Լավրովյան պլանը ձախողվե՞ց

Լավրովյան պլանը ձախողվե՞ց

Ղարաբաղ-ադրբեջանական սահմանին սանձազերծված բլից-կրիգը Ռուսաստանի նախապես մշակած սցենարն է, որը մերժվել է պաշտոնական Երեւանի կողմից, ասում են մեր աղբյուրները, հավելելով, որ քաղաքական շրջանակներում այն առավել հայտնի է որպես «լավրովյան պլան»։ Ըստ նույն շրջանակների՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռեւս ամիսներ առաջ Ղարաբաղի կարգավորման խնդրի մի սցենար է մշակել՝ առաջարկների փաթեթ, որն առաջին անգամ ներկայացվել է ադրբեջանական կողմին Թբիլիսիում, եւ որի մասին Ադրբեջանի արտգործնախարարն էր բարձրաձայնել։ Ըստ այդմ՝ Մոսկվան Թուրքիայի հետ էներգետիկ որոշակի պայմանավորվածությունների եւ այլ խոստումների դիմաց պայմանավորվել է կյանքի կոչել ոչ այնքան հայանպաստ մի ծրագիր, մասնավորապես, հայկական կողմին է ներկայացվել «ազատագրական տարածքների դիմաց անվտանգություն» առաջարկը, որը ենթադրել է առաջին հերթին խաղաղապահների տեղակայում ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, մի քանի շրջանների հանձնման դիմաց։ Որքան էլ զարմանալի է, բայց Հայաստանը համարձակություն է ունեցել մերժել «մեծ եղբոր» առաջարկը, ինչն էլ որոշ ժամանակ անց հանգեցրեց ստեղծված իրավիճակին։ Այս սցենարի գոյության մասին փաստող մի շարք «ապացույցներ» կան, նախ Ռուսաստանի ոչ հասցեական արձագանքը սահմանային իրավիճակին եւ կողմերի միջեւ հավասարության նշան դնելու միտումը, ապա ԱՄՆ պետդեպի արձագանքը՝ ընդգծումով, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկն է համարում, ինչպես նաեւ ՀՀ իշխանության ներկայացուցիչների զգուշավոր հայտարարություններն ու ընդգծումները։ Սերժ Սարգսյանն այս իրադարձությունների ընթացքում իր բոլոր ելույթներում ընդգծեց, որ մեր հույսը պետք է մեզ վրա դնենք, իսկ նախօրեին հայտարարեց. «Հայատյացությունից կուրացած, նավթի հոտից արբած Ադրբեջանի ղեկավարությունը չի հասկանում, որ ուժը տանկերի թվի մեջ չէ, ուժն Արցախի եւ Հայաստանի նոր սերնդից ճառագող լույսի մեջ է, եւ այդ լույսն այսօր մեզ բոլորիս դարձրել է միասնական, միասնական մեկ բռունցք, որ իջնելու է մեր անվտանգությանն սպառնացող ոսոխի գլխին»: 



Իսկ ոչ վաղ անցյալում թե ռուսական, թե հայկական իշխանական շրջանակներից բազմիցս հպարտ հայտարարում էին, թե ռազմավարական դաշնակցությունն ամուր է, Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ, Գյումրիի ռուսական բազան կմասնակցի պատերազմին հանուն Հայաստանի։ Մինչդեռ անհավասար պայմաններում բացառապես հայկական զինուժը կանգնեց հակառակորդի առաջ եւ երիտասարդների կյանքի շնորհիվ կանգնեցրեց նրա առաջխաղացումը։



ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանը չի թաքցնում՝ ռազմավարական դաշնակիցներից «ավելի մեծ ակնկալիքներ ունեինք», սակայն գնահատականների համար պահը ճիշտ ընտրված չէ։ «Եթե դա դժգոհությամբ պետք է ընդգծվի, գուցե այս պահին դա մեզ օգուտ չբերի, մեր շահերին վնասի»,- զգուշանում է ՀՀԿ-ականը։ Նա չի ուզում կորցնել լավատեսությունը։ «Դեռ ուշ չէ»,- ասում է. «Թող քաղաքական զգուշավորությամբ, բայց այնուամենայնիվ գնահատականներ տան»։ Հիշեցրինք, որ ԵՏՄ-ին անդամագրվելու գլխավոր փաստարկը մեր անվտանգության երաշխիքն էր, սակայն Վարդապետյանը հակադարձեց, որ ՀԱՊԿ-ի անդամ ոչ թե ԼՂՀ-ն է, այլ Հայաստանը. «Գուցե Հայաստանի դեպքում այլ լիներ»։ Նա հուսադրեց, թե Ռուսաստանի պահվածքում «դրական տեղաշարժ» է նկատվում. «Ռուս գիտնականներ, պրոֆեսորներ, կարծես թե հնչեցնում են կարծիքներ, որն արտացոլում է իրական իրավիճակը»։ ՀՀԿ-ականը կարծում է, որ «մեր խնդիրները մեր ձեռքով պետք է լուծենք»։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները վերանայելու անհրաժեշտություն չի տեսնում։ Խոսելով Ադրբեջանին վաճառած ռուսական Արցախն «Սմերչ»-ով ավերելու մասին, Վարդապետյանն ասաց. «Այո, դա խնդիր է առաջացնում, բայց հաշվի առնենք, որ մեր բարբարոս հարեւանը Ռուսաստանից չէ, գուցե մեկ այլ երկրից մեզ համար ավելի վտանգավոր զենք գներ։ Եթե Ռուսաստանն իմանար, որ ինքը զենք չի վաճառի Ադրբեջանին, եւ այդ երկիրն առանց զենք կմնար, գուցեեւ չաներ»։



Ռուսաստանի պահվածքն ավելի կոշտ է դատապարտում ԵՏՄ-ի ջատագով ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը։ Նա ասաց, որ հայկական կողմը, խորհրդարանական պատվիրակությունները միջազգային կառույցներում պետք է շատ կոշտ պահանջատեր լինեն: «Էն 5 միլիարդ դոլարի զենքը, որ վաճառում էին, դրա մասին մենք էլ ասում էինք, ի՞նչ էին մտածում: Ընդհանրապես, ի՞նչ գնահատականներ են տրվում ադրբեջանական գործողություններին: Միայն զսպման կոչեր, հավասարության նշան։ Ռուսաստանի գնահատականը պետք է ավելի կոշտ լիներ»,- ասաց նա:
Մելքումյանի խոսքով, հայ ժողովուրդը պետք է մոբիլիզացնի իր ուժերը, բոլորը պետք է իմանան իրենց անելիքը, որ անհրաժեշտության դեպքում համարժեք արձագանք տան: Մինչդեռ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը հրաժարվեց գնահատել Ռուսաստանի պահվածքը։ Ի դեպ, երեկ ՀՀԿ-ականները հրադադարի նոր պայմանների մասին հարցին ի պատասխան հղում էին անում Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ դա կլինի միայն ապրիլմեկից առաջ եղած տարածքների ֆիքսման դեպքում։



Լուսինե
ՇԱՀՎԵՐԴՅԱՆ