Կարելի է հասարակական շարժումը դարձնել քաղաքական. Ազատ Արշակյան

Կարելի է  հասարակական շարժումը դարձնել քաղաքական. Ազատ Արշակյան

Գերագույն խորհրդի պատգամավոր, «Կարմիր բերետներ 5165» ՀԿ-ի կամավորական ջոկատի փոխհրամանատարն Ազատ Արշակյանի փոխանցմամբ` եթե իրենց գործերը այնպիսի ընթացք ստանան, որ կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությունը լինի, ապա կուսակցություն կստեղծվի, բայց հիմա դեռ ոչ, որովհետև դա իր ցանկությունով չէ. «Եթե այնպիսի ընթացք ստանա, որ նախաձեռնող խումբը, որի մեջ ես կամ, կարելի է և հասարակական շարժումը դարձնել քաղաքական: Առայժմ հասարակական շարժում է, թե ինչ ընթացք կստանա, դա հանգամանքներից է կախված: Բարդ խնդիրներ կան, եթե դրանք տանեն քաղաքականացում, ուրեմն երևի կդառնա քաղաքական այդ հասարակական միջոցառումը»:



Մեր այն հարցին՝ տեղեկություններ կան, որ Պնախարար Սեյրան Օհանյանը իր պաշտոնանկությունից հետո միանալու է իրենց, Արշակյանը պատասխանեց, որ դրա մասին ինքը տեղյակ չէ, բայց իրենք՝ Կարմիր բերետներ կամավորական շարժումը, պաշտպանության նախարարության հետ համագործակցում են, երբ որ անհրաժեշտ է լինում, այդ չափով իրենք կապի մեջ են ՊՆ-ի հետ, իսկ Սեյրան Օհանյանի անձնական ծրագրերից տեղյակ չեն. «Ես էլ եմ ինչ որ բաներ լսել, որ պաշտոնաթողությունից հետո որոշ զինվորականներ մտնեն քաղաքական դաշտ, ես դա լսել եմ, բայց դրանք ընդամենը սուրճի սեղանի շուրջ խոսակցություններ են: Կոնկրետ Սեյրան Օհանյանի համար չեմ կարող ոչինչ ասել»:



Ազատ Արշակյանի խոսքերով՝ հաճախակի հանդիպումներ են  կազմակերպում, որին մասնակցում են նաեւ արտերկրի իրենց  համակիրները, նաև Հայաստանում գտնվող սփյուռքահայերը. «Պարբերականությունը չեմ կարող ասել, գրեթե ամեն օր, տարբեր խմբերի հետ, ասենք, օրինակ՝ Ռուսաստանից, Ուկրանիայից, դե էլ չեմ ասում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից… Բոլորը մտահոգված են Հայաստանի այսօրվա վիճակով և մի զգալի մասը սփյուռքահայերի անկախության տարիներին հեռացածներն են, այսինքն՝ անմիջականորեն կապված են, նրանք մեր հարազատներն են, մեր ընկերներն են, մերոնք են: Խնդիր է դրված՝ Հայաստանը դարձնել կենսունակ, այդ ճանապարհներից մեկը, մեր բոլորի կարծիքով այն է, որ Սփյուռքը պետք է ներգրավվի Հայաստանի կյանքին, մենք պետք է մասնակցենք նաև սփյուռքահայության կյանքին, ազգապահպանության գործին, լեզվի, մշակույթի, ինչու չէ նաև օգնել ինչ որ հարցերում, օրինակ՝ սիրիահայությանը լուրջ օգնություն կարող ենք ցույց տալ, իսկ նրանք էլ մեզ կարող են օգնել. ներգրավվածություն, այս բառն ենք շեշտում, մենք լինենք իրենց հետ, իրենք լինեն մեր հետ: Ուրեմն դա արդեն տարբեր բաղադրիչներից է բաղկացած, օրինակ՝ Ուկրանիայի սփյուռքին ինչն է հետաքրքիր Հայաստանում, իրենք ինչպիսի մասնակցություն կարող են ունենալ Հայաստանի տնտեսության առողջացման, քաղաքական հանդուրժողականության և բարձրակարծության հարցում: Բավականին լայն է սպեկտորը քննարկումների»: Արշակյանը նաև նշեց, որ իրենց նպատակը սփյուռքում գտնվող հայերին հայրենիք վերադարձնելն է:



Մեզ հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր)՝ «Կարմիր բերետներ 5165»-ՀԿ-ի հիմնադիրը հերքեց կուսակցություն ստեղծելու մասին լուրերը՝ նշելով, որ նման ցանկություն չունեն, իրենք հասարակական կազմակերպություն են: