ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը՝ հաջողված օրինակ տարբեր լսարանների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը՝ հաջողված օրինակ տարբեր լսարանների համար

Հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կուտակած փորձը, տնտեսական զարգացման եւ մրցակցային հաջողության հասնելու գաղտնիքը վառ օրինակ են ծառայում տարբեր լսարանների համար: Ընկերության տասնամյա ձեռքբերումներին, բիզնես-ռազմավարությանն ու պատասխանատու գործունեությանը ծանոթանալու նպատակով, Առաջնորդության դպրոցի ուսանողները հանդիպել են գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: 



Ինտերակտիվ շփման արդյունքում դասախոսության մասնակիցները ծանոթացել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի տասնամյա գործունեության հիմնական ձեռքբերումներին. տեխնոլոգիական նորարար լուծումների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ներդրման եւ կիրառման, ինչպես նաեւ Հայաստանում միակ 4G (չորրորդ սերնդի) ցանցի գործարկման պատմությանը:



«Լինել առաջատար, նշանակում է ծառայել օրինակով. հստակ պատկերացնել բիզնեսի դերը երկրի վարկանիշի բարձրացման եւ տնտեսության զարգացման հարցում: Մեզ համար դա եղել է պատասխանատվություն: Արդյունքում մենք դարձել ենք ոլորտի առաջատարը թե բաժանորդների թվով (շուկայի ավելի քան 60% մասնաբաժին) եւ թե սպասարկման կենտրոնների թվով (սպասարկման 86 կենտրոն՝ հանրապետությունով մեկ) եւ բացարձակ առաջատարը՝ բջջային ծածկույթի առումով (2G, 3G, 4G): Կառավարման այն մոդելը, որով առաջնորդվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, դաշտում ապահովել է հարգանքի վրա հիմնված արդար մրցակցություն, ինչից շահել են երկիրն ու հասարակությունը: Որ օղակում էլ լինեք ապագայում, հիշեք, որ հաջողված է այն գործը, որի արդյունքն արտացոլվում է ոչ միայն կոնկրետ ընկերության, ոլորտի, այլեւ տնտեսության զարգացման վրա»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացել են գործընթացների թափանցիկ կառավարման համակարգի առավելություններին: