Հոգով տնտեսվար վարչապետին նյարդայնացնում է Արման Սահակյանի կրավորական կեցվածքը

Հոգով տնտեսվար վարչապետին նյարդայնացնում է Արման Սահակյանի կրավորական կեցվածքը

Սովորաբար կառավարության նիստերի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ամենակրքոտ նկատողություններն ու ռեպլիկները արձակում է պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ելույթների ժամանակ։ Հաճախ նա կոպիտ դիտողություներ է անում, կամ կամաց «կմճտում» է հեգնալից արտահայտություններով։ Ոմանք սա բացատրում են վարչապետի և Արման Սահակյանի հոր՝ Գալուստ Սահակյանի միջև եղած ներքին մրցակցությամբ ու լարվածությամբ, որը ընդունենք, որ առնվազն տարօրինակ է։ Հանրության համար նրանք նույն կուսակցության, նույն գաղափարի և նպատակների տեր մարդիկ են։ Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանին նյարդայնացնում է Արման Սահակյանի որոշ «դնջությունը», նրա տեղեկացվածությունը, թե ում ինչ գումարներով և պայմաններով է տրվում այս կամ այն շենք-շինությունը, կամ տարածքը, Արման Սահակյանի հանգիստ տոնով մեծ-մեծ գումարներ ուզելը, երբ պետք է այս կամ այն շենք-շինությունը նորոգել։



Այսօր, երբ Արման Սահակյանը խնդրեց հաստատել կառավարության երրորդ շենքում վերանորոգումներ իրականացնելու նպատակով 32 մլն 500 հազար դրամ հատկացնելու մասին որոշումը, հորդորելով, որպեսզի հրատապությունից ելնելով, գումարը հատկացվի բանակցային ընթացակարգով, առանց մրցույթի։ Վարչապետը հակադարձեց․ «Ես էլ ձեզ հորդորում եմ, որ վերահսկողություն սահմանեք այդ գույքի նկատմամբ, որ նախարարությունները, գերատեսչությունները նորմալ վերաբերվեն։ Փորձը ցույց է տալիս, որ նորմալ չեն վերաբերվում, եթե ավելի կոպիտ չասեմ։ Մենք, փաստորեն, 30 մլն-ից ավելի դրամ դրել ենք, նորից այդ շենքը վերանորոգում ենք, չէ՞։ Իսկ ձեր ներկայացմամբ այնտեղ ահավոր վիճակ է եղել։ Ինչո՞ւ, չգիտեմ։ Դրա համար հիմա կենտրոնացրել ենք այդ գույքը ձեզ մոտ, որ դուք տնօրինեք ու սպասարկում իրականացնելուց բացի, վերահսկեք, որ գույքին նորմալ վերաբերվեն մարդիկ»։



Հովիկ Աբրահամյանը հոգով տնտեսվար է, գույքի գիտակ և չի հավանում Արման Սահակյանի «կրավորական» կեցվածքը։ Նա կուզեր, որ Սահակյանը, վարձով տան տիրոջ պես, պարբերաբար շրջեր նախարարություններով ու տեսներ, թե ինչ են անում չինովնիկները իրենց հանձնված պետական ունեցվածքի հետ, արդյո՞ք պատերը չեն կեղտոտում կամ իրենց տուն չեն տանում լավ գույքը` այն փոխարինելով տանից բերված քրչոտ իրերով, իրենց անունները չե՞ն գրում արդյոք աթոռների վրա, կամ դռները փակել-բացելիս, հո շատ ուժեղ չե՞ն շրխկացնում։ Բայց Արման Սահակյանը, մի կողմ քաշվածի, զեկուցողի դիրքում է, որին նման հարցեր առանձնապես չեն հետաքրքրում։ Այդպես է լինում նաև այն գույքի հետ, որը հանձնվում է գործարարներին։ Երբ կառավարությունը մարզահամերգային համալիրի համար տեր էր փնտրում և վերջապես գտան մի ամերիկահայի, Պաշտպանության նախարարությունը, որի հաշվեկշռին էր համալիրը, և պետգույքի կառավարման վարչությունն միմյանց վրա էին գցում համալիրի խնդիրը և ոչ ոք չէր պարզաբանում, թե ինչ է կատարվում դրա հետ։ Ի վերջո, մամուլում մեծ աղմուկից հետո ամերիկահայը հասկացավ, որ ինչ կազինո էլ կամ պոռնկանոց այստեղ կառուցի, միևնույն է, 100 մլն դոլար չի վաստակի, որ իր ներդրումը գոնե հետ բերի, և հրաժարվեց գործարքից։Համալիրը բերեցին գցեցին Սահակյանի վարչության վրա։



2016 թվականի 9 ամիսների ընթացքում կառավարության շենքերին տրամադրվելու են ահռելի գումարեր, որոնց մասին այսօր զեկուցում էր Արման Սահակյանը՝ 210 մլն 502 հազար դրամ սպասարկման համար, 30 մլն 323 հազար դրամ էլեկտրաէներգիայի ծախսերի համար, 101 մլն Վազգեն Սարգսյան 3 և 3/8 շինությունների սպասարկման համար։ Հովիկ Աբրահամյանը տվեց իր ավանդական հարցը․«Ե՞րբ են տեղափոխվելու նախարարությունները, այսօր պիտի ավարտեք, չէ՞»։ Խոսքը ԱԳՆ-ի և էներգետիկայի նախարարության շենքի մասին է, որը վաճառված է Էռնեկյանի «Տանգո» ընկերությանը։ Պարզվեց, որ ոչ։ «Ես խնդրել եմ նախարարներին, որ գոնե երկուշաբթի ազատած լինեն ամբողջ շենքը»։ «Բացառված է ազատած չլինելը, - հորդորեց վարչապետը, - որովհետև մենք պայմանավորվածություն ունենք սեփականատիրոջ հետ»։



Արման Սահակյանը փորձեց վարչապետին ուրախացնել, ասելով, որ «Էրեբունի Պլազայից», որին ամեն 82-83 մլն էր վճարում կառավարությունը, սփյուռքի նախարարությունն արդեն տեղափոխվել և որ կան տնտեսումներ, բայց Հովիկ Աբրահամյանն էլի մի վատ բան հիշեց, թե ինչպես է ինքը երեկ շրջել պետական շենքերով, տարբեր ՊՈԱԿ-ների և հիմնարկների, ու տեսել, թե ինչ խայտառակ վիճակում են դրանք․ «Մենք ունենք բազմաթիվ շենք շինություններ, որոնք բարձիթողի վիճակում են, և նաև չեն ծառայում մեր նպատակներին։ Հարկավոր է, որ նախարարները, գերատեսչությունների ղեկավարները այդ հարցին անդրադառնան։ Այնպես են բռնել այդ գույքը որոշ գերատեսչություններ, որ չգիտեմ` ինչ են անում։ Ոչ էլ տարիներով գնում են այդ շենք- շինությունները տեսնեն՝ թալանված, կոտրված։ Եթե մենք կարող ենք այդ շենքերը վերանորոգենք, ուրեմն, գերատեսչությունները թող այդ շենքերը զբաղեցնեն, ոչ թե գնան, վարձով նստեն այլ տարածքներում»։ Փաստորեն, Արման Սահակյանն էլի մեղավոր դուրս եկավ։ Նրան հանձնարարվեց ցուցակ կազմել, թե որ գերատեսչություններն են նստում վարձով։ 



Սյուզան Սիմոնյան