Կարճ պատասխանեմ՝ չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կպարտվի

Կարճ պատասխանեմ՝ չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կպարտվի

Լոռվա մարզպետ, ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արթուր Նալբանդյանը մարզի 89 համայնքներում հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքը գնահատում է նորմալ։ 



«Ինչ վերաբերում է մարզկենտրոն Վանաձորին, ապա ես կասեի, որ ութ քաղաքական ուժերն էլ նորմալ քաղաքական պրոցեսների մեջ են եւ իրենց քարոզարշավի հնարավորություններից օգտվում են»,-երեկ մեզ հետ զրույցում ասաց պարոն Նալբանդյանը, ում եւս մի քանի հարց ուղղեցինք։



- Ի՞նչ կասեք այն մասին, որ ՀՀԿ-ն որոշեց հրաժարվել իր երկարամյա քաղաքապետ Սամվել Դարբինյանից՝ որպես թեկնածու առաջադրելով նոտար Մամիկոն Ասլանյանին։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։



- Ինչ վերաբերում է մեր թեկնածուին փոխարինելուն, դեռ նախորդ անգամ գործող քաղաքապետը որոշել էր, որ իր թեկնածությունը չի առաջադրելու, եւ, բնականաբար, մենք պետք է մեր նոր թեկնածուին առաջադրեինք։ Եթե հետաքրքրում է, թե նոր թեկնածուի ընտրությունն ինչպես է արվել, գուցե ես դա էլ ներկայացնեմ։



- Դուք կո՞ղմ եք եղել այդ առաջադրմանը, Ձեր սրտո՞վ էր Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը։



- Իմ սրտով լինելը դեռ շատ քիչ է, որովհետեւ մենք ունեցել ենք անուններ, որոնք եղել են շրջանառության մեջ, եւ մենք առաջնորդվել ենք Մամիկոն Ասլանյանի անցած ճանապարհով, ստացած կրթությամբ եւ գիտելիքներով։ Բացի այդ, ամենակարեւորը՝ մենք փորձել ենք այդ ընթացքում մեզ համար ներքին մոնիտորինգ անել, եւ մեր մոնիտորինգի արդյունքները ցույց տվեցին, որ Մամիկոն Ասլանյանը մեր վանաձորցիների կողմից սիրված, հարգված անձնավորություն է, եւ, էսպես, հեղինակությունը մի փոքր ավելի բարձր է, ու մեր ընտրությունը կանգ առավ հենց Մամիկոն Ասլանյանի վրա։



- Խոսակցություն կար, որ Դուք ի սկզբանե դեմ էիք Ասլանյանի առաջադրմանը, անգամ մի առիթով ասել եք, թե «քաղաքապետի պաշտոնը նոտարի պաշտոն չէ, որ պեչատը խփի, փող աշխատի»։



- Եթե գաղտնիք չէ, էդ որտե՞ղ եք արտահայտել։ Ուրեմն խնդրանքս, որ սուտ տեղեկություններ չտարածեք։ Նման բան հնարավոր չէ եւ չէր էլ կարող լինել, որովհետեւ Մամիկոն Ասլանյանը շատ պարկեշտ անձնավորություն է։



- Խոսքը նրա պարկեշտության մասին չէ, այլ նրա անձի եւ այդ պաշտոնին համապատասխանելիության։



- Ես հստակ պատասխանեցի, որ սուտ տեղեկություններ տարածել պետք չէ եւ էսպես՝ հավաստի աղբյուրներից, չգիտեմ ինչերից մեջբերումներ պետք չէ անել։



- Բնականաբար, պետք է հերքեք... իսկ Մամիկոն Ասլանյանին մարզային կառույցի մակարդակով եւ անձամբ Ձեր կողմից աջակցություն կլինի՞։



- Իհարկե, պետք է լինի։ Ես՝ ինքս, փորձում եմ քարոզարշավին հետեւել եւ մասնակցել, որովհետեւ ես՝ ինքս, ոչաշխատանքային օրերին եւ աշխատանիքից անմիջապես հետո լծված եմ էդ աշխատանքին՝ որպես կուսակցության մարզային կառույցի ղեկավար։ Եվ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր թեկնածուն հնարավորինս շատ քվեներ ստանա։



- Վանաձորում բավականին հետաքրքիր ու խառը պայքար է ընթանում. ընդդիմադիր ուժերը, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Լուսավոր Հայաստանը», մեկ իրար դեմ են պայքարում, իրար մեղադրանքներ ներկայացնում, մեկ ՀՀԿ-ի գործող քաղաքապետի եւ առաջադրված թեկնածուի։ Դուք այս ամենն ինչպե՞ս եք գնահատում, նաեւ ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի շանսերն այս ֆոնին։



- Նախ ՀՀԿ-ի շանսերը բարձր եմ գնահատում։ Իսկ ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերին, ՀՀԿ-ն հենց առաջին քարոզարշավի օրվանից որդեգրել է մի քարոզարշավի ոճ, որ երբեք այլ քաղաքական ուժերի մասով քննադատական կամ որեւէ այլ կարգի կարծիք չի հայտնելու։ Մենք քարոզարշավի ընթացքն օգտագործում ենք զուտ նրա համար, որպեսզի ներկայացնենք մեր ծրագրերը։ Սրանով ենք մենք առաջնորդվում։



- Վերջին հարցը։ Եթե, ամեն դեպքում, ՀՀԿ-ն պարտվի Վանաձորում, կստացվի՞ արդյոք, որ ՀՀԿ-ն կորցնում է Լոռու մարզը, այն դուրս է մղվում իր տիրապետության տակից։



- Շատ կարճ պատասխանեմ՝ չեմ կարծում, որ ՀՀԿ-ն կպարտվի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ