ՀՀԿ-ն «լայն կոնսենսուսի» այլ ֆորմատ է մոգոնել՝ ՀԱԿ-ից ներգրավելով Ջհանգիրյանին

ՀՀԿ-ն «լայն կոնսենսուսի» այլ ֆորմատ է մոգոնել՝ ՀԱԿ-ից ներգրավելով Ջհանգիրյանին

ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների հետ հանդիպումից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ։ Հակադարձելով տիտղոսակիր ընդդիմության՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին՝ Ռուստամյանն ասաց, որ ներկայումս նախապատրաստվում է հայտարարություն` լայն կոնսենսուսի վերաբերյալ: Ըստ նրա` կոնսենսուսի լայն հնարավորություն կա, բայց եթե ոմանք այդ հայտարարությունը չստորագրեն, պետք է իրենք բացատրեն, թե ինչու, եւ հասարակությունը կորոշի: Ռուստամյանի կարծիքով, ԸՕ նախագծի վերաբերյալ ընդունված արձանագրումներն իրական այլընտրանք են այն բոլոր խնդիրներին, որ բարձրացվում էին քաղհասարակության կողմից:



«Այն, ինչ մենք տեսել ենք, բոլոր 5 պայմանները, որ նախապես ներկայացնում էին, դրանք բոլորը բավարարվել են, եւ թող իզուր էստեղ բաներ չփնտրեն: Բանակցությունների փուլը կավարտվի, մենք կպնդենք, որ փաստաթուղթը հրապարակվի, իսկ ով չի միանա, թող իրենք բացատրեն, թե ինչու չեն միանում,- ասաց Ռուստամյանը՝ շարունակելով։- Հիմա կա հնարավորություն լայն կոնսենսուսի հասնելու: «4+4+4» ձեւաչափով աշխատել ենք, եւ կարծում եմ՝ կա իսկապես հնարավորություն՝ ունենալ Ընտրական մի օրենսգիրք, որը կբավարարի կողմերին»:



ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անակնկալի եկավ՝ իմանալով նման հայտարարության նախապատրաստման մասին, այդ հայտարարության մասին տեսանյութը նայելուց հետո անգամ Զուրաբյանը չկողմնորոշվեց. «Մինչեւ ես իր հետ անձամբ չճշտեմ, թե ինքն ինչ է ասել, որեւէ մեկնաբանություն այդ թեմայով չեմ անելու»: Հիշեցնենք, որ դեռեւս շաբաթներ առաջ, երբ նախագիծը չէր էլ քննարկվել գլխադասային հանձնաժողովում, Զուրաբյանը հայտարարեց «4+4+4» ձեւաչափով քննարկումների առկախման մասին՝ մեկնաբանելով, որ իշխանությունն ընդառաջ չի գնում իրենց առաջարկներին։



Մենք պարզեցինք, թե Ռուստամյանի ակնարկն ինչին էր վերաբերում։ ԸՕ նախագծի առաջին ընթերցումից՝ ապրիլի 28-ից հետո ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն աշխատանքային նիստեր է նախաձեռնել, իմիջիայլոց, նման առաջարկով հանդես էր եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը դեռեւս այն ժամանակ, երբ նախագիծը քննարկվում էր պետաիրավականի նիստում, որպեսզի ընդգրկվեր ԱԺ նիստերի օրակարգ։ Ամենայն հավանականությամբ, ձախողելով «4+4+4» ֆորմատը, իշխանությունները նախաձեռնել են նման քննարկում, որոնց մասնակցել է նաեւ նախագծի կնքահայր Դավիթ Հարությունյանը։



Առաջին ընթերցումից հետո աշխատանքային 3-4 նիստ է եղել, երեկ երեկոյան վերջին նիստն էր։ Այդ քննարկումներին, բացի պետաիրավականի անդամներից, մասնակցել են նաեւ այլ պատգամավորներ՝ բոլոր խմբակցություններից, այդ թվում՝ ՀԱԿ-ից, ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի։ Պատգամավորները փորձել են «4+4+4» ձեւաչափում ներկայացված 5 գլոբալ պահանջներից դուրս այլ առաջարկներ ներկայացնել, որոնք, իրենց համոզմամբ, պակաս ազդեցություն չունեն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հիշեցնենք, որ այդ 5 առաջարկները վերաբերում են քվեարկության ցուցակների հրապարակմանը, Հայաստանից բացակայող քաղաքացիների առանձին ցուցակ կազմելուն եւ ընդհանուր ցուցակները մաքրելուն, ընտրական գործընթացի տեսանկարահանմանը, մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառմանն ու մատների թանաքոտմանը, ինչպես նաեւ համամասնական պարզ ընտրակարգի կիրառմանը:



Միասնական պահանջի մեջ նշվում է, որ որակական փոփոխություն կարող է լինել, եթե ԸՕ փոփոխությունը ներառի այդ 5 կետերը, եւ շեշտվում է, որ պետք է ներառվեն բոլորը։ Ըստ ամենայնի, առաջիկա օրերին կընդունվի համատեղ հայտարարություն, որտեղ լղոզված մի տեքստ կլինի այն մասին, որ, չնայած իշխանություններն անվերապահորեն չեն ընդունել ընդդիմադիրների սկզբունքային առաջարկները, սակայն ընդառաջ են գնացել դրանց եւ այլընտրանքային լուծումներ գտել։ Օրինակ, քվեարկած մասնակիցների ցուցակների հրապարակումը փոխարինվել է մասնակիցների համարակալման տարբերակով, վստահված անձանց հնարավորություն է տրվում ըստ համարների ստուգել՝ տվյալ անձը, որը մասնակցել է քվեարկությանը, ունի՞ դրա իրավունքը կամ Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ։



«Հայկական վերածննդի» անդամ Հովհաննես Մարգարյանը նույնպես մասնակցել է պետաիրավականի աշխատանքային փակ քննարկումներին։ Երեկ նա մեզ տեղեկացրեց, որ հայտարարություն անելուց առաջ այսօր-վաղը պատրաստվում են առաջարկների փաթեթ ներկայացնել, որի հիման վրա էլ կլինի համապատասխան հայտարարությունը. «Ես զրուցել եմ նաեւ Զարուհի Փոստանջյանի հետ, ինքը չի մասնակցել, բայց կստորագրի այն առաջարկների տակ, որոնք պատրաստվում ենք համատեղ ներկայացնել, դրա հիման վրա էլ նոր կլինի հայտարարություն։ Խոսքը մի քանի տասնյակ առաջարկների մասին է»։



Մարգարյանի ներկայացմամբ, նոր ձեւաչափը «4+4+4»-ի շարունակությունն է՝ առանց քաղհասարակության ներկայացուցիչների, որից հետո էլ լինելու է «ընդհանրական հայտարարություն»։ Համատեղ առաջարկություններից մեկը, օրինակ, այն է, որ թույլ չտրվի ռեգիոնալ կուսակցություններին մասնակցել ընտրություններին։ Այսինքն՝ կոնկրետ որեւէ ընտրության նպատակով դրանից մի քանի օր առաջ չձեւավորվեն կուսակցություններ, որոնք մարզերում տարածքային կառույցներ, համապատասխան թվով գրասենյակներ չունեն, բայց կարողանան ոտք գցել դաշտի հնաբնակների հետ. «Մի առաջարկն էլ քաղվածքներին է վերաբերում, իրենց նախագծով ասվում է, որ վստահված անձինք, հանձնաժողովականները չեն կարող քաղվածքներ ստանալ տեղամասային ընտրական հանձնաժողովներից, դրանք միայն կարող են ստանալ Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի ընտրություններին, նախկինում, մինչդեռ, ստանում էին, հիմա մենակ լուսանկարել են թույլատրում, ինչո՞ւ։ Հաջորդ առաջարկը, ըստ նախագծի, եթե քվեատուփը հափշտակել են ոչ թե կեղծիք անելու համար, այլ ուրիշ նպատակով, տուգանք է սահմանվում 200 հազար դրամով։ Սա ծիծաղելի է, ուրիշ ի՞նչ նպատակով պիտի քվեատուփը հափշտակեն»։



Մարգարյանը, սակայն, ասաց, որ նույնիսկ այս առաջարկների ընդունման դեպքում չի կարելի լայն կոնսենսուսի մասին խոսել, դա կլինի այն ժամանակ, երբ ընդունվեն «4+4+4»-ի «փաթեթային» առաջարկները։ Հիշեցնենք, որ նոր ԸՕ-ի համար միջազգային կառույցները կարեւորում են քաղաքական ուժերի լայն կոնսենսուսը։ Չնայած նախագծի առաջին ընթերցմանը 98 կողմ է գրանցվել, որոնց շարքերում եղել են նաեւ ԲՀԿ ներկայացուցիչներ, ՀԱԿ-ը շարունակում է պնդել, որ չկա լայն կոնսենսուս, քանի որ իշխանությունն ընտրությունների վերահսկման այնպիսի առաջարկներ չի ընդունել, որոնք կարժանանան հանրության վստահությանը։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ