Միխեիլ Սաակաշվիլիի կինը կառաջադրվի վրացական խորհրդարանական առաջիկա ընտրություններում

Միխեիլ Սաակաշվիլիի կինը կառաջադրվի վրացական խորհրդարանական առաջիկա ընտրություններում

Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը, պատրաստվում է մասնակցել հոկտոմբերի 8-ին Վրաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Վերջինս կառաջարդվի Զուգդիդիի շրջանից «Միասնական ազգային շարժում» կուսակցության կազմում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «Մոտավորապես չորս տարի է անցել, ինչ ես այլեւս չեմ հանդիսանում Վրաստանի առաջին տիկին եւ հետեւում եմ Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին կողքից: Այս ողջ ընթացքում նոր կառավարությունը կարող էր լավ աշխատել, Միշան երկրում չէր եւ կարծես թե ոչ մի խանգարող հանգամանք չկար: Նրանք չեն ցանկացել լավ նախագծեր իրականացնել եւ հետեւել, որ լավ մի բան լինի երկրում: Ես տեսնում եմ, որ ոչ մի նոր բան չի արվել եւ ցանկանում եմ իմ քաղաքական պայքարը նվիրել այն մարդկանց, ովքեր իրենց են զոհաբերել հանուն պետության»,- հայտարարել է Ռուլոֆսը այսօր Զուգդիդիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նշենք, որ Ազգային շարժման առաջնորդ Դավիթ բաքրաձեն ողջունել է նախկին առաջին տիկնոջ առաջադրումը եւ հույս հայտնել, որ վերջինս արժանավորապես կներկայացնի Զուգդիդին: