Եւ վերադարձնելով թղթածրարը

Եւ վերադարձնելով թղթածրարը

Լեւոն Տեր-Պետրոսյանը կասկած չունի, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների կողմից արդեն իսկ ճանաչվել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը: (http://www.ilur.am/news/view/53931.html)
Մեծ վերապահումով կարելի էր կիսել ՀՀ առաջին նախագահի լավատեսությունը, եթե նա այդպես խոսեր Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից առաջ: Չպետք է կասկածել, Ալիեւի քաղաքական նպատակը պատերազմի սպառնալիքով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը կանխելն է:



Անցել է մեկ ամիս, եւ Մինսկի խմբի համանախագահությունը, անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հայտարարություն չեն տարածել, չեն դատապարտել ուժի կիրառմամբ միջազգային միջնորդության ջանքերը զրոյացնելուն ուղղված ագրեսիան, չեն վերահաստատել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի հայտնի սկզբունքների հիման վրա:



Լեւոն Տեր-Պետրոսյանը «խելահեղ» է անվանում Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման որոշումը: Ակնարկը հասկանալի է, դրանով Հայաստանը կհակադրվի ՄԽ համանախագահ երկրներին: Իսկ ագրեսիայի դիմելով Ադրբեջանը չի՞ հակադրվել նույն Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային: Ստատուս-քվոն միակողմանիորեն փոխելու փո՞րձ չէ, երբ Ալիեւի ռեժիմն այսօր էլ սպառնում է, թե «հայերն ամեն վայրկյան կարող են կործանիչ հարված ստանալ»:



Այն, ինչի մասին Հայաստանը տարիներ շարունակ զգուշացնում էր, տեղի է ունեցել: Եւ չկա երաշխիք, որ վաղն ադրբեջանական զորքերը վերադառնալու են զորանոցներ: Ալիեւը, համենայն դեպս, դա կամավոր չի անելու, իսկ ՄԽ համանախագահ երկրները նրան առայժմ չեն պարտադրում:



Հայաստանի առաջին նախագահը դիվանագիտական նոր կռվան է շրջանառության դնում: Խոսքը «անջատում հանուն փրկության» դոկտրինի մասին է: Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից, այո, անջատվել է հանուն փրկության: Բայց մտածել, թե ֆրանսիահայ իրավաբանի «թղթածրարը», ինչպես Տեր-Պետրոսյանն է առաջարկում, միջազգայնորեն ընկալելի է դառնալու, իդեալիզմ է:



«Թղթածրար» ունենալու համար ժամանակ է պետք: Երկրորդ, ո՞վ է լինելու հասցեատերը: ԵԱ՞ՀԿ-ն, ՄԱ՞Կ-ը: Իսկ կա՞ նման ընթացակարգ: ՄԻԵԴ-ում մի հայց վարույթ ընդունելու համար մարդուն տարիներով սպասեցնել են տալիս:



Եւ, վերջապես՝ վերադարձնելով «թղթածրարը», հարկ է ասել. եթե անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հարգում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապա դա հենց գերտերությունների աջակցություն չէ՞, առանց որի, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասում, ԼՂՀ ճանաչումը «խելահեղություն» է:



Մեծ «թղթածրար» ունենալու անհրաժեշտություն չկա: Խնդիրը պարզ է. Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հարգում են ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց անզոր են այն իրացնելու բավարար պայմաններ ստեղծել: Նրանց փոխարեն դա անում է Հայաստանը՝ կանխելով ԼՂ ժողովրդի ցեղասպանությունը: Հայաստանն է այդ ժողովրդի անվտանգության, ինքնորոշման իրավունքի իրացման միակ երաշխավորը, Հայաստանն էլ ճանաչում է ԼՂՀ անկախությունը:



Ով հարգում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պետք է հարգի հինգ հայտարարության տակ դրված իր ստորագրությունը եւ սատարի Հայաստանին:



Հ.Գ. 1989թ. դեկտեմբեր 1-ին Երեւանում, Մոսկվայում եւ Բաքվում ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ վերամիավորման մասին որոշումը «խելահեղություն» անվանողների պակաս չկար: Այդուհանդերձ, այն ընդունվեց: Դրանով կանխվեց արցախահայության բռնատեղահանությունը: Այդ որոշման համար Լեւոն Տեր-Պետրոսյանին քննադատողներ մինչեւ հիմա էլ կան: Բայց փաստը մնում է փաստ՝ քաղաքական խիզախումն արդարացվել է:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ