Մարզպետը խոպանչու հոգեբանություն ունի՝ ի՞նչ կարամ ասեմ

Մարզպետը խոպանչու հոգեբանություն ունի՝ ի՞նչ կարամ ասեմ

Հոկտեմբերի 2-ի ընտրությունները Սեւանում կենաց-մահու պայքարի են վերածվում։ Իրար դեմ պայքարի են դուրս եկել գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանը՝ հանրահայտ Ուդոն, որը հայտնի է կրիմինալ վարքով, եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը։ Առաջադրված հինգ թեկնածուներից երեքը Ռաֆիկ Գրիգորյանի դրածոներն են, որոնցից երկուսը ՀՀԿ անդամներ են՝ Սեւանի նախկին քաղաքապետներ Գեւորգ Մալխասյանը, Աշոտ Ալեքսանյանը եւ անկուսակցական Սարգիս Մուրադյանը՝ Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալը։ Բոլորն էլ ինքնառաջադրված թեկնածուներ են, ինքնառաջադրվել է նաեւ Ուդոն։ Նա երկրորդ ժամկետն է առաջադրվում, մեկ էլ 89-ին է եղել քաղաքապետ, պարծենում է, թե այն ժամանակ «ստից» մարդիկ չէին կարող քաղաքապետ դառնալ՝ «լուրջ» մարդկանց էին պաշտոն տալիս։ Փաստ է, որ Ուդոն չի վայելում ՀՀԿ-ի աջակցությունը, նրա ազդեցիկ հովանավորները, ըստ ամենայնի, չեն կարողացել այդ հարցերը լուծել։ Նրա եւ Հովիկ Աբրահամյանի մտերմության մասին բոլորը գիտեն, բայց ասում են, որ վերջին ընտրություններին հատկապես Վովա Գասպարյանն է ջանք թափել, որ Ղուկասյանն ընտրվի. ընտրություններից առաջ գնացել է Սեւան, դաստիարակչական զրույցներ վարել, որից հետո մեկ գիշերվա ընթացքում առաջադրված թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ են գրել՝ քաղաքապետի պաշտոնի համար պայքարում Ուդոյին մենակ թողնելով։



Ղուկասյանը մեզ հետ զրույցում հանդիմանեց. «Չի կարելի ասել, որ ես ՀՀԿ-ի աջակցությունը չեմ վայելում, ՀՀԿ-ն դեռ կկողմնորոշվի, ժամանակը ցույց կտա»։ Նա բացառում է, որ ինքնաբացարկ կհայտնի. «Չի լինելու դա՝ երբեք»։ Հովանավորների մասին էլ է կտրուկ արտահայտվում. «Ես էդպիսի հովանավորներ չեմ ունեցել, սուտ խոսակցություններ են։ Բոլորի հետ ունեմ լավ հարաբերություններ, քանի որ ես ունեմ երկար տարիների աշխատանքային փորձ»։ Ղուկասյանը հարցով է պատասխանում հարցին, թե արդարացրե՞լ է կուսակցության հույսերը եւ կարծո՞ւմ է, որ արժանի է աջակցության. «Իսկ Ձեր կարծիքո՞վ»։ Եվ հորդորում է սեւանցիներից հարցնել. «Ես աշխատել եմ իմ ժողովրդի ու պետության համար, հիմա էլ աշխատելու եմ ժողովրդիս համար»։ Սեւանի քաղաքապետը չի թաքցնում, որ մարզպետն իր դեմ է աշխատում ու թեկնածուներ ունի. «Երբ որ ինքն իմ մոտ գյուղապետ էր աշխատում՝ 96 թվին, խոպանից որ եկել էր, եթե ինքը խոպանչու հոգեբանություն ունի, ես ի՞նչ կարամ ասեմ՝ ինչի՞ ա ըտենց անում»։



Նա ուզում է ընտրվել, քանի որ նոր գործեր է ձեռնարկել, ուզում է քաղաքի համար «լուրջ-լուրջ» գործեր անել. «Ստադիոն է կառուցվում, մշակույթի պալատ ա վերանորոգվում, դպրոց, էնքա՜ն բան։ Ես որ եկել եմ Սեւան, ներդրումները 0 են եղել՝ զրո, հիմա 14 մլրդ․ դրամ ա։ Սա ա արդյունքը, թե չէ ով ումը կհովանավորի, ինչ կանի, Լճաշենից ումը կբերեն կգրանցեն, որ քաղաքապետ անցկացնեն, ամոթ ա, ամոթ»։



Պարզվեց՝ Սարգիս Մուրադյանն է այն թեկնածուն, որը ոչ մի օր Սեւանում չի ապրել, մեկ տարի առաջ Լճաշենի գրանցումից հանել՝ Սեւանում են գրանցել, որ քաղաքապետի թեկնածու առաջադրվի։ «Մենակ իրա նման սրիկաները կարան մարզպետի հետ համագործակցեն, որ իմ դեմ դնեն։ Ամբողջ մի տարի իմ վրա աշխատել են, թերթերում հոդվածներ, էլի բաներ։ Բայց նա մի օր Սեւանում չի ապրել, հիմա էլ չի ապրում»։ Սեւանում ՀՅԴ-ն նույնպես քաղաքապետի թեկնածու է առաջադրել՝ Արտակ Վարդանյանին։



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ