Մանուկների համար գրելը թեթև գործ չես համարի

Մանուկների համար գրելը թեթև գործ չես համարի

Ռուսաստանում մեծ ճանաչում վայելող հայազգի գրող Նարինե Աբգարյանի առաջին հայերեն թարգմանությամբ «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գիրքը նախօրեին ներկայացվեց հայ ընթերցողներին։ Գիրքը հիմնված է «Հայֆիլմի» 1986 թ. համանուն մուլտիպլիկացիոն ֆիլմի վրա: Գրքի վրա աշխատել են նաեւ մուլտֆիլմի սցենարիստ Արմեն Վաթյանն ու նկարիչ Լեւոն Աբրահամյանը: Գրքի երեք համահեղինակների համագործակցության արդյունքում ստեղծվել է տպավորիչ եւ գունեղ մի գիրք, որը 2014-ին ճանաչվել է լավագույն մանկական գիրքը՝ «Պապմամբուկ» մանկական գրքերի հարթակի կողմից: Եթե մանկական գրքերից շատերում հանդիպում են հսկաներ, որոնք հիմնականում մարմնավորում են բացասական, վախեցնող կերպարների, այստեղ գրողը երեխաներին հնարավորություն է տալիս մտերմանալու հսկայի հետ, հասկանալու նրան։ «Հսկան երեխաների նման անփույթ է, անկեղծ, բայց ինչ-որ մի պահից դառնում է նույնքան գեղեցիկ, ինչպես մյուս երաժիշտները, եւ, ինչպես բոլորը, նա էլ սկսում է գնահատել գեղեցկությունը։ Երեխաները հավատում են հրաշքներին, իսկ հսկան հենց այն հույսն է, որ հրաշքներ լինում են»,- ասում է Նարինեն ու ժպիտով նկատում, որ ինքն էլ է մի քիչ երեխա, գուցե հենց դրա համար են երեխաները սիրում իրեն. «Ես մի քիչ ինֆանտիլ մարդ եմ, երեւի դա է նաեւ, որ օգնում է ինձ ապրել այնպիսի բարդ քաղաքում, ինչպիսին Մոսկվան է։ Իմ տունը, որտեղ ես ծնվել եմ, որտեղ ապրում են իմ ծնողները, երեխաս, իմ մտերիմ ընկերները, ծանոթները, մարդիկ, որոնց ես սիրում եմ, հենց իմ հեքիաթն է»։ 



Նարինե Աբգարյանը հիշում է իր մանկության ամենատպավորիչ հեքիաթներից մեկը. «Դա չուկչաների հեքիաթներից էր, այնտեղ մի կին կետից երեխա էր բերել, ու ես անընդհատ պատկերացնում էի, թե ինչպիսին է այդ երեխան, երեւի մինչեւ 15 տարեկան այդ երեխան իմ ֆանտազիաների մեջ էր»։ Նարինե Աբգարյանն ունի թե մանուկների եւ թե մեծահասակների համար գրված գրքեր, ասում է՝ մանուկների համար գրելը թեթեւ գործ չես համարի, ավելին՝ երեխաներն ավելի շուտ եւ ավելի լավ են զգում կեղծիքը. «Երեխաները՝ դա մեծերն են, ուղղակի՝ փոքր, եւ նրանց հետ պետք է լինել ծայրահեղ ազնիվ, նվնվալով ու բարձրից չխոսել երբեք»։



Հիմա Նարինե Աբգարյանն աշխատում է իր համար լուրջ եւ ծանր գրքի վրա, դա լինելու է պատմվածքների ժողովածու Ղարաբաղյան պատերազմի մասին. «Այդ պատերազմը ես էլ եմ ապրել, զգացել, այդ ժամանակ բնակվում էի Հայաստանում: Նոյեմբերին նախատեսում եմ գնալ Արցախ՝ գրքիս համար լրացուցիչ նյութեր հավաքելու»:



Հեղինակի ինքնակենսագրական «Մանյունյա» գրքի հիման վրա սերիալ նկարահանելու ուղղությամբ այժմ Մոսկվայում աշխատանքներ են տարվում։ Բացի այդ, այս տարի լինելու է բեմականացում Մոսկվայի ամենակենտրոնական թատրոններից մեկում. «Ասեմ միայն՝ դա այն ռեժիսորն է, որ ես շատ էի ուզում, որ հենց նա բեմադրի «Մանյունյան», անունը դեռ չեմ կարող ասել, իսկ պրեմիերան կլինի հունվարի վերջին կամ փետրվարին»։ Խոսելով մրցանակների կարեւորության մասին՝ Նարինե Աբգարյանը նշեց, որ իր համար շատ հաճելի է, երբ հայկական թեմայով իր գրքերը ոչ միայն մրցանակներ են ստանում, այլեւ որ դրանք կարդում են ոչ միայն հայերը։



1993-ից ապրելով Մոսկվայում՝ Նարինե Աբգարյանն առաջին անգամ լայն հանդիսատեսին ծանոթ դարձավ 2010-ին՝ իր ինքնակենսագրական «Մանյունյա» գրքով: Այդ գրքով նա դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր, «Լեզու» անվանակարգում։ 2011թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսել Մանյունյայի պատմության երկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։ 2011թ. լույս է տեսել ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ՝ կարճ պատմությունների ժողովածուն), որն ստացել է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2012 թ. սեպտեմբերին լույս է տեսել «Սեմյոն Անդրեեւիչ. Տարեգրություն՝ խզբզոցներով» վիպակը։ 2013թ. ապրիլին Նարինե Աբգարյանն ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սեմյոն Անդրեեւիչ. Տարեգրություն՝ խզբզոցներով» գիրքը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ