Արամ Դանիելյանի մոտ «սահման» եկած «զորքը», մեզ տեսնելով, փախավ (տեսանյութ)

Արամ Դանիելյանի մոտ «սահման» եկած «զորքը», մեզ տեսնելով, փախավ (տեսանյութ)

Հրազդանի քաղաքապետարանի մոտ քիչ առաջ Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղու երկու ավտոբուս եկավ՝ մեջը լիքը մարդ։ Երբ մոտեցանք՝ հարցնելու ովքեր են, ինչի համար են ավտոբուսով եկել քաղաքապետարանի մոտ, վարորդները հրաժարվեցին մեզ հստակ պատասխան տալ։ Ավտոբուսի մեջի մարդիկ էլ հրաժարվեցին խոսել մեզ հետ։



Տեսնելով, որ իրենց նկարում ենք, ավտոբուսներից մեկի ուղևորները արագ իջան ու փախան։ Իսկ մյուս ավտոբուսի վարորդը դռները չբացեց, որ պարզեինք՝ ովքեր են, ինչ են անում բարեգործական երթուղու ավտոբուսով այստեղ։ Վարորդներից մեկն ասաց, թե ավտոբուսում գտնվող 23 տարեկան երիտասարդները «դպրոցական երեխեք են», Ծաղկաձոր են եկել՝ էքսկուրսիայի։ Բայց, չգիտես ինչու, հանգրվանել են Հրազդանի քաղաքապետարանի շենքի դիմաց․ երևի Ծաղկաձորի ամենատեսարժան վայրը Հրազդանի քաղաքապետարանն է։ Ավտոբուսի երիտասարդներից մեկն էլ հանկարծ գլխի ընկավ, որ սահման են գնում՝ կռիվ, և Ծառուկյանի հնամաշ ՊԱԶ-իկներիով հավաքվել են այստեղ, որ մեկնեն Ղարաբաղ։ 



Սահման գնացողի ու թշնամու դեմ կռիվ տվողի համար այս երիտասարդները, սակայն, չափազանց ուրախ էին ու վախկոտ, քանզի հենց մեզ տեսան, պուկ փախան։



Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն էլ մեզ հորդորեց իրենց թողնել ու գնալ «Սասունի մարդկանց նկարել»։ Վերջում հասկացան, որ այստեղ վտանգավոր է իրենց «զինվորների» համար, և վարորդներին հորդորեցին քշել հեռանալ։ Ավտոբուսները քշեցին, մի քանի հարյուր մետր այն կողմ կանգնեցին, երիտասարդներն իջան ու ցրվեցին շենքերի բակերում։ Թե որտեղ էին ուզում նրանք կռիվ տալ ու պայքարել, կիմանան երևի Արամ Դանիելյանն ու նրա թիմակիցները, քանզի նրանց տարածքում էին «սահման» եկել այդ երիտասարդները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ