Դեռ չեն որոշել

Դեռ չեն որոշել

Գյումրիում և Վանաձորում աշնանը կայանալիք քաղաքապետի ընտրություններին նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը դեռ չի որոշել՝ կմասնակցի՞, թե՞ ոչ։



«Հարցը էս պահին քննարկման առարկա է, վերջնական որոշում լինելուց հետո անպայման տեղյակ կպահենք։ Ես չեմ կարող ասել՝ նույնիսկ եթե մասնակցելու ենք, ինչ ֆորմատով ենք մասնակցելու։ Ամեն դեպքում, առաջիկայում որոշումներ կունենանք և կհրապարակենք»-Hraparak.am-ին ասաց կուսակցության վարչության անդամ Էլինար Վարդանյանը։



Ինչ վերաբերում է իրենց նախաձեռնած այն քննարկումների շարքին, որոք այս օրերին ընթանում են տարբեր թեմաներով, Էլինար Վարդանյանն ասաց, որ դրանք շարունակվում են։



«Այս շաբաթվա վերջում լինելու է Հարկային օրենսգրքի վերաբերյալ քննարկում, հենց էս պահին կազմակերպչական աշխատանքներն են ընթանում», -ասաց նա։



Իսկ ՀՀԿ-ականներից մասնակցու՞մ են, քանզի նախորդներին ՀՀԿ-ից մասնակիցներ չկային, Վարդանյանն ասաց. «Փորձելու ենք հրավիրել կառավարության ներկայացուցիչների, ովքեր որ պատասխանատու են նախագծի համար»։



Նշենք, որ արդեն երեք քննարկում անցկացրել է «Համախմբումը». վերջինը արտագաղթի թեմայով էր։ Դրան մասնակցում են տարբեր քաղաքական ուժերի, նաև՝ ՀԿ սեկտորի կոնկրետ ոլորտային ներկայացուցիչներ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ