Ո՞րն է լինելու մշակույթի նախարարության լիազորությունների նոր շրջանակը

Ո՞րն է լինելու մշակույթի նախարարության լիազորությունների նոր շրջանակը

Օրեր առաջ կառավարությունը որոշեց լուծարել քաղաքաշինության նախարարությունը, իսկ մշակույթի նախարարությունից էլ առանձնացնել մշակութային արժեքների պահպանումը եւ ստեղծել ճարտարապետության ու մշակութային արժեքների պահպանության կոմիտե։ Բացի նրանից, որ այս որոշումը միանշանակ չընդունվեց ոլորտի մասնագետների կողմից, այն նաեւ անակնկալ էր շատերի համար։ Մինչդեռ նմանօրինակ կառուցվածքային փոփոխությունների համար առնվազն եզրակացություններ են խնդրում ոլորտի մասնագետներից, քննարկումներ կազմակերպում, գնահատում ռիսկերն ու նպատակահարմարությունը։



Ո՞ր լիազոր մարմինը



Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կոնկրետ իրենց ՊՈԱԿ-ին ոչ ոք տեղյակ չի պահել նախանշվող փոփոխության մասին, եթե անգամ մշակույթի նախարարությանը տեղյակ են պահել, ու քննարկում է եղել, ապա ինքը դրա մասին նույնպես տեղյակ չէ։



Վլադիմիր Պողոսյանի կարծիքով, եթե խոսքը գնում է ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանության կոմիտե ստեղծելու մասին, եւ անվանումն էլ հենց այդպիսին է լինելու, ապա ճիշտ չէ, որ այն առանձնանա նախարարությունից։ Ճիշտ տարբերակն այն կլինի, եթե լինի ճարտարապետության եւ պատմամշակութային հուշարձանների պահպանության կոմիտե։ Ըստ Պողոսյանի՝ այստեղ տարբերությունը ոչ միայն անվանումների մեջ է, այլեւ նրանում, որ եթե մշակութային ժառանգությունը դուրս է գալիս մշակույթի նախարարությունից, դուրս է գալիս եւ գրադարանը, որովհետեւ գիրքը մշակութային արժեք է, թանգարանը, քանի որ թանգարանի հավաքածուն մշակութային արժեք է, արխիվը, որը նույնպես մշակութային արժեք է։ Արդյունքում մշակույթի նախարարությունում կմնա միայն արվեստը՝ կինոն եւ թատրոնը, որն աբսուրդ է։ «Թանգարանը, գրադարանը, հուշարձանը վերցնես նախարարությունից, այնտեղ մնում են միայն կինոն ու թատրոնը, իսկ դա աբսուրդ է, կինոյի ու թատրոնի համար մշակույթի նախարարությո՞ւն պահել, որի լիազորությունների շրջանակը միայն դա՞ լինի։ Մշակույթի նախարարությունում պետք է լինի եւ թանգարանը, եւ գրադարանը, իսկ հուշարձանների կոմիտեն դեռ սովետական շրջանում հենց այդպես էլ կոչվում էր։ 2-րդ խնդիրն այն է, թե այս դեպքում կոմիտեի լիազոր մարմինն ով պետք է լինի։ Սա շատ կարեւոր հարց է, որն առայժմ չենք պատկերացնում, պետք է սպասել ու տեսնել, քանի որ քննարկումներն Ազգային ժողովում գնում են, եւ այս երկու օրը կհաստատվի դա»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ այս պահին իրենց որեւէ քննարկման մեջ չեն ներգրավել, որեւէ կարծիք չեն հարցրել, եւ իրենք էլ միայն մամուլից են իմանում փոփոխությունների մասին։



Իսկ տեղյա՞կ են, թե իրենց՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ճակատագիրն ինչպես է դասավորվելու, մնալո՞ւ է նախարարության կազմում, թե՞ նորաստեղծ կոմիտեի։ «ՊՈԱԿ-ը լինելու է կոմիտեի կազմում, չի կարող 305 հոգանոց կոլեկտիվը, որի աշխատակիցների հիմնական մասը հուշարձանների պահապաններ են, դառնան քաղծառայող։ Ինչպիսի կարգավիճակ իրենք ունեն, այդ կարգավիճակով էլ պետք է մնան»։



Ինչ վերաբերում է մշակույթի արդեն նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի գնահատականին, թե մշակույթի նախարարությունն ավելի լավ կպահպանի հուշարձանները, քան ճարտարապետները, եւ այդպես կվտանգվի պատմամշակութային ժառանգության պահպանությունը, Վլադիմիր Պողոսյանը տարակուսում է. «Այսինքն՝ մշակույթի նախարարությունում ճարտարապետ չկա՞, հետո՝ հուշարձանները պահպանում են մասնագետները, անպայման չէ, որ ճարտարապետ լինի։ Ճարտարապետը նեղ մասնագետ է, իսկ պահպանության հետ կապված՝ որեւէ խնդիր չկա, մենք երկարամյա աշխատակիցներ ունենք, որ բավականին լավ պատկերացնում են համակարգը եւ իրենց աշխատանքը»։



Անելիք շատ կա, գործ անող չկա



«Փարիզ Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, անդրադառնալով քաղաքաշինության նախարարությունը լուծարելու փաստին, մասնավորապես նկատեց. «Ասել, թե քաղաքաշինության նախարարությունը լուծարվելու է, քանի որ նպատակահարմարությունը չենք տեսնում, սխալ է, ուղղակի նախարարությունը գործ չի արել իր ստատուսին համապատասխան, դա է պատճառը, որ չենք տեսնում արդյունքները եւ նպատակահարմարությունը, այլ ոչ թե նրա համար, որ անելիք չկա: Անելիքներ շատ կան, ուղղակի գործ անող չկա: Նարեկ Սարգսյանն այնպես է քանդել քաղաքաշինության բնագավառը, խառնաշփոթ ստեղծել, որ քաղաքաշինության նախարարության նպատակահարմարությունը, ցավոք, այլեւս տեսանելի չէ: Այդ նախարարությունը կարող է լուծարվել միայն այն պայմաններում, երբ քաղաքաշինության օրենսդրական դաշտն ապահովված է, կոդեքսն առկա է, եւ կա ոլորտը կարգավորող համապատասխան օրենսդրական դաշտը, երբ, ելնելով ՀՀ ռազմավարությունից, ավելի նպատակահարմար գտնվի այն միավորել մեկ ուրիշ նախարարության հետ: Այսինքն՝ եթե առաջնային են Հայաստանի համար տարածքային զարգացումը եւ ապակենտրոնացումը, այդ դեպքում քաղաքաշինության նախարարությունը պետք է միավորել տարածքային կառավարման հետ, եթե առաջնային է էկոլոգիան՝ բնապահպանության հետ: Նույն սկզբունքով կարող է միավորվել կապի եւ տրանսպորտի նախարարության հետ»:



Միայն պետության կապիտալ շինարարության փոքր ծավալը եւ փոքր երկիր լինելու հանգամանքը չեն կարող կանխորոշել քաղաքաշինության նախարարության պիտանի կամ ոչ պիտանի լինելը՝ համոզված է Մարիամ Խաչատրյանը, քանի որ քաղաքաշինությունը տեխնիկական, ադմինիստրատիվ, ֆինանսական միջոցների ամբողջություն է՝ ուղղված տարբեր ոլորտների (առեւտուր, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, տուրիզմ) զարգացմանը, որի արդյունքում ունենում ես 21-րդ դարի տվյալ ժողովրդի աշխարհագրական դիրքին համապատասխան քաղաքային, գյուղական բնակավայրեր ու միջավայր: «Հայաստանը 25 տարի է, որ անցել է կապիտալիստական տնտեսական հարաբերությունների, եւ 25 տարի է՝ քաղաքաշինության նախարարությունն այդպես էլ չմշակեց քաղաքաշինության կոդեքս՝ քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտ, ենթաօրենսդրական ակտերի տրամաբանությունն ուղղորդող գերակա օրենսդրական ակտ, ուր կկանոնակարգվեր իրավաբանական (նորմատիվային) դաշտը՝ գործող շուկայական հարաբերությունների եւ մասնավոր սեկտորի համար, ինչպես նաեւ պետության դերակատարության սահմանները, լիազորությունները: Չմշակվեցին քաղաքաշինությունը կարգավորող ուրիշ ակտեր եւ օրենքներ նույնպես: Նախագծեր անելիս շարունակում են գործել սովետական նորմերը»:



Մարիամ Խաչատրյանի կարծիքով, քաղաքաշինության նախարարությունը դարձնել ճարտարապետության եւ մշակութային արժեքների պահպանության կոմիտե, նույնպես սխալ է. «Պետք է ի վերջո հասկանալ, որ քաղաքաշինությունը դա ճարտարապետություն չէ: Եվ պետք է վերացնել այն կարծրատիպը, որ ճարտարապետները պետք է զբաղվեն քաղաքաշինությամբ: Մեկ դար է արդեն, որ աշխարհում քաղաքաշինությամբ զբաղվում են ավելի շատ սոցիոլոգները, անտրոպոլոգները, գեոգրաֆները, տրանսպորտի ոլորտի մասնագետները, քան ճարտարապետները: Իսկ ճարտարապետները պետք է լուրջ քաղաքաշինական կրթություն ստանան, որից հետո նոր իրենց թույլատրվի քաղաքաշինությամբ զբաղվել։ Այս ամենը Հայաստանում բացակայում է, մինչդեռ արտասահմանում քաղաքաշինական բնագավառում աշխատող սոցիոլոգները, անտրոպոլոգները, գեոգրաֆները, տրանսպորտի ոլորտի մասնագետները լիարժեք մասնակից են գործընթացներին եւ ոչ թե ճարտարապետների քմահաճույքների կամակատարներն են»:



Ըստ Մ․ Խաչատրյանի, Հայաստանին պետք է պրակտիկ, կենսագործ քաղաքաշինությունն ուղղորդող օրենսդրություն՝ զուրկ վերացական եւ ընդհանուր դրույթներից, որոնք առանց շահարկելու հնարավորություն կտան լծակները հստակորեն կարգավորել: «Եվ պետք չէ մոռանալ, որ քաղաքաշինությունը կարգավորիչ դեր ունի, որը Հայաստանում, ցավոք, վերածվել է խառնակչի դերի, որից ուզում են ձերբազատվել: Քաղաքաշինության նախարարությունը լուծարելու տեղը պետք է իրեն պարտադրել, որ իսկապես աշխատի, օրենսդրական դաշտ ապահովի, ոչ կոմպետենտ նախարարին եւ իր թիմը փոխելով՝ շարունակվելու է Հայաստանն էլ ավելի քաղաքաշինական սխալներով ողողելը, որը կամա թե ակամա բացասական է անդրադառնալու նաեւ մյուս բնագավառների վրա»:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ