Ամբողջ աշխարհը գիտի՝ իմ եկամուտները որտեղից են

Ամբողջ աշխարհը գիտի՝ իմ եկամուտները որտեղից են

Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ իր ունեցվածքի, հայտարարագրած միլիոնների թեմային, ինչի վերաբերյալ այդքան գրվեց մամուլում և քննարկվեց սոցցանցերում



«Ես երբ որ նշանակվել եմ, իմ ունեցվածքի, իմ հարստության կամ իմ հայտարարագրի հետ կապված բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Ես մի անգամ առիթ եմ ունեցել դա նշելու և ուզում եմ դա մեկ անգամ ևս ձեզ ասել։ Ես առաջին անգամ հայտարարագիր լրացրել եմ 2002 թվականին, երբ որ զբաղեցրել եմ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնը։ Այ, երբ որ ցանկացած մարդ 2002 թվականին լրացրած իմ հայտարարագիրը նայի, կտեսնի, որ իմ հայտարարագրում էն ժամանակվանից մինչև հիմա՝ 14 տարի հետո, մեծ բան չի փոխվել։ Եվ դա կպցնել ինձ, որ ես հարստացել եմ կամ, չգիտեմ, իմ պետական եկամուտների հայտարարագրերում կան մեծ գումարներ, և դա փորձել համադրել իմ զբաղեցրած պաշտոնների հետ, դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա։



Հարցին՝ իր պաշտոնները չե՞ն ազդել իր եկամուտների գոյացման վրա, պարոն Հովսեփյանն ասաց. «Ախր հիմա ուղղակի ամբողջը կամերաների տակ ա, ես կփորձեմ ավելի կոռեկտ պատասխանեմ։ Ամբողջ աշխարհը գիտի՝ իմ եկամուտները որտեղից են։ Այսինքն՝ դա, եթե դուք փողոցում ցանկացած մարդու, որը ճանաչում է ինձ, մոտենաք, հարցնեք, իրենք ձեզ կպատասխանեն՝ իմ եկամուտները որտեղից են։ Աստված տվել ա, որ մեր ընտանիքը հարուստ ընտանիք ա։ Ես դրանով միայն հպարտ եմ»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ