Ավարտվել են ՌԴ-ի եւ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետերի բանակցությունները

Ավարտվել են ՌԴ-ի եւ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետերի բանակցությունները

Այսպիսով ավարտվեցին ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի եւ Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետ Հուլուսի Աքաի բանակցությունները Անկարայում: Ինչպես հաղորդում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, բանակցությունների հիմնական թեման Սիրիական հակամարտությունն էր եւ ներկայումս Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող իրավիճակը:



ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից կարելի է հասկանալ, որ քննարկվել է նաեւ հրադադարի ռեժիմի երկարաձգման հարցը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ երկուստեք կարեւորվել են երկկողմ հարաբերությունների զարգացումը ռազմական ոլորտում, որը կարծես այնքան էլ լավ չի ընկալվում, հաշվի առնելով Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցության հանգամանքը:



Нaberturk-ն էլ գրել է, որ բանակցությունները անցել են դրական աշխատանքային մթնոլորտում: Օրակարգում առանցքային է եղել նաեւ գլոբալ ահաբեկչության եւ ԻՊ-ի դեմ պայքարի հարցը: Ինքնին հասկանալի է, որ որոշակի քննարկումներ ծավալվել են Թուրքիայի կողմից այդ անվան ներքո իրականացվող «Եփրատյան վահան» գործողության շուրջ, որը շատ վերլուծաբաններ անվանում են հակա-քրդական գործողություն:



Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս առնչությամբ, հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ Էրդողանը Սիրիայի հարցում իր կեցվածքը շրջադարձային փոփոխության ենթարկեց միայն ռուս-քրդական մերձեցումները կանխելու համար: