Նրանք կմնան

Նրանք կմնան

Նոր կառավարության թեման չի շրջանցել նաև մեր բակի բեսեդկան: Այստեղ մինչև ուշ երեկո քննարկումներ են ընթանում Հովիկ Աբրահամյանի հրաժարականի, Կարեն Կարապետյանի նշանակման, կառավարությունում սպասվող հիմնահատակ փոփոխությունների մասին: Կարծիքները բազմազան են՝ Սերժն է անում, Մոսկվայից են անում, Հովիկը լավ էլ աշխատում էր, Կարենը մեր արևի տակ չի դիմանա... Վերջերս արդեն քննարկում են՝ ով կմնա և ով կգնա հներից: Հատկապես հետաքրքիր էր կին նախարարների ճակատագրի շուրջ վեճը:



Բաց պատուհանից ծխում ու լսում եմ բեսեդկայի քննարկումը: Իմ հարևան Շմավոնը, որ ամենակտրիվներից էր միշտ և որի կարծիքը մյուսները հաշվի էին առնում, քանի որ նա ՀՀԿ շտաբի ակտիվիստ է նաև, լռում էր: Ինձ մի պահ թվաց. որ բացակայում է, բայց երբ քննարկումը հասավ կին նախարարներին, Շմավոնի ձայնը լսվեց.



- Արփինեին կհանեն: Նա Հովիկի բերած կադրն է: Հիշու՞ւմ եք ԱԺ նախագահ եղած ժամանակ ոնց էր ընդդիմադիրներին կարգադրում, որ օրիորդին դժվար հարցեր չտան:



-Դա ի՞նչ կապ ունի, Շմավոն ձյաձյա,- հակաճառեց մի երիտասարդ,- Արփինեն լրիվ տեղավորվում է այս փոփոխությունների մեջ, նոր է, ջահել, սիրուն, ինչո՞ւ պետք է հանեն:



Շմավոնը տաքացավ.



- Ջահել-սիրունն ի՞նչ կապ ունի, ասում եմ՝ Հովիկի մարդն է: Էլ ջահել սիրուն աղջիկ չկա՞, կհանեն նրան, այ՝ կտեսնեք:



- Բա մյուսների՞ն, Շմավոն ձյաձյա, Հրանուշին, Հասմիկին ի՞նչ են անելու, նրանք էլ հո Հովիկի մարդը չեն, հարցրեց երիտասարդը, որ, հավանաբար, Արփինեի երկրպագուն էր:



- Հրանուշն ու Հասմիկը կմնան,- առարկություն չընդունող տոնով իմաստախոսեց Շմավոնը:



- Յա՜ա՜ա՜,- զարմաացան մյուսները: 



- Հա, կմնան:



- Մնան, որ ի՞նչ անեն,- Շմավոնի օձիգը բաց չէր թողնում երիտասարդը:



-Դուք քաղաքականությունից շատ քիչ բան եք հասկանում: Հրանուշն ու Հասմիկը նախարար են Ռիտա Սարգսյանի քվոտայով և նրանց փոխել կարող է միայն Ռիտան:



Շմավոնի այս խոսքի վրա բեսեդկան պայթեց ծիծաղից:



- Ի՞նչ կա ծիծաղելու այ Վազգեն,- շարունակեց Շմավոնը,- հիշո՞ւմ ես, որ ընտանիքներով գնացինք Սևան:



- Հիշում եմ, հետո՞:



- Դե որ հիշում ես, ասա, տեսնեմ՝ ո՞վ կազմակերպեց մեր Սևան գնալը: Վարդուշն ու Ելենը որ չորոշեին, մենք միասին Սևան գնացո՞ղն էինք: Նույն բանն է: Եթե տիկին Ռիտան որոշի, որ իր ընկերուհիները մնալու են, ուրեմն կմնան: Իսկ նա իր ըկերուհիներին կպահի:



Բեսեդկայում լռություն տիրեց: Ինձ թվաց՝ բոլորը սկսեցին խորհել Շմավոնի ասածների վրա:



Էդիկ Անդրեասյան