Բաքվի անհասկանալի «խաղիկների» հետքերով

Բաքվի անհասկանալի «խաղիկների» հետքերով

Իհարկե, հակառակորդին թերագնահատելը ռազմավարական եւ մարտավարական առումներով ամենասխալ գործողություններից է, սակայն, այնուամենայնիվ, վերջին օրերին ադրբեջանական դիվկորպուսում մի շարք իրադարձություններ ակամա գալիս են հուշելու, թե այդ երկրում առհասարակ ինչ են հասկանում դիվանագիտություն ասելով: Խոսքը ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանի տարածած հայտարարություն-նամակի մասին է, որով հայտնվում էր, որ Ադրբեջանը դուրս է գալիս 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրից: Հայաստանը, բնականաբար, հանդես եկավ Բաքվի այդ քայլը դատապարտող հայտարարությամբ՝ մատնացույց անելով այն հետեւանքները, որոնց կարող է հանգեցնել այս քայլը: Եվ ահա, թերեւս հասկանալով արարքի լրջությունը եւ հետեւանքների ծանրությունը, որոնք մի բառով կարելի է բնորոշել որպես պատերազմի վերսկսում միակողմանի կերպով, ինչը նշանակում է, որ Բաքուն իր վրա վերցնում է ագրեսոր պետության պիտակը, Ադրբեջանի ԱԳՆ-ն երկրորդ հայտարարությամբ է հանդես գալիս՝ նշելով, որ 1994 թ հրադադարը չեղարկելու մասին ՄԱԿ-ում տարածված հայտարարությունը եղել է այս կազմակերպությունում Ադրբեջանի դեսպանի ինքնագործունեության արդյունք։



Ըստ էության՝ անհասկանալի եւ իրարամերժ այս գործողությունները մի քանի եզրակացությունների առիթ են տալիս ինչպես մեզ, այնպես էլ, ենթադրելի կամ ակնկալելի է, որ նաեւ` խնդրով զբաղվող պատկան կառույցներին, միջազգային հանրությանը վերլուծաբաններին ու փորձագետներին: Կամ Բաքուն իրապես մտածում է, որ իր համար հակամարտությունը լուծելի է միայն ռազմական ճանապարհով, եւ փորձում է նմանօրինակ «խաղիկներով» տրամադրություններ ստուգել, կամ, իրոք, Ադրբեջանի դեսպանը ՄԱԿ-ում զբաղվել է ինքնագործունեությամբ, ինչը ցույց է տալիս Ադրբեջանում արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության ողբալի վիճակը, եւ ցույց է տալիս, որ Բաքվում բոլորն «իրարից անտեղյակ են», կամ չի բացառվում, որ այդ նամակ-հայտարարությունը մասն էր կազմում ապրիլի սկզբին տեղի ունեցած սրացման ընդհանուր շղթայի եւ իրականացվել է, սակայն չափազանց ուշացած կերպով, եւ այս դեպքում դարձել է անտեղի արարք: Ամեն դեպքում, ինչ-որ բան այն չի եղել, այլապես Բաքուն, այն էլ՝ պաշտոնական հարթության մեջ, սեփական դեմքը փրկելու համար «փուռը» չէր տա իր դեսպաններից մեկին:



Սովորաբար նման հայտարարությունից հետո ԱԳ նախարարը հրաժարական է տալիս, կամ առնվազն դեսպանին ազատում պաշտոնից․․․ Եթե, իհարկե, սա նախապես պլանավորված սուտ չէր, ինչը խոսում է այն արհամարհանքի մասին, որ Ադրբեջանն ունի հեղինակավոր կառույցի նկատմամբ եւ առհասարակ միջազգային հանրության նկատմամբ, որին ուղղակի փորձում է «ֆռռացնել» այս քայլով... 



Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ