Պարգեվատրվածները՝ իրենց «ակնառու գործունեության» մասին

Պարգեվատրվածները՝ իրենց «ակնառու գործունեության» մասին

Սեպտեմբերի 20-ը նախագահական նստավայրում մեդալների շնորհման, պարգեւատրումների օր էր։ Անկախության 25-ամյակին ընդառաջ Սերժ Սարգսյանը տարատեսակ պետական բարձր պարգեւների, մեդալների արժանացրեց տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ Քաղաքական գործիչներից ամենաբարձր պարգեւի արժանացավ դաշնակցական Հրանտ Մարգարյանը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան։ Դաշնակցական գործիչը, սակայն, նախագահականից դուրս գալուց հետո, ըստ տարածված տեսանյութի, անմիջապես հանում է կրծքին փակցված մեդալը եւ, մեքենայով կոպիտ կերպով խախտելով երթեւեկության կանոնները, հենց նախագահականի դիմացից շրջվում ու հեռանում։ 



Մեդալներ ստացան նաեւ ուսուցիչներ, բժիշկներ, ռազմական գործիչներ, նաեւ արվեստագետներ, մշակութային գործիչներ։ Ի դեպ, մշակութային գործիչներին պարգեւատրելու առումով Սերժ Սարգսյանի ճաշակն այս տարի ակնհայտ առաջընթաց է ապրել։ Եթե անցած տարի նա ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհեց Արմենչիկին, ապա այս տարի մեդալ տվեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանին։ Տարօրինակ է, սակայն, որ Մաթեւոսյանի միայն լուսանկարը կա նախագահականի կայքում, որտեղ երեւում է, թե ինչպես է երգիչը ջերմորեն փաթաթվել Սերժ Սարգսյանին։ Բայց թե ինչ մեդալի է արժանացել, որեւէ տեղ նշված չէ։



Հիշեցնենք, որ Արմենչիկին կոչում շնորհելն անցած տարի խիստ քննադատության ենթարկվեց, ու Սերժ Սարգսյանին երեւի խորհուրդ տվեցին այս տարի նշաձողը մի քիչ բարձրացնել եւ հիմա էլ ոչ թե, օրինակ, Թաթուլին տալ վաստակավորի կոչում, այլ մշակույթի ասպարեզում ավելի վաստակ ունեցող մեկին։ Իհարկե, դա բնավ չի նշանակում, որ հարսանիքներին մեր պետական վերնախավը չի շարունակելու պարել հենց Թաթուլի եւ Արմենչիկի երգերի տակ։



Հետաքրքիր է նաեւ պարգեւատրված մյուս քաղաքական գործիչների ցանկը՝ ՀՀԿ-ական պատգամավորներ Մկրտիչ Մինասյան, Արտակ Դավթյան, Հակոբ Հակոբյան, դաշնակցական Արմեն Ռուստամյան, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյան, ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյան։ Նրանք պարգեւատրվել են «Մխիթար Գոշ» մեդալով։ Այն իր կարգավիճակով ավելի ցածր է Հրանտ Մարգարյանի ստացած մեդալից, բայց պակաս արժեքավոր չէ։ Այս մեդալով պարգեւատրվում են ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաեւ դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության ասպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։



Խնդրեցինք մեդալակիր պատգամավորներին հիշեցնել մի քանի ակնառու դրվագ իրենց պետական, քաղաքական գործունեությունից, հանուն որի էլ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է իրենց։ Նրանցից մի քանիսի հետ չհաջողվեց երեկ զրուցել, օրինակ, Միքայել Մելքումյանի կամ, ասենք, Մհեր Շահգելդյանի։ Մեր զանգերին պատասխանեցին ՀՀԿ-ական երեք պատգամավորներ։



ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ հիմնադիրներից Մկրտիչ Մինասյանն ասաց, որ իր գործունեությունը մեր աչքի առաջ է, բայց կա բնագավառ, որից մենք քիչ ենք տեղյակ։ Խոսքը խորհրդարանական դիվանագիտության մասին է։ Մինասյանն արդեն 11-րդ տարին է՝ հայկական պատվիրակության ղեկավարն է ուղղափառ խորհրդարանականների միջխորհրդարանական վեհաժողովում։ «Բազում այլ ելույթներից, հարցադրումներից բացի, լրացուցիչ երկու կարեւորագույն հարց եմ ես առաջարկել, դրանք մտել են վեհաժողով, քննարկվել են, եւ որոշում է ընդունվել։ Երկու հարցն էլ կարեւորագույն նշանակություն ունեցող հարցեր են, մեկը Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, մյուսն էլ այն է, որ չորս տարի առաջ Փարիզում մենք Արցախի անկախության ճանաչման եւ Արցախի հարցի կարգավորման խնդիրը դրեցինք։ Եվ առաջին ու դեռեւս միակ միջազգային կառույցն է, որ որոշում ընդունեց՝ ազգերի ինքնորոշման իրավունքը գերադասելով բոլոր այլ իրավունքներից»,-իր կատարած աշխատանքը ներկայացրեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ նշելով, որ, իր կարծիքով, սա կարեւորագույն աշխատանք է։ Սա պատգամավորի առաջին պետական բարձր պարգեւն է։ Նկատեցինք, որ հատկապես մշակութային գործիչներից հաճախ կարելի է լսել, որ իրենք երբեք մեդալներ, պարգեւներ չեն ստացել, քանզի նրանց համար բարձրագույն պարգեւը ժողովրդի սերն ու գնահատանքն է։ Մինասյանն այս առումով ասաց՝ դա էլ տեսակետ է, որ գոյություն ունենալու իրավունք ունի. «Առավել եւս արվեստագետների համար, քանզի նրանք ազատ ստեղծագործողներ են, նրանց աշխատանքին բոլորն այլ աչքով են նայում, սիրում են, երգչի երգն են սիրում, պոետի բանաստեղծություններն են սիրում, նկարչի գեղանկարչությունն են սիրում եւ այլն»։ Իսկ քաղաքական գործչի ի՞նչն են սիրում։ «Քաղաքական գործչի պարկեշտությունը, բանիմացությունը, հանդուրժողականությունը եւ քաղաքական կուլտուրան»,-ասաց փորձառու քաղաքական գործիչը՝ նշելով նաեւ, թե որն է քաղաքական գործչի համար բարձրագույն պարգեւը. «Ժողովրդի գնահատանքը։ Բայց երբ պետությունն է գնահատում, դա առավել ընդգծում է քո պատասխանատվությունը քո երկրի, քո պետության, քո ժողովրդի առջեւ։ Ես հին սերնդի մարդ եմ, կարող է բառեր ասեմ, որ թվան՝ պաթետիկ բառեր են, բայց, հավատացեք, դրանք հոգու խորքից են բխում»։



ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ ԱԺ գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարծիք հայտնեց, որ ինքնագովազդի նման կհնչի, եթե ինքը փորձի հիշեցնել որեւէ ակնառու աշխատանք իր գործունեությունից։ Դրա համար կարծում է՝ ճիշտ կլինի, որ ինքը չներկայացնի։ «Ըստ էության՝ այն, ինչ երեկ կատարվեց, դրա նախաձեռնությունն ամենեւին իմը չի եղել, եւ այն, ինչ որ անելու լինես, նույն այդ ակնառու բառն էլ, համեմատության մեջ պետք է փորձեն նայել»,-ասաց պարոն Դավթյանը, ում կյանքում սա առաջին բարձրագույն պարգեւն է։ Թե ինչ արժեք ունի այն իր համար եւ ինչ զգացողություններ է առաջացրել, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Դա զգացողություն է, որ դժվար է նկարագրել։ Բազմիցս ես ներկա եմ եղել այդ պարգեւատրման արարողություններին, բայց առաջին անգամ էր, որ որպես պարգեւատրվող էի ներկա։ Անկախ ամեն ինչից՝ ավելի շատ պարտավորեցնող է»։ Իսկ ո՞րն է քաղաքական գործչի համար բարձրագույն պարգեւը, հարցրինք Արտակ Դավթյանին՝ կրկնելով Մինասյանին ուղղված հարցը։ Արդյոք հենց այս մեդա՞լն է, թե՞ ավելի բարձր պարգեւներ էլ կան։ «Գիտե՞ք, երբ ասում ենք՝ ժողովրդի սեր կամ նման այլ հասկացություններ, ընդհանրապես դա պետք է որոշակիորեն չափելի լինի։ Հիմա մեկի համար, երբ ինքը դուրս է գալիս փողոց ու մարդկանց հարգանքն է վայելում, դրանից ավելի մեծ պարգեւ չկա։ Սա չափելի է։ Բայց եկեք մեկը մյուսի հետ ուղղակի չհամեմատենք, որովհետեւ համեմատելու բան էլ չէ։ Անկախ ամեն ինչից՝ ցանկացած աշխատանք երբ գնահատվում է, դու ոչ միայն լավ ես զգում, այլ, նորից եմ ասում, դա զգացողություն է, որ բազմաթիվ դրական էմոցիաներ է արթնացնում»,-եղավ պատասխանը։



ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ՝ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը, որը հանրությանը հայտնի է «Թունելի Հակոբ» մականունով, մեզ հետ զրույցում ասաց, որ հարցն իրեն չէ, որ պետք է տանք։ «Քանի որ ես չեմ գնացել խնդրել, որ ինձ մեդալ կամ շքանշան տան, հարցը տուր նրան, ով այդ որոշումը կայացրել է»,-ասաց նա։ Իսկ որոշումն արդա՞ր է կայացվել, իսկապե՞ս ինքն ակնառու գործունեություն է ծավալել, պարոն Հակոբյանն ասաց. «Իմ գործունեության որակն ուրիշ է, դիմացինի որակավորումն ուրիշ է»։ Հետո ավելացրեց, որ լրագրողներն իրեն ճիշտ հարցեր չեն տալիս՝ մեդալը ճի՞շտ է, թե՞ ոչ։ «Ախր ինձ տվել են, ես չեմ ստացել»,-ասաց նա ու փակեց թեման։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ