Ձեր ո՞ր խոստումն եք կատարել, Սերժ Սարգսյան

Ձեր ո՞ր խոստումն եք կատարել, Սերժ Սարգսյան

Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներից մեկը` Hraparak.am կայքի ակտիվ ընթերցող Անուշ Սարգսյանը, զանգահարել էր մեր թերթի խմբագրություն եւ խնդրում էր գրառել իր դիտարկումներն ու ներկայացնել ընթերցողին։ Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը՝ որոշ խմբագրմամբ։



«Ինչքան ուզենք՝ այնքան կխփենք, այսպես էր պատասխանել լրագրողների հարցին 2013թ. ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավին Սերժ Սարգսյանը, Գյումրիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ։ Այս անգամ էլ ինձ տրամադրեցի լսելու նրա օգոստոսի 1-ի ելույթը։ Դա ելույթ չէր թե՛ բովանդակային առումով, թե՛ ձեւի։ Դա ուրիշ մեկի գրածն էր, որն իրականության հետ ոչ մի աղերս չուներ։ Նշում եք, որ իրավապահները, ոստիկանները ստիպեցին, որ «Սասնա ծռերը» զենքը վայր դնի։ Սակայն «Սասնա ծռերը» հենց այնպես զենքը ցած չդրեցին, նրանք ցած դրեցին զենքը նոր արյունահեղությունից խուսափելու համար, ոչ թե Ձեր ստիպելով։ Ինչո՞ւ եք շնորհակալություն հայտնում ոստիկաններին։ Մի ամբողջ համակարգ ծառայում է ձեզ եւ ձեր բանդային՝ ժողովրդից պաշտպանելու համար։ Հասարակությանը բաժանել եք երկու մասի. յուրայինների եւ թշնամիների։ Դուք իշխանության եկաք 2008թ. մարտի 1-ին արյունահեղությամբ։ Դուք հորդորեցիք քանդել չհասկացվածության պատը, հայտարարեցիք, որ այնտեղ մեր քույրերն ու եղբայրներն են։ Դուք ոչ միայն այդ ութ տարվա ընթացքում այդ պատը չփորձեցիք քանդել, այլեւ ավելի բետոնապատեցիք։ Եվ դեռ ուզում եք, որ ժողովուրդը հավատա ձեզ եւ վստահի ձեր խոսքին։



Ինչու՞ եք շնորհակալություն հայտնում ոստիկաններին. նրա՞ համար, որ 18 տարեկան ապագա զինվորի աչքը հանեցին սառնասրտորեն, մարդկանց ծեծում-քարշ էին տալիս սառնասրտորեն, լցնում ոստիկանական մեքենաները, մտնում էին բնակիչների տները։ Ո՞վ պետք է տա այս ամենի պատասխանը։ Ո՞վ պետք է պատասխան տա մանկահասակ երեխաների վախեցած աչքերի համար։ Աստված գիտե, թե ինչ ապրեցին այդ մանուկները։ Ու՞ր ենք հասել, որ արդեն «երեք տառանի» ոստիկանուհիները իրենց տատիկի տարիքի կանանց թեւերը ոլորելով բերման են ենթարկում։ Ժամանակին հայ կինը թշնամուց մեր ձեռագրերն է փրկել ու պահպանել։ Դուք սառնասրտորեն հայ կնոջ կերպարն էլ եք արատավորել։ Ես նրանց հայ կին չեմ համարում։ Շատ պրոֆեսիոնալ ձեւով աշխատեցին ձեր ոստիկանները, դրա՞ համար թիրախավորեցին լրագրողներին, որոնք իրենց մասնագիտական աշխատանքն էին կատարում՝ ամրագրված սահմանադրությամբ։ Ովքե՞ր էին այն քաղաքացիական հագուստով երիտասարդները, որոնք հաբեր էին կուլ տալիս եւ պրոֆեսիոնալ ձեւով ծեծում լրագրողներին։ Պահանջում եմ բացատրություն տալ եւ հրապարակային հայտարարել նրանց ով լինելու մասին։ Լրագրողները բողոքի ակցիա էին կազմակերպել եւ ես նույնպես միանում եմ նրանց պահանջին։ Ժողովրդին ուժով հաղթե՞լը նկատի ունեք։ Սեփական ժողովրդին ուժով հաղթելը կործանարար պարտություն է։ Սեփական ժողովրդին հաղթում են ազգանվեր գործերով եւ ազգին ծառայելով, ինչից դուք շատ հեռու եք։ Իմացեք, որ լրագրողները չեն ներելու, որովհետեւ արդեն որերորդ անգամն է, որ քաղաքական ակցիաների ժամանակ նրանք ամենաշատն են տուժում, երբ ընդամենը կատարում են իրենց աշխատանքը։ Նրանք ձեզ չեն ներելու, «Սարի թաղի» վախեցած աչքերով մանուկները չեն ներելու։ Դուք ունե՞ք բարոյական իրավունք խոսել օրենքից, օրենքի ուժով պատասխան տալուց։ Օրենքը լուրջ կատեգորիա է, եթե չգիտեք, ապա կարդացեք իրավագիտության դասագիրքը։ Այդ նույնն է, որ անբարոյականը խոսի բարոյականությունից։ Ձեր շրջապատի հանցագործներից ո՞րն է իր հանցագործության համար ենթարկվել պատասխանատվության՝ Լֆիկ Սամո՞ն, Նեմեց Ռուբո՞ն, Շմա՞յսը, Լիսկա՞ն, Թոխմախի Մհե՞րը։



Խոստանում եք, որ այլեւս չի կրկնվի նման բան։ Ձեր ո՞ր խոստումն եք կատարել։ Ձեր խոստումը փողոցային կնոջ հավատարմության երդում է հիշեցնում։ Երկիրը հասցրել եք անդունդի եզրին ձեր ապաշնորհ եւ ապազգային քաղաքականությամբ։ Պետականության հիմքերը խարխլելուց եք խոսում։ Ողջ տնտեսությունը քանդել ու քայքայել եք՝ վերածելով քրեաօլիգարխիկ համակարգի։ Ոչնչացրել եք գիտությունը։ Կրթությունը փչացրել եք, վերածել եք մի կենտրոնից կառավարվող կոռուպցիոն կենտրոնի։ Պաշտպանության ոլորտը ամբողջությամբ թալանվել է, եւ դա ապացուցեց ապրիլյան պատերազմը։ Պաշտպանության նախարարությանը քննադատող (եթե չեմ սխալվում, ապա «Հրապարակ» օրաթերթում էր այդ հոդվածը) հոդվածից հետո ԱԺ-ում մասնագիտությամբ երգչուհի պատգամավորուհին քննադատողների աչքն էր ուզում հանել։ Իսկ պատերազմից հետո ու՞ր էր մտցրել լեզուն, չկար։ Լավ կանի, որ այսուհետ հայրենասիրական երգեր չերգի, հանցագործ իշխանության մեջ գտնվողն իրավունք չունի հայրենասիրություն բառն օգտագործել։



Սերժ Սարգսյան, ձեր ո՞ր արարքն ու գործն է ապացուցել, որ դուք ձեզ նվիրել եք ժողովրդին եւ պատրաստ եք զոհաբերել ձեր կյանքը։ Հանուն ժողովրդի՞ եք ամեն մի քաղաքական ակցիայից հետո ժողովրդի վրա քսի տալիս ձեր մենթերին։ Ամբողջ ժողովրդի նկատմամբ պետական մակարդակով ահաբեկչություն եք իրականացնում՝ ոտնահարելով քաղաքացու սահմանադրական իրավունքը։ Հետո էլ խոսում եք ահաբեկչությունից։ Այսքան տարիների ընթացքում դուք մի խոսոտւմ եք միայն կատարել՝ ինչքան ուզեմ՝ այնքան կխփեմ։ Ապացուցեցիք, որ ձեր ձեւը՝ ոնց ուզեմ, ինչ ուզեմ, ինչքան ուզեմ, ում ուզում, երբ ուզեմ։ Եւ ովքե՞ր են դահլիճում նստած լսողները․ «մշակույթի երեւլինե՞րը», «հասարակական գործիչնե՞րը», «մտավորականնե՞րը», «դուդուկ փչողնե՞րը»։