Թե ինչպես է Արամ Դանիելյանն «ասֆալտապատել» Հրազդանի փողոցները (ֆոտոշարք)

Թե ինչպես է Արամ Դանիելյանն «ասֆալտապատել» Հրազդանի փողոցները (ֆոտոշարք)

Հրազդանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը, ով 14 տարի կառավարելուց հետո երեկ նորից ընտրվել նույն պաշտոնին, լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչեր է արել նա Հրազդանի համար այս 14 տարվա ընթացքում: Օրինակ` ասֆալտապատել է փողոցները: Նա այն աստիճանի է ասֆալտապատել, որ այդ փողոցներով մեկ-երկու անգամ գնալ գալուց հետո ստիպված ես մեքենադ տանել «խոդովիկի» մոտ՝ նորոգման։



Կենտրոնական մի քանի փողոց, ինչ խոսք, ասֆալտապատված էր, գոնե փոսերով չէր, մասնավորապես իր աշխատավայր` քաղաքապետարան տանող գլխավոր փողոցը: Բայց հարևան թաղամասեր տանող փողոցները, մեղմ ասած, անբարեկարգ ու անմխիթար վիճակում էին, ինչն էլ ֆիքսեց Hraparak.am-ի տեսախցիկը: Օրինակ` Ռայկոմից միկրո թաղամաս տանող գլխավոր ճանապարհն ուղղակի քանդուքարափ եղած վիճակում է: Ահռելի փոսերի պատճառով վարորդները հաճախ ստիպված հանդիպակաց գոտիով են երթևեկում, որ մեքենան չջարդեն` վտանգավոր իրավիճակ ստեղծելով: Տեղ-տեղ էլ ճանապարհի հենց մեջտեղում կարելի է հանդիպել հսկայական քարերի, որոնք չեն հեռացվում ճամփի բանուկ հատվածից: Այս ճանապարհով երեկ Արամ Դանիելյանն իր Range Rover Sport-ով գնաց ընտրատեղամաս` քվեարկելու «հանուն կայուն և խաղաղ Հրազդանի»:



Մի քանի կմ ձգվող ճանապարհն այն աստիճանի է քանդված, որ նույնիսկ Դանիելյանի Range Rover-ի հզոր կախոցներն ի վիճակի չեն ապահով կլանել դրանք և անհարմարություն չպատճառել ուղևորներին: Այնպես որ, եթե Դանիելյանը նույնիսկ մեքենայի պատուհանից էլ դուրս չնայի, որ տեսնի` ինչ վիճակ է, Range Rover-ի կախոցները հաստատ նրան ֆիզիկապես զգացնել կտան այդ փոսերի մասին: Չհաշված, որ նման ճանապարհներով մի քանի անգամ գնալ գալուց հետո հաստատ նույնիսկ Range Rover-ի «խադավոյի» հետ խնդիր կառաջանա, թեկուզ դա լինի քաղաքապետի Range-ը:



Ի դեպ, քաղաքապետարանի հարևան շենքերի բակերը նոր էին ասֆալտապատվել, բնակիչներն ասացին, որ մի քանի օր առաջ են ասֆալտ արել: Իսկ ավելի ոչ աչքի ընկնող հատվածներում շենքերի բակերը տարիներով ասֆալտի երես չեն տեսնում, բակ մտնելիս ստիպված ես հսկայական փոսերի միջով անցնել: Ամեն անձրևից հետո էլ բակերի ցեխն ու ջուրը մի քանի օր չի չորանում:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ