Իրական անկախությունը վերականգնենք սուվերենության տեսքով

Իրական անկախությունը վերականգնենք սուվերենության տեսքով

Անկախության տոնին ընդառաջ «Անտարես» հրատարակչությունը նախաձեռնեց «Դրոշ ու գիրք» տոնական երեկույթը՝ Ազատության հրապարակում անկախության տոնը նշելով այնպես, ինչպես կնշենք Նոր տարվա գալուստը։ «Անտարեսի» նախագահ Արմեն Մարտիրոսյանը պատմում է, որ գաղափարը ծագեց այնտեղից, երբ Տիգրան Պասկեւիչյանը 40 օր առաջ սկսեց մի «շարժում», որով ազդարարում էր, թե քանի օր է մնացել Հայաստանի անկախության օրը նշելուն։ Բացի այդ, արձակագիր Արմեն Հայաստանցին նոր գիրք հրատարակեց՝ «Մայրենիք, դրոշ» վերնագրով։ Արդյունքում ընդհանուր քննարկումները բերեցին նրան, որ անկախության տոնը պետք է դիմավորել այնպես, ինչպես Նոր տարին ենք դիմավորում. «Հիմա թե երգելով կդիմավորենք, իրար գրկելով, գրկախառնվելով, թե պարելով, գտնենք ձեւը, սա մեր անկախության ծննդյան օրն է, ու կարծում եմ՝ ամենահարազատ տոնը՝ գոնե ինձ համար»։ 



Խորհրդանշական 1991 դրամ՝ անկախության շրջանի հայ գրքի դիմաց։ Թե ինչու է գիրքն անկախության շրջանի չգնահատված արժեքներից, ապա Արմեն Մարտիրոսյանը բերեց մի օրինակ. «Այս օրերին հայրենական արտադրության ապրանքների ցուցահանդես է անցնում Հայաստանում, ու երբ մտնում ես ցուցահանդես, տեսնում ես, որ գիրքը ոչ առաջինն է ներկայացված, ոչ 8-րդը, ոչ 50-րդը, անգամ գլխավոր դահլիճում գիրքը ներկայացված չէ, 2-րդ դահլիճում, որտեղ գլխի չես ընկնի, որ այնտեղ դահլիճ կա, ահա այնտեղ նոր գրքի տաղավարն են տեղադրել։ Հենց միայն այդ ցուցահանդեսը մտեք ու տեսեք՝ արդյո՞ք գիրքն այսօր գնահատված է, տեղ տալով է որոշվում գնահատել-չգնահատելը։ Մեծ, միջին կամ ցածր եկամուտ ունեցող հայաստանցու զամբյուղի մեջ գիրքը քանի՞ տոկոս է զբաղեցնում, իսկ սրճարան գնալը, ինտերնետը, ծխախոտը՝ քանի՞ տոկոս։ Քանի՞ կոշիկի խանութ կա Հայաստանում եւ քանի՞ գրախանութ։ 4 գրախանութ ունենք, որ գիրք է վաճառում եւ ունի որոշակի տեսականի, մնացած խանութները, որտեղ որ գիրք է վաճառվում, այլ բիզնեսով պահվող գրախանութներ են»։



Ըստ Մարտիրոսյանի, այն, որ գրքին մենք արժանի տեղ չենք տալիս, բավական է համեմատության մեջ դիտարկել հարեւան Վրաստանի օրինակը. «Հայաստանում մի անգամ պետության ղեկավարներից մեկն անդրադարձավ գրքին, դա Հովիկ Աբրահամյանն էր, երբ Վահան Հովհաննիսյանի գիրքը նվիրեց նախարարներին, դրանից 3 օր անց գրքի տպաքանակն սպառվել էր։ Մյուս տարի Ֆրանկֆուրտում, որը գրքի ամենամեծ տոնավաճառներից է, Վրաստանն ամենակարեւոր հյուրն էր, իսկ 2012թ.-ին, եթե մենք եւ Վրաստանը հրապարակում էինք 2 հազար անուն գիրք, այսօր մենք 1500 անուն ենք հրապարակում, իսկ Վրաստանը՝ արդեն 8 հազար 500 անուն։ Սա որակական թռիչք է, ու այդ թռիչքը կայացել է հենց այն բանի շնորհիվ, որ այնտեղի հասարակությունն ավելի համերաշխ է, ավելի գիտելիքամետ է, քան մենք, ու դա իրական ազատության, անկախության ծնունդ է»։



Արմեն Մարտիրոսյանը եթե նորմալ է համարում մեր շքերթում ռուսական զորքի առկայությունը, ապա անընդունելի՝ նրանց ռուսական դրոշի տակ հանդես գալը, այն էլ՝ ՀՀ անկախության շքերթին, մինչդեռ, ինչպես հիշում է նա, նախորդ տարիներին ռուսական զորքը հայկական դրոշի տակ էր շքերթներին մասնակցում. «Մեր գործընկերոջը պետք է բացատրենք, որ սուվերենության սիմվոլը միակը պետք է լինի։ Մեզնից վերցնելով մեր սուվերենության մի մասը, այն խումբը, որ այսօր իշխանություն է կոչվում, դա տվել է ուրիշին։ Այսօր շատերն են ասում, որ առաջին հերթին մենք մեր սուվերենությունը պետք է վերադարձնենք Ռուսաստանից, նոր ներքին հարցերը լուծենք, առանց սուվերենության չկա անկախություն, հիմա սուվերենությունը խլելով սուվերենից՝ տրվել է այլ պետության, այս դեպքում՝ Ռուսաստանին, իսկ վաղը կարող է Իրանին տալ, Թուրքիային, Չինաստանին։ Ասածս այն է, որ մենք սկզբից պետք է մեր իրական անկախությունը վերականգնենք սուվերենության տեսքով եւ ընտրության ճանապարհով ունենանք ամենաուժեղ իշխանությունը, իսկ այդ ուժեղ իշխանությունը կվերադարձնի թե Ռուսաստանից, թե մյուս պետություններից մեր կորցրած սուվերենությունը»։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ