թեպետ իրենք ունեին վետոյի իրավունք, բայց բանակցությունների արդյունքում իրենց հաջողվել է համոզել զեկույցների հեղինակ իրենց գործընկերներին, որպեսզի հանեն այդ ձևակերպումները, և բանը վետոյին չի հասել։



«Երկու առաջարկ արվել էր վրացական պատվիրակության կողմից, որը վերաբերում էր տարածքային ամբողջականությանը, և խոսք կար օկուպացված տարածքների հասկացության մասին։ Այստեղ չորրորդ դասարանի աշակերտին էլ պարզ էր, թե ադրբեջանցիներն ինչպես էին սա շահարկելու։ Բայց քննարկումների արդյունքում մեր վրացի գործընկերները համաձայնեցին այս ձևակերպումները հանել զեկույցից»,-ասաց Արտակ Զաքարյանը։



Նա նաև նշեց, որ նմանատիպ մի ձևակերպում, մի փոքր այլ՝ ավելի կոշտ շեշտադրումներով՝ ագրեսիայի կիրառում, զորքերի դուրս բերում, օկուպացված տարածք, տարածքային ամբոջղականություն և այլն, այսօրինակ ձևակերումների մի համախումբ էին նաև ուկրաինական պատվիրակության երկու առաջարկությունները։ Բայց բավականին երկար, տևական քննարկումների և բացատրությունների արդյունքում ուկրաինացիները ևս համաձայնել են այս ձրակերպումներից հրաժարվել։



«Սրանք այն ձևակերպումներ են, որոնք աղերսներ ունեին ԼՂՀ կոնֆլիկտի հետ, և որոնք լիարժեք իրավացիությամբ կարող էին մեկնաբանվել որպես նաև Ղարաբաղին վերաբերող դրույթ»,-ասաց նա։



Hraparak.am-ի հարցին, թե Եվրանեսթում այս վտանգավոր ձևակերպումներով զեկույցների ընդունումը, ինչպես նաև մեզ համար օգտակար զեկույցների ընդունումը ի՞նչ գործնական հետևանքներ կարող են ունենալ մեզ համար, պարոն Զաքարյանն ասաց․ «Դրանք դառնում են Եվրապառլամենտի համար փաստաթուղթ, և Եվրապառլամնետի կողմից ըդնունվող փաստաթղթերը կարևոր փաստաթղթեր են, հետևաբար ԵՎրանեսթի կողմից ընդունված փաստաթղթերը ինչ-որ առումով նաև պարտադիր բնույթ են ունենում եվրոպական հանձնաժողովների համար»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ