Տեղին չէ քննարկել Ադրբեջանին տարածքներ հանձնելու թեման. Արման Մելիքյան

Տեղին չէ քննարկել Ադրբեջանին տարածքներ հանձնելու թեման. Արման Մելիքյան

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Հիշեցնենք, որ օրեր շարունակ տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ նա պատրաստվում է մեկնել ԼՂ եւ հանդիպել ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ։



ԼՂ նախկին արտգործնախարար, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի Լեւոն Տեր-Պետորսյանի այցից եւ նրա ու Բակո Սահակյանի հանդիպումից։ «Եթե այցը կայանալու է, ապա միակ բանը, որ կարևորում եմ, այն է, որ քննարկման թեմա չլինի Ադրբեջանին տարածքներ հանձնելու հնարավորությունն անգամ: Այդ թեման երբևէ տեղին չի եղել, իսկ այժմ այն առավել քան տեղին չէ»,- արձագանքեց Արման Մելիքյանը:



Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք, թե ԼՂ-ում պատրա՞ստ են արդյոք փոխզիջումների, ինչպիսի՞ փոխզիջումներ պետք է լինեն։ «Եթե խոսքը գնում է Մադրիդյան սկզբունքների համատեքստում նախատեսվող «փոխզիջումների» մասին, ապա Արցախում ես չեմ հանդիպել գոնե մեկ հոգու, որ դրանց կհամաձայնի: Թեև, այդուհանդերձ, չեմ բացառում, որ այնտեղ էլ կարող են գտնվել մարդիկ, որոնք կփորձեն անձնական բարեկեցության պահպանման խնդիրը լուծել՝ ընտրելով համազգային շահերը ոտնահարելու ճանապարհը»,- ասաց Արման Մելիքյանը: