Ձերբակալված սպաները վերադասների անուններ չեն հայտնել

Ձերբակալված սպաները վերադասների անուններ չեն հայտնել

ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններն այնքան հազվադեպ են պատահում, համենայնդեպս, հանրությունն այնքան քիչ են նման լուրեր ստանում, որ վերջերս տեղեկանալով պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի, ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի, կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանի պաշտոնանկության մասին, էյֆորիայի մեջ ընկավ։ Այս անգամ էլ, լսելով, որ ձերբակալված են սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանը, գնդապետներ Մհեր Պապյանն ու Արմեն Մարգարյանը, թեթեւ հոգոց հանեցինք, մտածելով՝ վերջապես ՊՆ կոռուպցիոն որջը բացահայտվում է։



Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը եւս խոստումնալից է․ «ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու, այն է՝ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ անգործության մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Մեկ այլ քրեական գործով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի քիմիական, ինժեներական եւ հետախուզական միջոցներով ապահովման բաժնի պետ, գնդապետ Մհեր Պապյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: Հիշեցնենք, որ նույն մեղադրանքը՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, առաջադրվել է սպառազինության վարչության ավտոծառայության պետ գնդապետ Դավիթ Աբրահամյանին, որն ավելի վաղ էր ձերբակալվել՝ մայիսի 12-ին։



Խոսքը մեծ չարաշահումների մասին է



Մեր տեղեկություններով, նոր ձերբակալվածները կասկածվում են չարաշահումների մեջ։ Նրանք փաստաբաններ ներգրավելու խնդրանքով են դիմել։ Մինչ այս պահը ցուցմունք չեն տվել եւ նոր անուններ չեն հայտնել։ Դժվար է գուշակել, թե արդյոք Միրզաբեկյան-Մուրադյան-Կարապետյան եռյակն առնչվե՞լ է նրանց գործողություններին։ Թեեւ ակնհայտ է, որ նրանց եւ ձերբակալվածների գործառույթներն առնչվում են նյութատեխնիկական հարցերին եւ մատակարարումներին։ Կոմիտաս Մուրադյանն ու Ալիկ Միրզաբեկյանը պատասխանատու էին նյութատեխնիկական ապահովման եւ ավտոմատացված համակարգերի համար, այդ թվում՝ Մելսիկ Չիլինգարյանի եւ Արմեն Մարգարյանի ղեկավարած վարչությունների, նաեւ Դավիթ Աբրահամյանի ավտոծառայության աշխատանքի համար, իսկ Արշակ Կարապետյանը ղեկավարում էր հետախուզության վարչությունը, որին միջոցներ է ապահովել գնդապետ Մհեր Պապյանը։ Չի բացառվում, որ վերադասների անուններն այդպես էլ չհնչեն քննության ընթացքում, ինչպես մեզ մոտ հաճախ է պատահում։



Խախտումների մասին վաղուց էինք գրում



Կոմիտաս Մուրադյանի անունը դեռ անցյալ տարի հիշատակվեց ՊՆ մատակարար Աշոտ Սարգսյանի գործում, որին մեղադրեցին մոտ 500 հազար դոլար յուրացնելու մեջ։ ՊՆ օպերատիվ կառավարման կենտրոնի համար բերված տեսակոնֆերանսների տեխնիկան շուկայականից բարձր գնով էր ձեւակերպվել, իսկ Մուրադյանը նպաստել էր, որ տենդերը շահի Սարգսյանի ընկերությունը։ Ալիկ Միրզաբեկյանը դեռ 2012 թվականին հանրության տեսադաշտում հայտնվեց ոստիկանության զորքերի հրամանատար Գարեգին Գաբրիելյանի (մականունը՝ «Գել») տեղակալ Վանիկ Մանուկյանի դատական գործում։ Մի ամբողջ զինանոց էր վաճառվել՝ փամփուշտներ, հրթիռային համալիրի երկու կայանք, ՀՀ ՈԶ հաշվեկշռից դուրս գրված «ԲՏՌ-152» եւ «ԲՏՌ-60ՊԲ» տեսակի զրահամեքենաների իրաններ, ռազմամթերք հանդիսացող «ՊԳ-7» մոդելի 88 արկ եւ այլն։ ՊՆ պաշտոնյաների բազմաթիվ անուններ կային այս գործում, որոնք առնչվել էին զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի գործարքներին, Օհանյանի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանինը՝ այդ թվում։ Բայց դատարանը մաքրեց նրանց։ Պատասխան տվեց միայն ՈԶ հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանը, որին դատեցին արագացված կարգով։ Այսօր էլ գեներալները չեն պատժվում։ Միրզաբեկյանին եւ մյուսներին գործից ազատելուց հետո նույնիսկ չիմացանք, թե արդյոք քննվո՞ւմ են նրանց գործերը, թե՞ ազատման դիմումով ամեն ինչ ավարտվեց։ Միայն միամիտը կամ նա, ով միայն Հ1 է նայում ու դուրս չի գալիս տնից, կարող է հավատալ, որ ձերբակալված վարչության պետերը, միջին պաշտոնյաները վերադասների անուններ կտան։



«Ատկատ» տվողներն ովքե՞ր են



Նյութատեխնիկական սպասարկումն ապահովող ՊՆ պաշտոնյաներին ձերբակալում կամ գոնե պաշտոնանկ են անում չարաշահումների համար, իսկ Քննչական կոմիտեից վստահեցնում են, որ վարույթները վերաբերում են «մատակարարված անորակ ապրանքներն ընդունելուն, որոշ դեպքերում՝ ուռճացված գներով գնումներ կատարելուն»։ Այդ դեպքում ինչո՞ւ չենք տեղեկանում, որ քննություն է կատարվում նաեւ այն ընկերությունների մասով, որոնք մատակարարել են այդ անորակ ապրանքները։ Կամ էլ՝ չկան նման քննություններ։ Ինչո՞ւ գործեր չեն հարուցվում այն մատակարարների դեմ, որոնք կոռուպցիոն գործարքների են գնացել պաշտոնյաների հետ։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն» ամեն տարի, սկսած 2006 թվականից, ուսումնասիրում է պետգնումների համակարգը։ 2015-16 թվականների մոնիտորինգում առաջին անգամ անդրադարձել է ՊՆ գնումներին: Որպես շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի, բյուջետային անարդյունավետության, անբավարար թափանցիկության օրինակներ ՊՆ գնումների մասով 2015 թվականին կնքված հետեւյալ գործարքներն են բերվում․ 50 մլն. դրամի պայմանագիրը «Կամազ-Արմենիա» ՓԲԸ-ի հետ ավտոմեխանիկայի սպասարկման համար, «Ռադվան տեխնոլոգիա» ՍՊԸ-ի հետ վարժասարքերի 580 մլն. դրամի պայմանագիրը եւ առանձին նաեւ նույն ընկերության հետ 65.7 մլն. դրամի պայմանագիր՝ այդ սարքերի նորոգման գծով:



2015-2016 թթ. մոնիտորինգը ցույց է տվել, որ ՊՆ-ն այն պատվիրատուների ցանկում է, որոնք առավել հաճախ են մեկ անձի հիմքով, այսինքն՝ ոչ մրցակցային սկզբունքով, պայմանագրեր կնքել ընկերությունների հետ։ Անցյալ տարի պաշտպանական գերատեսչությունը 231 ընթացակարգ է իրականացրել մեկ անձի հիմքով, մոտ երկու մլրդ. դրամի։ «Նկատվում են փոխկապակցված ընկերություններից ձեռքբերումներ, օրինակ` ՊՆ-ն հիմնադրել է ընկերություններ («Զինառ» եւ «Հենակետ» ՓԲԸ-ներ), որոնց հետ ոչ մրցակցային հիմունքներով պայմանագրեր է կնքում»,- նկատել են կազմակերպության վերլուծաբանները։ Իսկ պետգնումների ողջ համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ մրցակցային հիմքով գնումները շարունակում են էական տեսակարար կշիռ ունենալ պետական գնումներում, շարունակվում է փոխկապակցված ընկերություններից ձեռքբերման պրակտիկան, գնումների հաշվետվողականության մասով նկատվում են էական խնդիրներ։ Ինչ խոսք, կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարը հեշտ չի լինելու, եթե պայքարողները յուրայինների ոտքը չտրորեն։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ