Ի՞նչ կտա մեզ ԼՂՀ խնդրին վերաբերող ՀԱՊԿ հայտարարության ստորագրումը

Ի՞նչ կտա մեզ ԼՂՀ խնդրին վերաբերող ՀԱՊԿ հայտարարության ստորագրումը

Հուլիսի 4-ին Հայաստանում անցկացվեց ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) արտգործնախարարների խորհրդի նիստը, որը քննարկել է հոկտեմբերին ՀԱՊԿ խորհրդի նիստի անցկացման վերաբերյալ հարցեր։ Հանդիպումը, իհարկե, դրանով չի սահմանափակվել՝ առանցքում եղել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Հանդիպման, թերեւս, մեզ ամենահետաքրքրող արդյունքն այն է եղել, որ ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հայտարարություն։ Հայտարարությունը ոչ միայն ղարաբաղյան, նաեւ սիրիական հակամարտության մասով է եղել՝ միջազգային անվտանգության կոնտեքստում, որտեղ հատկապես կարեւորվել է կովկասյան տարածաշրջանում ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը։ Այդ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ ստորագրող կողմերն աջակցություն են հայտնում մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրության կայունացմանը եւ խաղաղ բանակցային գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը:



«Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը` միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»,-ասված է հայտարարության տեքստում։ Ստորագրող կողմերն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի արտգործնախարարները։



Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը թեպետ ՀԱՊԿ-ն «շատ ուժեղ կազմակերպություն» չի համարում, բայց կարեւորում է նման հանդիպումների անցկացումը Հայաստանում։ Թեպետ սա արտառոց իրադարձություն չէ, քանզի Հայաստանը ռոտացիոն կարգով այժմ ՀԱՊԿ նախագահող երկիր է, եւ այս փուլում ուղղակի Հայաստանում են անցնում նիստերը։ Սա հնարավորություն է տալիս քո երկրում ընդունել տվյալ կառույցի անդամ բոլոր երկրների արտգործնախարարներին։ Ղարաբաղին վերաբերող հայտարարության առնչությամբ էլ Գրիգորյանն այստեղ թվարկեց մի քանի կարեւոր կետեր. «Օրինակ՝ հիշատակվում էր Վիեննայի հանդիպումը, որտեղ ֆիքսված է, որ պետք է կատարվեն ուսումնասիրություններ՝ կապված այս զինադադարի հետ, մոնիտորինգ անցկացվի, նաեւ հելսինկյան ակտը, դրանք մտան նաեւ այս հայտարարության մեջ։ Ուզում եմ ասել, որ ամբողջությամբ վատը չէր հայտարարությունը։ Հասկանում եմ՝ ՀԱՊԿ-ն չունի անսպառ հնարավորություններ, բայց այն, որ էդ շրջանակներում նման հայտարարություն արվեց, դա լավ էր»։ Ըստ քաղաքագետի՝ այս հայտարարությունը, որի տակ ստորագրել են հատկապես մուսուլմանական երկրներ Ղազախստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի արտգործնախարարները, Ադրբեջանում մեծ արձագանք կստանա։



Մեկ այլ քաղաքագետ՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, սակայն, առանձնապես մեծ ակնկալիքներ չունի այս հայտարարության ստորագրումից եւ չի կարծում, թե այն որեւէ արձագանք կստանա միջազգային հանրության, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից։ «Որովհետեւ նման հայտարարություններ, որոնք բազմիցս հնչել են նաեւ այլ երկրների ներկայացուցիչների կամ թեկուզ միջնորդ երկրների ղեկավարների կողմից, ցավոք սրտի, որպես կանոն, հենց որպես հայտարարություն էլ մնում են։ Ընդամենը մթնոլորտ է ձեւավորվում, որը, իհարկե, դրական է եւ անհրաժեշտ է Հայաստանին միջազգային հանրության կողմից աջակցություն ստանալու տեսանկյունից, բայց գործնական ազդեցություն բանակցային գործընթացի վրա կամ թե սպասել, որ Ադրբեջանն այդ հայտարարությունից հետո կփոխի իր մոտեցումները, կարծում եմ, որ նման սպասելիքներ պետք չէ ունենալ»,-ասաց նա։



Հանդիպման դրական կողմը միայն այն էր, որ հայտարարության տեքստը քաղաքական աջակցություն էր պաշտոնական Երեւանին ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ